Սույն թվականի հուլիսի 6-ին կայացավ «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակում «Տեղական սոցիալական պլաններ․ մշակումից իրագործում» խորագրով կլոր սեղան-քննարկումը:
Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ
Շիրակի, Սյունիքի, Արմավիրի և Տավուշի մարզերում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանման կողմից։
Նշված մարզերի 9 համայնքներում միջոլորտային խմբերը մշակել են տեղական սոցիալական պլաններ՝ հիմնված իրենց համայնքի կարիքների գնահատման արդյունքների վրա։
Կլոր սեղան-քննարկումն ուղղված էր տեղական սոցիալական պլանների մշակման գործընթացից քաղած դասերի, դրանց իրագործման հետագա քայլերի, ֆինանսավորման, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես սոցիալական ծառայությունների մատակարար և կազմակերպիչ դիտարկելու հնարավորությունների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին նախարարության, ԵՄ-ի, ասոցիացիայի, գործընկեր տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՍԱԱ նախագահ Միրա Անտոնյանը, կարևորելով՝ շահագրգիռ կողմերի մասնակցությունը քննարկմանը։ Անտոնյանը նշեց, որ Եվրոմիության ջանքերով հնարավոր եղավ կյանքի կոչել այս ծրագիրը, հաշվի առնելով՝ նախորդիվ իրականացված ծրագրի արդյունքները։
«9 համայքն ունի տեղական սոցիալական պլան՝ «Գործընկերություն և ուսում» կազմակերպության Սյունիքի, Շիրակի մարզերում և մեր մյուս գործընկեր «Ընտանիք և համայնք» կազմակերպության հետ համագործակցաբար Արմավիրի և Տավուշի մարզերում, այսպիսով 9 համայնքներում հնարավոր եղավ մշակել տեղական սոցիալական պլաններ»,-ասում է Միրա Անտոնյանը։
Ասոցացիայի նախագահի խոսքով իրենք այս համայնքներում փորձել են ստեղծել ամրագրված, բայց երբևէ չներդրված, երբևէ չփորձարկված տեղական սոցիալական պլաններ։
ՏԿԵՆ տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով այս ռեֆորմի արդյունքում ձևավորվելու են այն մասշտաբի համայնքներ, որտեղ սոցիալական ծրագիր անելը, բացի ձևից կունենա նաև բովանդակություն։
«Ցավոք սրտի մենք մշտապես արձանագրում ենք, որ ՏԿԵՆ մարմիններին իրավացիորեն փոխանցված շատուշատ լիազորություններ՝ հատկապես համայնքների կտրտվածության, փոքրության, սահմանափակ ռեսուրսների պայմաններում, այս հիմնավորումների կամ պատճառաբանությունների արդյունքում, դեկլարացիայից առաջ չեն անցնում։ Հիմա մենք ունենք ռեալ բազա, ավելի մեծ համայնքներ, որով կկարողանանք սոցիալական ծրագրեր իրականացնել»,-նշում է նա։
Տերտերյանի խոսքով այս գործում մեր կարևորություն ունի համագործակցությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
«Հիմա մեր ոգևորությունը մեծ է, որովհետև տիկին Միրա Անտոնյանը այս ծրագրի շրջանակում Եվրամիության, Ավստրալիական գործակալության օժանդակությամբ շատ կարևոր գործ է կատարել»,-շեշտում է Տերտերյանը։
Նա նշում է, որ համայնքներում պարտադիր է սոցիալական աշխատանքը և սոցիալական աշխատողի առկայությունը։
«Մեր մի քայլը, որը շեշտում էր մեզ համար համայնքային մակարդակում սոցիալական աշխատանքի կարևորությունը, որովհետև դա գոնե համոզմունք է, որ սոցիալական աշխտանքը համայնքում։ Սոցիալական կենդանի աշխատանքը հատկապես համայնքներում է, սկսած ամենափոքր խնդիրներից և սա էր պատճառը, որ մենք օրենքում գրեցինք, որ խոշորացված համայնքը պետք է ունենա սոցիալական աշխատող»,-նշում է նա։
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը հավելեց, որ Եվրոպական միությունը Հայաստանում մեծ նշանակություն է տալիս սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդմանը։
«Մեզ համար պարզ է, որ սոցիալական ծառայությունների մատուցումը շատ սերտորեն միահյուսվում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի հետ։ Տեղական իշխանությունները կարող են վճռորոշ դեր խաղալ խոցելի խմբերի բացահայտման, նրանց կարիքների բավարարման գործում, քանի որ համայնքային մակարդակում կարող է երևալ՝ ինչպիսի պահանջներ ունի համայնքը»,-շեշտում է Ֆրանկ Հեսը։
Նա խոսքով՝ նման քննարկումներին շահագրգիռ կողմերի մասնակցությունը և սոցիալական հարցերով զբաղվող մասնագետների միավորումը մեծ նշանակություն ունի։
Եվգինե Վարդանյանը նույնպես շեշտեց՝ նման նախաձեռնության առկայության անհրաժեշտությունը, նշելով, որ տեղական և սոցիալական զարգացման ծրագրերի միջոցով հնարավորություն է ստեղծվում համայնքներում համակարգային խնդիրներ լուծել։
«Եթե ուզում ենք հասնել համակարգային լուծումների մեզ պետք են զարգացման ծրագրեր և սա լավագույն նախաձեռնություններից մեկը կարող է լինել, և վստահ եմ՝ կա, որպեսզի մենք հասնենք նման զարգացման ծրագրերի բովանդակային իրականացմանը։ Նախաձեռնությունը մեզ համար մոդելային է լինելու, որովհետև փորձարկման արդյունքների հիման վրա, պլանավորում ենք այլ իրավական համակարգային փոփոխություններ»,-եզրափակում է Վարդանյանը։
