Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

Հասարակական Ipress 2020-08-05 17:06:00 3819
korona_atjjo.jpg

Երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացած մորաքրոջ որդու մարմինը ճանաչելու համար «դիահերձարան» գնացած Անահիտ Հարությունյանը չի կարողանում մոռանալ տեսածը՝ անմարդկային, ոչ սանիտարական պայմաններ, սարսափ։ Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների մարմինները չեն հերձում։ Այս մասին գրում է panorama.am–ը։ 

«Եղբորս մարմինը տեղափոխել էին Թոքաբանության ազգային կենտրոնի տարածքում գտնվող դիարհերձարան կոչվող շենքը։ Ինչպես հասկացա, այստեղ են բերում Քովիդից մահացածների դիերը։ Ես եմ անձամբ գնացել, այն ինչ տեսա սարսափ էր։ Մարդկանց մարմինները, սև տոպրակների մեջ անցկացրած, ընկած էին գետնին»,- տեսածի մասին Panorama.am-ին պատմում է Անահիտը։

Նրա խոսքով, դիահերձարանի շենքը սովետական քայքայված շինություն է, իսկ ներսում կատարվողն ուղղակի անհարգալից վերաբերմունք մահացածների ու նրանց հարազատների նկատմամբ։

«Լավ, հասկանում եմ, տարածք չեն կարողացել շատ արագ գտնել, բայց մի՞թե հնարավոր չէր երկու հոգու վարձել, մի սենյակն ուղղակի սպիտակեցնել, տասը հատ տապչան դնել ու մահացածներին դրանց վրա շարել։ Կիսախարխուլ շենքի ջարդված դուռը բացվում է, ու դու գետնին տեսնում ես սև տոպրակներ։ Սկզբում չհասկացա, թե ինչ են, հետո դիմացս դուրս եկավ կոմբինիզոնով ու դիմակով մի մարդ, վրան ամբողջությամբ արյան հետքեր։ Ուզում էի հասկանալ, էս ո՞ւր եմ եկել, սպանդանո՞ց։ Ներս մտա, տեսնեմ սև տոպրակներում մարդիկ են»,- նկարագրում է մեր զրուցակիցը։

Նա զարմացած է՝ եթե հիվանդությունն այնքան վտանգավոր է, որ  նույնիսկ դիահերձում չեն կատարում, ապա ինչո՞ւ դիահերձարան մտնելիս իրեն միայն դիմակ ու ձեռնոց տվեցին։

«Քույրս հարցնում է՝ ապակու հետևի՞ց են ցույց տալիս մահացածներին,  ասում եմ՝ ի՞նչ ապակու հետևից, մահացած մարդիկ ընկած էին ոտքերիս տակ։ Այնպես չէր, որ հերթով մարմինները շարված էին։ Ուղեկցողի ձեռքի շարժումից ես հականում եմ, որ ոտքիս մոտ ընկած դին իմ եղբայրն է։ Տեսնում եմ՝ բերանը բաց, ինչպես որ մահացել է։ Հասկացանք, չեք դիահերձում, բա մի հատ նորմալ տեսքի չբերե՞ք։ Գիտեն, որ տվյալ մարդու հարազատը գալիս է ճանաչելու մարմինը, գոնե նրան հատակից բարձրացնեն, մի սեղանի վրա դնեն։ Հոգեբանական առումով ես ահավոր վիճակում եմ։ Անընդհատ բաներ եմ փնտրում, որ արդարացնեմ իրավիճակը, բայց արդարացնելու ոչ մի բան չկա։ Էդ պահին եղբորս քթից արյուն է գնում, ինձ ասում է՝ կներեք, քիթը մաքրում է, ու նույն ձեռքով գրիչ է տալիս, որ գրեմ՝ «ճանաչեցի եղբորս»։ Առանց այդ էլ դիահերձարան գնացող հարազատը շոկի մեջ  է, թե ոնց վրա հասավ մահը, դա էլ չգիտենք, երեք օր առաջ լրիվ նորմալ մարդուն ռենտգեն են անում, ասում են՝ ամեն ինչ լավ է»,- ասում է նա։

Անահիտը սրտի ուղեկցող հիվանդություններ ունեցող 64-ամյա եղբոր հիվանդության արագ բարդացման ու վրա հասած մահվան համար մեղադրում է պոլիկլինիկայի բժշկին, ով անուշադիր է եղել։ Նրա խոսքով, ռենտգենի պատասխանում նշված է եղել՝ նոր սկսվող երևույթներ կան, թերապևտն ալարել է երեք տող կարդալ, միայն վերջին տողն է կարդացել։

«Երեք օր հետո երբ գնացել են Էրեբունիի պոլիկլինիկա, եղբորս ուշքը գնացել է... Իր ոտքով է գնացել, ասել է՝ վատ եմ, լավ չեմ շնչում։ Մինչև էս կողմ-էն կողմ են արել, ուշաթափվել է, շտապ օգնություն են կանչել, տարել են «Էրեբունի» հիվանդանոց։ ԿՏ են արել, ասել են թոքերի 70 տոկոս ախտահարում։ Բժիշկը եղբորս երեխեքին մեղադրել է՝ էս ի՞նչ բարձիթողի վիճակ է։ Զարմացել են՝ ո՞նց թե բարձիթողի, երեք օր առաջ ենք ռենտգեն արել, ասել են՝ ամեն ինչ նորմալ  է։ Բժիշկն էլ պատասխանել է, թե ռենտգենը ցույց չի տալիս։ Եթե ռենտգենը ցույց չի տալիս, ինչի՞ են ռենտգեն անում։ Մահվանից հետո գնացինք թղթերը վերցնելու, պարզվեց՝ ռենտգենն ասել է թոքաբորբի սկսվող պրոցեսներ կան։ Թերապևտն ալարել է կարդալ»,- պատմում է մահացածի քույրը։

Հիվանդանոց տեղափոխվելիս տղամարդը թեստավորված չի եղել, սակայն ԿՏ-ի պատասխանում նշված է եղել կորոնավիրուս։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, մենք եղբորս մահվանից հետո երկու օր սպասել ենք, որ համակարգով տեղեկացնեն, մարդը մահացել է, թեստի պատասխանը տվեք, որ մորգ ուղարկենք։ Զանգում ենք, ասում ենք, մեր  հարազատի մարմինն ի՞նչ եք անելու, ասում են՝ սպասում ենք պատասխանին»,-մանրամասնում է Panorama.am-ի զրուցակիցը՝ այս ամենը վերագրելով ոչ համակարգված աշխատանքին։

Անահիտը պատմում է, որ եղբոր մահից հետո թեստավորել են  նրա յոթ հոգուց բաղկացած ընտանիքի միայն երկու անդամներին։ Թեստի պատասխանները դրական են եղել։

«Պարետատան ոչ համակարգված աշխատանքի պատճառով իմ մորաքրոջ ընտանիքն անընդհատ սթրերս է տարել։ Մեկուսացման ընթացքում զանգահարել են երեք անգամ, խնդրել են փոխանցել մահացած եղբորս։ Ստացվում է, որ իրենք ոչ միասնական բազա ունեն, ոչ էլ դրանք թարմացվում են։ Նույն համարին 5 րոպե տարբերությամբ զանգում են տարբեր մարդիկ, նույն հարցերը տալիս։ Ասում են՝ վայ ինքնամեկուսացած եք, 7 հոգի եք, ձեզ սնունդ պետք կլինի, քիչ հետո ձեզ կզանգեն, որ սնունդ բերեն։ Ու էդ զանգելն էր, որ պետք է զանգեին, ոչ մեկ չզանգեց ու չհետաքրքրվեց»,- անցածը վերհիշում է Անահիտը։

Նա խոստովանում է՝ այս մասին մտադիր չէր խոսել, քանի դեռ չէր տեսել Թորոսյանի հրամանը»,– գրում է կայքը։

«Ես չէի էլ ուզում գրել, խոսել այս ծանր թեմայի մասին, բայց որ տեսա Արսեն Թորոսյանի հրամանը՝ թաղումից հետո լվացվողների սրբիչները փոխելու մասին, զայրացա։ Մառազմ է։ Էլ անելու բան չկա»,- բարկանում է նա։

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են