Երեկ՝ հուլիսի 13-ին, մոտոցիկլի կողաշրջման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Մ.-ն իր վարած «Benelli» մակնիշի մոտոցիկլով Գագարին բնակավայրից դեպի Գեղամավան բնակավայր տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
