Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Հովտաշենի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Արևիկ Ս․-ն իր վարած «OMODA» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, քաղաքացիների հետ ուղղել այն և տեղում իրականացրել են հերթապահություն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները օպերատիվ տեղեկություն են ստանում, որ մեկ այլ ավտոմեքենա հարվածել է «OMODA»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տաք հետքերով պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ․ Բաբաջանյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզում են՝ ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա է և նրան հայտնաբերում են ու ավտոմեքենայով տեղափոխում ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդին ներկայացնում ոստիկանության Մասիսի բաժին։
