«Պռոշյան կոնյակի գործարանի» պայթյունի հետեւանքով մահացածը մեր հարեւանն էր, խելացի ու շատ լավ մարդ էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Ռիման։
«Մեր հարեւանն է։ Շատ լավ ու խելացի մարդ։ Մեծ շփում չկար։ Կինն էլ շատ գրագետ էր։ Մի աղջիկ երեխա ունի։ Մոտվ 6-7 տարի առաջ եկել էին Իջեւանից եւ այստեղ ապրում էին»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք ինքը պայթյունի ձայն լսե՞լ է, կինն ասաց. «Այո, դուրս եկա՝ թոռանս խանութ ճանապարհելու, մեկ էլ նենց ձայն եղավ, հետո անցավ ժամանակ։ Մեծ տղաս ասաց՝ նենց ձայն լսեցի։ Դրանից հետո շտապօգնության մեքենաները, հրշեջ-մեքենաները գնում-գալիս էին։ Զանգեցինք թոռանս, ասաց՝ գործարանում պայթուն է»։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, պայթյուն է տեղի ունեցել «Պռոշյան կոնյակի գործարանում», որի հետեւանքով մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները։ Չորս վիրավորներն էլ տեղափոխվել են Երեւան. միջին այրածքներ ունեն:
Լրագրողների հետ զրույցում գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանն ասել է, որ հրդեհը նախնական տվյալով զոդման աշխատանքի հետեւանքով է եղել։