Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 13-ին, Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ժաննա Խ․-ն «Յունիբանկ» ԲԲԸ-ի Սիսիանի մասնաճյուղից որպես սոցիալական աջակցություն ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամների ընդհանուր 1 մլն դրամի կապոց, որն իրեն տվել է նույն բանկի աշխատակից 34-ամյա Նարե Վ․-ն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ օպերատիվ տեղեկությունների Ժաննա Խ․-ն հունիսի 23-ին ժամը 22։00-ի սահմաններում բացելով կապոցը, նկատել է, որ կապոցում առկա է եղել թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ:
Ժաննա Խ․-ն ոստիկաններին է ներկայացրել թվով 9 հատ հուշանվեր թղթադրամները, ելքի անդորրագիրը (օրդեր) և թղթադրամների կապոցը` բանկի կնիքով:
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:
Իրավիճակի վերաբերյալ «Յունիբանկ»-ը Tert.am-ին է ներկայացրել պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև․
«Ի պատասխան shamshyan.com կայքում 2024թ. հունիսի 26-ին հրապարակված «Խուլիգանության դեպք՝ Սյունիքի մարզում. 31-ամյա կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոց և օրեր հետո, բացելով այն, նկատել է, որ կապոցում առկա է թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Յունիբանկում Ժաննա Խ.-ին հուշանվեր թղթադրամներ չեն տրամադրվել, ինչի մասին փաստում է մասնաճյուղում առկա տեսախցիկների տեսագրությունը:
Հաշվի առնելով, որ հրապարակումը արատավորում է Յունիբանկի գործարար համբավը և բանկի «Սիսիան» մասնաճյուղի աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը, ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մոտ ժամանակներս հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»:
