Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Կապան-Աճանան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ամիր Յուսեֆիի վարած բեռնատար «Mercedes»-ն ու Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Վաչե Գյուլբուդաղյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 17-ամյա Ազատ Մեժլումյանը, 18-ամյա Նարեկ Աթաջանյանն ու 17-ամյա Դավիթ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Volkswagen Golf»-ը բախվել է ծառերին ու ամբողջությամբ վերածվել մետաղե ջարդոնի, իսկ բեռնատարը բախվել է ծառերին և մասամբ կախվել ձորի եզրին։
