Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանը միացել է Գորիսի ճանապարհը փակած ցուցարներին։
«Բոլորիս պահանջն այն է, որ թուրքը չհասնի մեր սահմանը, նույնիսկ, եթե մեր վերադասը տարածք է տալիս, թող չեզոք գոտի տա։ Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ Կուբաթլու-Զանգելանի հարցը չի եղել, հակամարտության կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում, մեր ասածը սա է»,- նշեց Օհանջանյանը։
Որոտանի վարչական ղեկավարն ասաց, եթե մի տարածք տալիս ես, ստիպված ես լինելու էլի տալ։
«Կամաց-կամաց ինչ ասեն, մենք իրենց լսե՞նք։ Միանգամից թող ասեն՝ գրողի ծոցը գնացեք, գնանք։ Պուտինը սիրունի ասի՝ եկեք Ռուսաստան ապրեք, գնանք, ապրենք, էս էլ տանք իրենց, պրծնենք։ Երեւանում նստելը մարդկանց հեշտ է։ Եթե Սյունիքը տվինք, Երեւանի համար էլ են իրենք դուռը ծեծելու՝ տուկ-տուկ։ Մեր ասածն այն է, որ գոնե եթե տալիս են, չեզոք գոտի տան, հեռու հատված տան»,- նշեց վարչական ղեկավարը։
Նշենք, որ ըստ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի՝ ՊՆ-ից հրաման է իջեցվել, որ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։
