Կորոնավիրուսով վարակված երեխան Էջմիածնի թիվ 4 դպրոցի երրորդ դասարանում է սովորում. մեկուսացվել են նրա դասընկերները և 5 ուսուցիչ. Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաղորդեց դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը։
«Ընդհանուր առմամբ մեկուսացվել է 65 մարդ՝ 5 ուսուցիչ, 27 աշակերտ, նրանց ծնողներն ու որոշ ընտանիքների անչափահաս երեխաները։ Չորս ծնող հրաժարվել են իրենց երեխաներին մեկուսացնելուց»,-ասաց տնօրենը։
Մուրադյանի խոսքով՝ արդեն իսկ թեստավորել են կորոնավիրուս ախտորոշված աշակերտի կողքի նստողին, և վերջինիս թեստը եղել է բացասական։
Դասարանում, որտեղ սովորել է վարակակիրը, 35 աշակերտ կա, որից երկուսը ջրծաղիկով են վարակված եղել և այդ օրերին դասի չեն հաճախել։
Տնօրենը հայտնեց՝ նշանադրությանը մասնակցելուց հետո երեխան նախորդ շաբաթ երկու օր ՝ երկուշաբթի և երեքշաբթի հաճախել է դպրոց։