Այսօր՝ օգոստոսի 7-ին, շարունակվել են Տավուշի մարզի բնակիչ Աբգար Բայրամյանի որոնողական աշխատանքները Աղտև գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06:10-ի սահմաններում որոնողական աշխատանքները վերսկսվել են, և 1 ժամ անց հրշեջ-փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են նրա դին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 5-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատամուտ բնակավայրին հարակից Պլատինի մոտ գտնվող ջրանցքում քաղաքացիներ են ջրահեղձ եղել:
Պարզվել էր, որ Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Հայկ Է.-ն և 34-ամյա Աբգար Բ.-ն Կրիվոյ կոչվող տարածքում՝ Աղստև գետի վրա կառուցված «Պլատինում»-ում ձուկ բռնելու և լողալու ժամանակ ջրահեղձ են եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած Սևանի ջրասուզակները ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկին հայտնաբերել էին, մյուսին՝ որոնում էին:
