Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Ելենա Մակարյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 46-ամյա Արամ Ավետիսյանի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Ավետիսյանը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Փրկարարները նախ վիրավորին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են «Mercedes»-ը և փակել 2 ավտոմեքենաների գազաբալոնների փականները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։