Օրերս տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին։ Դավիթ Ադյանն այնուհետև հերքել էր իրեն ձերբակալելու լուրը՝ չմեկնաբանելով հորեղբոր որդու՝ Սամվել Ադյանի ձերբակալման լուրը։ Դրան հաջորդեց ՊՎԾ խոսնակի կցկտուր մեկնաբանությունը, որից պարզ դարձավ, որ ձերբակալվել է ՊՎԾ 2 աշխատակից, որոնց նույնականացնող տվյալներ չեն հաղորդում վերջիններիս սահմանադրական իրավունքը՝ անմեղության կանխավարկածը չխախտելու սկզբունքով պայմանավորված:
Այս պատմության մեջ ուշագրավն սակայն այլ բան է: ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Նույն մրցույթի գործով էլ ԱԱԾ–ում հարցաքննվել է մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Կարապետյանը։ ԱԱԾ–ում ամենայն հավանականությամբ նյութեր են նախապատրաստվել «Հետք» կայքում հրապարակված ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո։ Հիշեցնենք, որ «Հետքի» հետ զրույցում «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Խոսքը վերաբերում է Հեմոդիալիզի պարագաների մրցույթին։
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հայտարարած մրցույթում ըստ կայոքի՝ հաղթել է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Հունվարի 16-ին, օրենքի պահանջի համաձայն, Վանաձոր ԲԿ-ն հայտարարել է հեմոդիալիզի պարագաների մրցույթ։ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն առաջարկել էր մրցույթում կատարել տիպային փոփոխություններ, օրինակ, փոխել մանրէազերծման մեթոդը՝ ավելացնելով այդ չափաբաժինների մեջ գամմա-ճառագայթմամբ ախտահանումը:
2019թ. հունվարի 15-ին մրցույթ է հայտարարել նաեւ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն։ Այս անգամ Սամվել Ադյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին է առաջարկել փոփոխություն կատարել հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված մրցույթի 4 չափաբաժնում: Տեխնիկական բնութագրերի փոփոխությունից հետո մրցույթին մասնակցել է «Զորաշեն» ՍՊԸ-ն եւ գնային չնչին տարբերությամբ հաղթող է ճանաչվել։ Եվ միայն դրանից հետո պարզվել է, որ ներկայացված պարագաները մանրազերծում են ռադիացիոն բետտա եղանակով, ինչը համարվում է մրցույթի խախտում։
Այսինքն խոսքը գնում է գնումների գործընթացում առերևույթ չարաշահման մասին, ընդ որում՝ մի կառույցում, որի բուն նպատակը և գործառույթը պետք է լիներ նմանատիպ չարաշահումները կանխելը: Այս պատմության մեջ մյուս ուշագրավ հարցը այն է, թե որքանով էր այս մութ պատմության մեջ ներգրավված ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը: Տեղեկությունները, որ վերջինիս կարող են պաշտոնանկ անեն, նույնիսկ կալանավորեն նոր չեն հայրենական տեղեկատվական դաշտում, սակայն վերոնշյալ դեպքից հետո են այդ տեղեկությունները հիմնավոր վարկածի վերածվում և իսկապես չի կարելի բացառել, որ Սանասարյանի նկատմամբ իշխանությունները պատժիչ քայլեր ձեռնարկեն, թեկուզ հենց միայն այն պատճառով, որ իր կառույցի աշխատակիցները լուրջ կասկածի տակ դրեցին վարչապետ Փաշինյանի՝ «Հայաստանում այլևս կոռուպցիա չկա» հայտարարությունը:
Գաղտնիք չէ նաև այն, որ ՊՎԾ վարչության պետ Ադյանը, ով նաև հիվանդանոցներում ստուգող հանձնաժողովի նախագահն է եղել, օգնել է «Զորաշեն» ՍՊԸ-ին հաղթել մրցույթը, քանի որ նույն Ադյանը, ժամանակին աշխատել է այդ ընկերությունում և ղեկավարի հետ բավականին մոտ հարաբերությունների մեջ է:
Ըստ երևույթին հեղափոխության ընթացքում քայլածները և այնուհետև պետական գերատեսչությունների տաքուկ գրասենյակներում հանգրվանած երիտասարդները իսկապես չդիմացան գայթակղությանը, դրանով իսկ լուրջ հարվածի տակ դնելով այն հեղափոխական արժեքները, որոնց համար քայլում էին…
iPress.am