Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հարցազրույց է տվել Irakanum.am կայքին և պատասխանել պատերազմի, պարտության, իր դեմ մահափորձի ու նոր պաշտոնի մասին հարցերին։
Նա նշել է, որ պատերազմի ժամանակ հայկական բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: «Ինքս եմ ականատես եղել նրանց կողմից կատարված բազմաթիվ սխրագործությունների»,– նշել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը:
Հարցին, թե ինչու է մինչև հիմա լռել, Հարությունյանը պատասխանել է. «Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես զինվորական եմ, և այն, ինչ այդ ընթացքում և դրանից հետո հայտարարեի, պարունակելու էր ռազմական և պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաեւ մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները և ակամայից ստացվելու էր թշնամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որեւէ պարզաբանում կամ մեկնաբանություն տրամադրելու»:
Խոսելով պատերազմում կրած պարտության մասին` Հարությունյանը մասնավորապես ասել է, որ հակառակորդը միայնակ, առանց վարձկան ահաբեկիչների, Թուրքիայից, Պակիստանից բերված ուժերի, չէր կարող հասնել իր նպատակին: Իսկ ուժերի անհավասարությունը հօգուտ հակառակորդի կտրուկ մեծ է եղել հենց առաջին օրվանից:
Հարությունյանը նաև չի հերքել, որ պատերազմի ընթացքում եղել են գեներալների, սպաների, զինվորների, կամավորների փախուստի դեպքեր, որոնք իրենք փորձել են ամեն կերպ կանխել, եղել են նաև ձերբակալություններ, որպեսզի դրանք չտարածվեն ամբողջ զորքի վրա:
Խոսելով իր դեմ կտարված մահափորձի մասին` Հարությունյանը հաստատել է, որ հակառակորդն առանց ուղղորդման էլ կարող էր իրականացնել այն։
«Կապի միջոցների անվտանգությունը պահպանված է եղել, բջջային հեռախոսներն ընդհանրապես անջատված էին, մեքենան փոխված էր: Բոլոր այդ անվտանգային միջոցառումները պահպանված էին, ուղղակի չի բացառվում, որ իրենք լրացուցիչ այլ սարքեր ունեին, որոնցով կարողացել են տեղորոշել»,– ասել է նա:
Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին ու սահմանազատման աշխատանքներին` ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ մեր այսօրվա և վաղվա անելիքները ուղղված են լինելու Ադրբեջանի դեմ, և որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հետ վերականգենք այն ինչ կորցրել ենք: «Մեր գլխավոր նպատակն է՝ բանակն ավելի հզորացնել, ունենալ նոր սպառազինություն, ժամանակակից տեխնոլոգիաներ»,– ասել է Հարությունյանը:
Հիշեցնենք` Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Գեներալն այդ պաշտոնում իր աշխատանքը դիտարկում է որպես հայրենիքին ծառայելու, օգուտ տալու հնարավորություն` նման որոշում կայացնելը ճիշտ համարելով:
