Ռեժիսոր Հայկ Բաբայանը մայիսի 28-ին հանդիսատեսին է փոխանցել «Հոկտեմբերի 27»-ի ծանր խորհուրդը։
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ Կինոյի տանը մայիսի 28-ին տեղի ունեցավ «Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմի պրեմիերան։ Կինոդիտումից առաջ ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Հայկ Բաբայանը հայտարարեց, որ 1999թ․-ի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մխրճվել է, որպես մանկության ծանր հուշ իր կենսագրության մեջ։
1999-ին, առաջին դասարանում ինքը ուսուցչուհուն խնդրել է դուրս գալ, բացել, նայել դռան հետևը, որովհետեւ վախ ուներ, որ հանկարծ ինքնաձիգներով մարդիկ կարող են ներխուժել դասարան։ Ֆիլմում շատ են արխիվային կադրերը, զանազան խորհրդանիշները, կինոնկարը բացվում է եւ փակվում է «Մայր Հայաստանի» արձանով, որի դեմքի հակառակ երեսին վերջաբանում Ստալինի պատկերն է։
Ֆիլմի կերպարներին մարմնավորող հայտնի դերասանները զրուցում են հոկտեմբերի 27-ի մասին, նշում, որ Հայաստանում ամենուր խաչեր են , սակայն հոկտեմբերի 27-ին մի hրեշտակ չգտնվեց, որ փակեր ԱԺ-ի նիստերի դահլիճի դուռը, հոկտեմբերի 27-ի գլուխն այսբերգի գագաթն է, իսկ պոչը գտնվում է անապատի ավազներում։
Այս հաջողված և հետաքրքիր ֆիլմով ռեժիսոր Հայկ Բաբայանը հանդիսատեսին փոխանցեց հոկտեմբերի 27-ի ծանր խորհուրդը, այն տագնապը, որն այսօր այնքան արդիական է։ Երևանը շարունակում է հավատալ արցունքներին․․․
Ֆիլմը հաջողված է։
Լրագրող, հասարակական գործիչ Ոսկան Սարգսյան
