Սա արդեն լուրջ է. մեծ պատերազմից «հինգ» րոպե պակաս

Սա արդեն լուրջ է. մեծ պատերազմից «հինգ» րոպե պակաս

Հասարակական Ipress 2022-02-20 00:12:00 1041
paterazm_dFDFq.jpg

1in.am- Ինքնահռչակ Դոնբասի ղեկավարությունը հայտարարել է, որ սկսել է բնակչության կազմակերպված զանգվածային տարհանում դեպի Ռուսաստան՝ Ռոստովի մարզ: Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել ապահովել տարհանվածներին կացարանով: Ըստ նույն աղբյուրի, Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջիկայում կտա գրոհի հրաման:

Անկասկած է, և այդ մասին խոսել եմ բազմիցս, որ Ուկրաինայի ուղղությամբ ռազմական սցենարի գործադրման դեպքում Ռուսաստանը գործելու է «Ուկրաինայի գրոհ-սադրանքին ստիպված պատասխանելու» քարոզչական ծածկով: Ուկրաինայի շուրջ հյուսված ռազմա-քաղաքական բարդագույն «փասիանսը» կարծես թե մոտենում է հանգուցալուծման, ընդ որում՝ վատագույն կամ վատթար սցենարով՝ ռազմական տարբերակով: Համենայնդեպս, Դոնբասի բնակչության տարհանման քայլը թերևս որքան որ կարող է լինել ցուցադրական քաղաքական քայլ, այսպես ասած հոգեբանական ճնշում հակառակորդի վրա՝ նրան քաղաքական զիջման մղելու համար, նույնքան էլ դա կարող է լինել իրապես ռազմական գործողությունից, այն էլ բավականին մասշտաբային գործողությունից առաջ արվող վերջին քայլ: Ընդ որում, դա տեղի է ունենում Ռուսաստանում ռազմավարական հեռահարության միջուկային սպառազինության վարժանքներ կազմակերպելու մասին հայտարարությանը զուգահեռ, որ ըստ Մոսկվայի հաղորդագրության մեկնարկելու է փետրվարի 19-ին: Մոսկվայի և Դոնբասի տեղեկությունների ֆոնին, հայտնվեց տեղեկություն Ուկրաինայի պաշտպանության նախարարության աղբյուրից, որ Ուկրաինայի սահմանին կուտակված  ռուսական զինուժի ստորաբաժանումները ստացել են ռազմական առաջադրանքներ՝ ընդհուպ առանձին օղակների մակարդակով:

Այդպիսով, ակնհայտ է, որ ուկրաինական ուղղությամբ իրավիճակը ընդհուպ մոտեցել է լայնամասշտաբ բախման և շատ դժվար է պատկերացնել դրանից խուսափելը, թեև փետրվարի 18-ին Մոսկվայում ընդունելով Լուկաշենկոյին, Պուտինը կարծես թե ակնարկեց, թե լարվածությունից խուսափելու տարբերակը այն է, որ Կիևը ուղիղ բանակցություն սկսի Դոնբասի հետ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը դա համարում է քաղաքական մահվան հավասարազոր, կտրականապես հրաժարվելով այդ տարբերակից: Կհաջողվի՞ խուսափել մեծ բախումից, ինչպե՞ս կօգտագործեն վերջին «հինգ րոպեն» խոշոր խաղացողները, չափազանց բարդ է ասել: ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, ՆԱՏՕ-ն կոչ են անում Ռուսաստանին շարունակել բանակցությունն անվտանգության հարցերի շուրջ, սակայն Մոսկվան հայտարարում է, որ պատասխանները չեն բավարարում իրեն և իր պայմաններից որևէ մեկի հարցում չկա ընդառաջ քայլ: Այդ ամենին Հայաստանում հետևում են բավականին տագնապալից հայացքով, միանգամայն հասկանալի քաղաքական և ռազմա-քաղաքական պատճառներով:

Բանն այն է, որ Ուկրաինայի ուղղությամբ մեծ բախումը լի է Կովկասում բավականին մեծ ռիսկերով ու մարտահրավերներով, որոնք առանց այդ էլ մեղմ ասած քիչ չեն: Միաժամանակ, խնդիրները լոկ անվտանգային չեն: Այստեղ կան այլ էական հարցեր: Մասնավորապես, ռազմական բախման դեպքում հաջորդելու է խիստ պատժամիջոցների փաթեթ Ռուսաստանի նկատմամբ: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կյանքում Ռուսաստանի բազմաշերտ դերը, այստեղ առաջանում են ռիսկեր: Արդյո՞ք Մոսկվան հոգացել է տնտեսական պատժամիջոցների դեպքում անվտանգության բարձիկի մասին: Արդյո՞ք Պուտինն այդ խնդիրը փորձել է լուծել Չինաստանի հետ բանակցությամբ, ուր մեկնել էր ձմեռային օլիմպիադայի մեկնարկին: Ի դեպ, օլիմպիադան ավարտվում է երկու օր անց՝ փետրվարի 20-ին: Փաստորեն, Ռուսաստանը «չհարամեց» չինական օլիմպիադան, ինչն ըստ տարբեր ոչ պաշտոնական աղբյուրների՝ Պուտինին խնդրել էր Սի Ցզինպինը: Արդյո՞ք Չինաստանը խոստացել է օգնել տնտեսական խնդիրների պարագայում, պայմանով, որ Պուտինը հարձակումը հետաձգի օլիմպիադայից հետո: Շատ բարդ է ասել, հատկապես նաև այն փորձագիտական գնահատականների պարագայում, որոնց հեղինակները համոզմունք են հայտնում, որ Սի Ցզինպինը չի աջակցել ռազմական գործողության Պուտինի մտադրությանը:

Հայաստանի համար գլխավոր, հիմնարար հարցը սակայն այն է, որ մեծ բախման պարագայում առաջանալու է բաժանարար շատ կոշտ գծի ձևավորման վտանգ, երբ Հայաստանի առաջ կարող է կանգնել գծից այս կամ այն կողմ լինելու մեղմ ասած խիստ անցանկալի հարց: 2014-ին իրավիճակը դարձյալ սուր էր նույն տրամաբանությամբ, սակայն չհասավ մի աստիճանի, երբ Հայաստանի առաջ կանգնի այդ «դիլեման»: Չնայած տեղի ունեցավ Հայաստանի ու Արևմուտքի հարաբերության որոշակի ճգնաժամ և վակուում, այդուհանդերձ իրադարձությունների հետագա զարգացումը բերեցին լիցքաթափման: Կհաջողվի՞ «լողալ» այս անգամ, երբ Հայաստանի ոտքերից «կախված» են հետպատերազմյան ծանր «կշռաքարեր»: Մի բան անկասկած է, որ Հայաստանն այդօրինակ «դիլեմայից» զերծ պահելու, իսկ վտանգի դեպքում էլ այդուհանդերձ առավելագույնս անվտանգ, կայուն և բարեհաջող «լողի» հարցում օժանդակելու պատասխանատվությունն այս փուլում բոլոր հասարակական-քաղաքական միավորների վրա է՝ իշխանությունից մինչև ամենատարբեր պրոֆիլի և դիրքավորման ուժեր, անկախ նրանց քաղաքական և գաղափարական կողմնորոշումներից, ճաշակներից և միմյանց հանդեպ վերաբերմունքից:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը