Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի Ջրաբերի վարչական տարածքում ավազով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Կոտայքի մարզի աշխատակիցները, որպեսզի տապալված էլեկտրասյունը փոխարինեն նորով և վերականգնեն էլեկտրամատակարարումը։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։
