Երեկ՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» և «ԳԱԶ 31» (Վոլգա) մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Բախման հետևանքով «Mercedes»-ը կոտրել է ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել բաժանարար գոտու վրա։
«Mercedes»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
