«Ես կգնամ հրադադարի, եթե...»

«Ես կգնամ հրադադարի, եթե...»

Քաղաքական Ipress 2020-05-02 13:25:00 11589
Հետևեք մեզ՝ Telegram-ում
artur-danielyan_9iy7U.jpg

Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Որդիս արդեն համարյա 8 տարեկան է: Էդ էն տարիքն է, երբ ծնողն ու երեխան սկսում են տրանսֆորմացվել հոր ու որդու: Շփման նոր օրակարգեր են առաջանում` սեռով պայմանավորված միջոցառումներ ու շփումներ: Հետևաբար նաև երեխայի բնավորությունն է ավելի հստակ ուրվագծեր ստանում: Էս կարանտինը թույլ տվեց ահագին ժամանակ անցկացնել հետն ու մի սարսափելի բան նկատել․ տղես շատ եսակենտրոն ա:

Ընդ որում, դա ոչ թե դաստիարակչական բաց է, այլ բնավորություն, խասյաթ: Լավն ա, բարի ա շատ, ջիգյարով ա, բայց նաև շատ էգոցենտրիկ, երբեմն ոչ նրբանկատ ու, դե, հետևաբար առաջնորդական հակումներով:

Էս ամենում սարսափելին այն է, որ իրեն հետևելիս ես շատ պատկերավոր կերպով տեսնում եմ այն ամենը, ինչում ինձ էին մտերիմներս մեղադրում վերջին 20 տարին, մինչդեռ ես համառորեն անտեսում էի այդ մեղադրանքները: Նենց ա ստացվել, որ ես ու որդիս իրարից գրեթե չենք տարբերվում` ոչ ֆիզիկապես, ոչ էլ, փաստորեն, ներքուստ: Իրոք որ, անքննելի են Աստծո ճանապարհները: Նենց հետաքրքիր ձևերով է նա երբեմն դասեր տալիս մեզ: Հիմա, երբ իրեն հետևում եմ ու երբեմն նույնիսկ վրդովվում իր վարքագծից, նույն պահին, ինձանից անկախ, սկսում եմ վերհիշել այն բազմաթիվ դրվագները, երբ ես լիովին նույն կերպ էի վարվում ինձ շրջապատող մարդկանց հետ: Հիմա պատկերացրեք իմ ապրումները, երբ ես տեսնում եմ այդ ամենը, բայց խիղճս թույլ չի տալիս իրեն նախատել, քանի որ իմ համեմատ նա դեռ հրեշտակ է:

Ընդ որում, ես շատ լավ գիտեմ, որ նախատեմ-չնախատեմ, դա չի փոխվելու, այնպես, ինչպես ինձ վրա ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս նախատինքները որևէ ազդեցություն չեն ունեցել: Խասյաթ ա: Այն ունի դրական և բացասական դրսևորումներ: Մարդիկ գիտեն, որ ամենաբարդ իրավիճակներում կարող են ինձ վրա հաստատ վստահ լինել: Ինձ ո՛չ կարող են վախեցնել, ո՛չ ճնշել, ո՛չ հունից հանել: Մենակով կարող եմ ամբողջ աշխարհի դեմ դուրս գալ կամ պաշտպանել նրան, ում պետք է պաշտպանել ամբողջ աշխարհի դեմ: Կարող եմ ու չեմ զլանում պայքարել բոլոր ճակատներով ու հաճախ շրջանակաձև: Պարզապես այդ ամենի արդյունքում հաճախ կողքիս կանգնածներին էլ է «բաժին» հասնում: Թերություն ա էդ անտերը, մեկ-մեկ լինում ա: Իսկ կրիտիկական իրավիճակներում, երբ «համակարգն» աշխատում է սեփական հնարավորությունների լիմիտի վրա, խոտանը կտրուկ աճում է, խաչաձև կրակի տակ են մնում քո զինակիցները: Ամերիկացիք դրան ասում են collateral damage (կողմնակի կորուստ):

Երկու օր առաջ սկիզբ առած «Ոդիսականի» մի դրվագ ինձ հիացրեց, համեստացրեց ու ստիպեց ևս մեկ անգամ խորհել բնածին հատկություններիս ու դրա արդյունքում` իմ հարազատներին, բարեկամներին, ընկերներին ու զինակիցներին հասցված «collateral demage»-ի մասին: Մարտերի ընթացքում, ինչ-ինչ անհաշվենկատ գործողությունների արդյունքում մարդկանց խաչաձև կրակի տակ եմ թողել: Հիվանդանոցում էի, արտաքին աշխարհից որևէ տեղեկություն չունեի, ինձ հերթական անգամ շատ կոշտ կերպով ձերբակալել էին ու շտապօգնություն էին կանչել միայն այն ժամանակ, երբ հասկացել էին, որ այլընտրանք չունեն: Հիվանդանոցում ահագին տանում-բերում էին, այդ ամենը արվում էր մի քանի ոստիկանի ուղեկցությամբ ու խրոխտ հայացքների ներքո: Ինչ-որ պահի զգացի, որ քննիչների ու ոստիկանների վերաբերմունքը կտրուկ փոխվեց, նրանք կտրուկ պասիվացան, ու ես հասկացա, որ չեն պատրաստվում բուժզննումից հետո նորից կանդալել ու հետ տանել բաժին: Դուրս եկա հիվանդանոցից ու հասկացա, թե որն է այդ «պասիվացման» պատճառը: Հիվանդանոցի մուտքի մոտ մի հատ մինի միտինգի չափ ժողովուրդ էր հավաքված: Այնտեղ էին բոլորը: Նույն իրավիճակն էլ համացանցում էր, և հենց դա էր պատճառը, որ ես չազատազրկվեցի... Համենայն դեպս, դեռ...

Ինձ համար անհանգիստ էին ու անձամբ զորակցում էին իմ դաշնակցական ընկերները, որոնց մի անգամ շատ գեշ «խաչաձևի» տակ թողեցի: Մարտեր էին... Ու հենց էս օրերին, կարծում եմ, իրենք էլ պիտի հասկանան, թե ինչ կարար տեղի ունենար ու երևի, բարեբախտաբար, տեղի չունեցավ: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ՝ կարայի ու պիտի ավելի նրբանկատ լինեի ժամանակին, բայց չեղա... Եղա հակառակը:

Ինձ աջակցելու էին եկել նախագահ Քոչարյանի ազատության համար պայքարող մարդիկ: Մարդիկ, ովքեր իրենց հայացքների համար շաբաթներով անհիմն ազատազրկվել էին, մինչդեռ ես, ֆեյսբուքյան մի քանի ստատուսից ու հարցազրույցներում անդրադարձից բացի, որևէ գործուն քայլ չէի արել իրենց օգնելու համար: Ավելին՝ ժամանակին մի շատ պրիմիտիվ սադրանքի պատճառով բերդում նստած Քոչարյանին թողեցի «խաչաձևի» տակ: Արարքս, իհարկե, անհիմն չէր, բայց դե անելու բան էլ չէր: Պիտի ավելի նրբանկատ լինեի:

Երբ 40 տարի պետական համակարգում աշխատած գելին մեղադրեցին վառելիքի տենդերը կեղծելու բանավոր հրահանգ տալու մեջ, ես ահագին բոցվա Ֆեյսբուքում, պաշտպանեցի, բայց չբարեհաճեցի միանալ դատարանի առջև Սերժ Սարգսյանին աջակցելու համար հավաքված մարդկանց, որոնց շարքերում մի քանի տասնյակ իմ ամենամտերիմ մարդիկ էին: Հերիք չէ՝ չբարեհաճեցի, հլը մի բան էլ հետո ներքին քննարկումներում անուն կպցրի իրադարձությունների կազմակերպչական մանրուքներին: Նրբանկատ չէի` շատ մեղմ ասած: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի կուսակիցներն ու մտերիմները նույնպես ինձ աջակցողների շարքերում էին:

Ու բովանդակությամբ նմանատիպ դրվագները բազմաթիվ են: Երկու տարի շարունակ անդադար հարձակումներ հետ շպրտելիս թիկունքիդ հայացք ես գցում ու տեսնում, որ, մեջք տալով հանդերձ, ահագին վնաս էլ ես տվել: Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող տղերքին մի անգամ անիմաստ բշտեցի: Անհիմն չէր, բայց անիմաստ էր ու էլի խաչաձևի տակ թողեցի: «Կամքի» տղերքն էլ, դրան ի պատասխան, հիմա բռնեցին ինձ, քաջալերեցին ու աջակցեցին:

Ընկերներիս, ամենամտերիմներիս շարքերում էլ մարդիկ կան, ում հանդեպ շատ խիստ էի ու եմ, բայց, մեկ ա, չեն հանձնվում, մինչև հիմա կողքս են, մեկ վայրկյանով անգամ խրամատից դուրս չեն գալիս: Կարծում եմ՝ անուններ տալու կարիք չկա: Համ էլ էնքան շատ են, որ ոնց էլ լինի, մի քանիսին կմոռանամ: Էլ չասեմ, թե տնեցիքիս ինչ փորձություններով եմ անցկացնում...

Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք կարող է միայն ինքն իրեն ներել կամ չներել: Բոլոր էն մարդկանց, ում հանդեպ աննրբանկատ եմ եղել ու «խաչաձև կրակի» տակ եմ թողել, ուզում եմ ասել, որ գիտակցում եմ ու ցավում եմ:

Նենց որ, Anahit ջան, սխալվում ես, ես չեմ համախմբել մարդկանց ու չեմ կայացրել կոնսենսուս-1-ը: Ավելի շուտ մարդիկ ինձ համախմբեցին ու ձեռի հետ լավ ու օգտակար դաս տվեցին:

Հիմա, ինչ վերաբերվում է խնդրո առարկային. դժվար հանրապետությունում գտնվի մեկը, ում էս իշխանությունն ավելի շատ վնաս է հասցրել, քան ինձ: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ա՝ նստած է, որովհետև ժամանակին հայկական պետությունները մի քանի անգամ փրկել է, բայց, ի տարբերություն ինձ, իր որդիները ստիպված չեն ամեն օր քնել այն գիտակցությամբ, որ իրենց հորը վնասում են իրենց սկզբունքների ու քայլերի պատճառով, էդ մի բեռը իրենց ուսերին չկա: Ինձ էս ամեն ինչը շատ ավելի է զզվացրել, քան որևէ մեկին: Իմ անձը մի կողմ դնելով` նաև պետք է ֆիքսենք, որ անդունդ ենք գլորվում բոլորով: Կանխատեսված ու օրինաչափ անդունդ է, բայց դրանից ոչ պակաս սարսափելի: Ըստ այդմ, ես առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը: Ստեղ խոսքը ներել-չներելու մասին չէ: Ես առհասարակ չեմ կարծում, որ մենք ներել-չներելու իրավունք ունենք: Չէ՛, ուղղակի եկեք մեղքեր խոստովանենք: Ընդ որում, շատ կոնկրետ, ակնհայտ ու անհերքելի մեղքեր:

Ես կգնամ հրադադարի, եթե հակառակորդը հայտարարի, որ՝
- Երկու տարի շարունակ իր պատվերով ու գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են ֆեյքային բազմահազարանոց բանակների հարձակումներ, որոնց նպատակն էր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ատելություն սերմանելը,
- Հստակ հանձնարարական էր տրվել չմտնել որևէ բովանդակային քննարկման մեջ ու սահմանափակվել սեռական բնույթի նենգագույն վիրավորանքներով,
- Իրական կյանքում հովանավորվել են քաղաքական ընդդիմախոսների դեմ հարձակումները, և դա է պատճառը, որ ո՛չ Մարալիկի, ո՛չ «Ռեստարտի», ո՛չ «Հայելու», ոչ էլ բազմաթիվ այլ դեպքերի առթիվ մեղավորները որևէ պատիժ չեն կրել,
- Իրավապահներին հանձնարարվել էր շինծու պատրվակներով հետապնդել, ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել իշխանության քաղաքական հակառակորդներին` վերջիններիս հանրության աչքերում ստորացնելու ու բարոյազրկելու նպատակով,
- Քարոզիչներին հանձնարարվել էր ինձ և իմ ընկերներին զրպարտել` մեր աֆիլիացիաների ու մոտիվացիաների վերաբերյալ մտացածին մեղադրանքներ ու շահարկումներ հնչեցնելով և տարածելով:

Մեղքերի իրական ցուցակը շատ ավելի երկար է, բայց հաշտության ճանապարհը առաջարկում եմ սկսել այս հինգ քայլից: Ընդգծում եմ՝ ես ՉԵՄ պահանջում դատել, պատժել և այլն: Ընդամենն ասում եմ` ընդունե՛ք, որ դուք եք այս ամենը հրահրել: Ընդունե՛ք, խոստովանե՛ք ու ապաշխարե՛ք: Եղեք անկեղծ ու թեմաները փակենք: Հաշվի առեք, որ, ըստ ամենայնի, այլևս նման հնարավորություն չեք ունենա:

Հակառակ դեպքում «խնդրո առարկան» կա՛մ պիտի «նստի», կա՛մ պիտի պառկի: Դուք որոշեք: Ընդ որում, շատ արագ պիտի որոշեք: Հաշված օրերի ընթացքում:

Поделиться
Класс
Send
gagik-surenyan-exanak_Q3PFy.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

jranjatum_sTvd8.jpg

24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

gazanjatum-1_4OGq8.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

baghanis_l220D.jpg

Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել

anvadogh-en-ayrel_Dzn2E.jpg

Մասիս-Երևան մայրուղու վրա 50-ից ավել անվադողեր վառեցին. Տեսանյութ

hosanqazrkum_hECWQ.jpg

Վաղը մի շարք հասցեներում լույս չի լինելու

nikolay-hayrapetyan_SUQBz.jpg

Ցավալի լուր․ Կյանքից հեռացել է Նիկոլայ Հովհաննիսյանը

anna-hakobyan_nlkQb.jpg

Աննա Հակոբյանը զայրանում և խոժոռում է հայացքը՝ «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին

dolary-ejanacav_1Ffi5.jpg

Ինչ փոխարժեքներ սահմանեց ԿԲ-ն

robert-qocharyan_gB4_1.jpg

Հող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան

inqn-iren-kyanqic-zrkel-e_9u6KQ.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

pn-poxgndapet-1_5onwP.jpg

Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից