Վանաձորում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Վանաձորում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Իրավունք Ipress 2020-07-05 21:12:00 2154
Հետևեք մեզ՝ Telegram-ում
foo_I1j1O.jpg

Առաջին Լրատվականը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Ո.-ի գործը, որը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Արմեն Ո.-ն 30 տարեկան էր:

Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության, սպանության փորձի և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով,  34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235 հոդվածի 1-ին մասով:

Այս գործը դատավոր Մ. Հարությունյանն իր վարույթ է ընդունել 2017 թվականի հունիսի 30-ին, դատական առաջին նիստ է նշանակել 2017 թվականի հուլիսի 18-ին, իսկ դատավճիռը հրապարակվել է համարյա երեք տարի անց՝ 2020 թվականի հունիսի 23-ին:

Դատական քննության ընթացքում՝ 2018 թվականի հունվարի 19-ին, դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և ամբաստանյալի նկատմամբ  նշանակել է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ամբուլատոր փորձաքննություն:

Այնուհետև, 2018 թվականի նոյեմբերի 15-ի դատական նիստի ժամանակ, երբ դատական վիճաբանությունների փուլում էր քննությունը, ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ռ. Հակոբյանը հայտնել է, թե իրեն զանգել է անծանոթ մի տղամարդ, ասել է, թե Արմեն Ո.-ի խնդրանքով դեպքի վայրից որոշ հեռավորության վրա փնտրել ու գտել է քրեական գործով անցնող «Մակարով» ատրճանակը: Պաշտպանը հորդորել է ոչինչ չձեռնարկել, անմիջապես տեղյակ է պահել ոստիկանությանը:

Մատնանշված վայրում հայտնաբերվել ու առգրավվել է «Մակարով» ատրճանակը:

Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունն ու որոշել է վերսկսել գործով դատաքննությունը:

Դատական քննությունը վերսկսվել ու շարունակվել է:

2019 թվականի օգոստոսի 6-ին դատարանը բավարարել է ամբաստանյալի շահերի պաշտպան Ռ. Հակոբյանի և մեղադրող դատախազ Ռ. Մինասյանի միջնորդությունները և նշանակել է դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 3-ին, ժամը 12-ի սահմաններում Արմեն Ո.-ն Վանաձորի Թումանյան փողոցում գործող, իրեն պատկանող ծաղկի սրահում 5 հազար դրամանոցը մանրելիս պակաս գումար վերադարձնելու հարցով Ռոբերտ Մ.-ի կողմից կասկած հայտնելու և իրեն հայհոյելու պատճառով վիճաբանել է նրա հետ, ապա իր հետ վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված ու պահվող «Մակարով» տեսակի հրազենը, Ռոբերտ Մ.-ի, նրա ընկերներ Հելբերտ Ն.-ի, Արմեն Մ.-ի հետ, վերջինիս վարած «Լեքսուս» մեքենայով գնացել է Վանաձորի Մայմեխի խճուղուն հարակից հանդամաս:

Այնտեղ Ռոբերտն ու Արմեն Ո.-ն առանձնացել են, վիճաբանությունը շարունակվել է:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ո.-ն սպանելու դիտավորությամբ «Մակարով» ատրճանակից կրակել է Ռոբերտի ուղղությամբ, բայց «չի կարողացել սպանել»՝ վրիպել է, գնդակները Ռոբերտին չեն դիպել: Կրակոցների ձայնը լսելով՝ վազելով մոտեցել է Արմեն Մ.-ն, հայհոյել է Արմեն Ո.-ին, վերջինս, ըստ մեղադրանքի, սպանելու դիտավորությամբ կրակել է Արմեն Մ.-ի ուղղությամբ ու սպանել է նրան:

Դատարանում Արմեն Ո.-ն առաջադրված մեղադրանքներից ընդունել է միայն ապօրինի հրազեն պահելու մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Արմեն Ո.-ն հայտնել է, թե զբաղվում էր ծաղկի առևտրով, դեպքի օրը սովորականի պես գտնվել է իր ծաղկի սրահում և շատ պատվերներ է ունեցել: Ծաղկեպսակ էր հավաքում, երբ սրահ է մտել մի տարեց մարդ ու խնդրել է մանրել մեկ հատ 5 հազարանոց թղթադրամ: Ինքը, զբաղված լինելով, դարակից հանել է հազար դրամանոցներ և այդ տարեց մարդուն առաջարկել է հաշվել ու վերցնել դրանցից հինգը: Այդ մարդը վերցրել ու դուրս է եկել:

Մի քանի րոպե անց բարձր ձայներ են լսվել, ինքը դռան մոտ է գնացել ու տեսել է, որ գործով տուժողը հայհոյում ու կոպիտ խոսում է քիչ առաջ սրահ մտած տարեց մարդու հետ: Ինքը խղճացել է տարեց մարդուն ու հարցրել է՝ ի՞նչ է եղել «բիձոյին»: Տուժողը կոպիտ պատասխանել է, որ իրեն չվերաբերող հարցերին չխառնվի:

Ինքը պահանջել է իր հետ հարգալից խոսել, քանի որ «հարգանքի արժանի մարդ է»: Տուժողը մոտեցել, քաշել է իր հագուստից ու ասել է, որ գնան մի այլ վայրում խոսեն:

Ինքը զգացել է, որ կարող է անախորժությունների մեջ ընկնել, սխալ է համարել իր՝ այդտեղ մնալը, որոշել է նստել իր մեքենան ու հեռանալ: Բայց նստելով մեքենա, նկատել է, որ իր մեքենայի հետևում մեկ այլ մեքենա էր կանգնած: Ռոբերտ Մ.-ն իրեն քաշքշելով, ինչ-որ մեկի օգնությամբ հանել ու իր կամքին հակառակ նստեցրել է «Լեքսուս» մեքենան, ապա շատ արագ մեքենան վարել են դեպի «Վանաձոր» թաղամաս:

Ինքն առաջարկել է մեքենան կանգնեցնել, բայց նրանք բարձր ծիծաղել ու ասել են, թե հիմիկվա երիտասարդները «մեծ» չեն ճանաչում: Ինքը հարցրել է՝ ո՞վ է «մեծը»: Տուժողը պատասխանել է, թե ինքը՝ «Կաֆոյի Ռուբոն», ու վարորդին ասել է. «Քշի, շուտով թաղում ենք կազմակերպելու»:Այդ ընթացքում իրեն զանգում էին, ինքը պատասխանում էր, զանգողներից մեկից իմացել է, որ «Կաֆոյի Ռուբոն» «Ճաճոյի Էդոյի  քիլերներից է»:

Ամբաստանյալը նշել է, որ իրեն զգացել է պատանդի կարգավիճակում, մի քանի անգամ պահանջել է, որ մեքենան կանգնեցնեն, բայց իրեն չեն լսել: Ի վերջո կանգնել են, իջել են մեքենայից: Ինքը չի հասցրել երկու քայլ անել, երբ հետևից հարվածներ է զգացել: Սկսել է պաշտպանվել, բայց ուժերը չեն բավականացրել, փորձել է փախչել, բայց ընկել է: Իրեն շատ վատ էր զգում, ականջները խշշում էին, նորմալ չէր լսում:

Զգալով, որ մոտենում են իրեն, հանել է ատրճանակը ու կրակել է ոտքերի տակ, որ Ռոբերտ Մ.-ն չմոտենա: Իրենց միջև հեռավորությունը մոտ 3 մետր էր՝ 5-6 քայլ, ինքն ավելի բարձր դիրքում էր, քան Ռոբերտը:

Ինքը տեսել է, որ կողքից հայհոյելով, վազելով մոտենում է Արմեն Մ.-ն, ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել ու փախել: Մտածել է, թե կհետապնդեն իրեն, ատրճանակը ձեռքին ամուր բռնած վազել է, թեքվել, սարով է գնացել: Սրտխառնոց է ունեցել, քնել է, հետո արթնացել ու հեռախոսի միջոցով համացանցից իմացել է, որ մարդ է մահացել:

Պատասխանելով կողմերի հարցերին՝ Արմեն Ո.-ն ասել է, թե իր ու Ռոբերտի միջև վեճը հազար դրամի պատճառով չի եղել, այլ Ռոբերտի կողմից տարեց մարդու նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով:

Արմեն Ո.-ն հայտնել է, թե ատրճանակը ձեռք էր բերել ապօրինի: Քանի որ աշխատանքի բերումով գումարների հետ էր գործ ունենում, զենքն անհրաժեշտ էր, որ պաշտպանվի: Նախկինում զենքից չէր օգտվել, զենքը նորմալ վիճակում էր, ինքն այն միշտ կրում էր իր վրա: Դեպքի պահին ինքը մինչև վերջին րոպեն զենքը չի օգտագործել, քանի որ հույս ուներ, թե իրենց տարաձայնությունը կհարթվի, նրանք կմտքափոխվեն:

Արմեն Ո.-ն հայտնել է, թե զենքին լավ է տիրապետում, լավ նշանառու է, եթե ցանկանար սպանել, չէր վրիպի: Կրակելու նպատակը եղել է այն, որ իրեն հանգիստ թողնեն: Իրավիճակից ելնելով՝ երբ հայհոյելով սկսել են մոտենալ իրեն, ինքը օդ է կրակել, բայց այնպես է պատահել, որ մարդ է մահացել, ինչի համար ինքը շատ ափսոսում է…

Արմեն Ո.-ն վեճի հրահրող էր համարում Ռոբերտին, իսկ Արմեն Մ.-ն, նրա կարծիքով, ընկել էր Ռոբերտի ազդեցության տակ: Ինքը չէր ցանկանա, որ նա մահանա, ինքը միշտ դեմ է եղել բռնությանը: Ամբաստանյալը հայտնել է, թե դեպքի վայրում չի զգացել, որ բերանից սպիտակ փրփուր է գնացել, բայց այդպիսի վիճակի մեջ ընկնում է ուժեղ վախից…

Արմեն Ո.-ն սպանության մեղադրանքում իրեն  մեղավոր չէր ճանաչել նաև նախաքննության ընթացքում:

Գործով տուժող Ռոբերտ Մ.-ն դատարանում հայտնել է, թե Արմեն Ո.-ին չի ճանաչել, իսկ Արմեն Մ.-ն՝ սպանվածը, իր մտերիմ ընկերն էր: Ըստ տուժողի՝ «ընդհանուր առմամբ՝ անհեթեթություն է տեղի ունեցել»:

Ըստ տուժողի՝ դեպքի օրն Արմեն Մ.-ն այցելել է իրեն: Շինարարության հետ կապված գործեր ունեին, պետք է հանդիպեին իրենց ծանոթ Գուրամին, պայմանավորվեին, որ վերջինս մեքենայով շինանյութ բերի: Գուրամի «Զիլը» կանգնած էր ծաղկի սրահի մոտ: Արմենը նույնպես մեքենան այնտեղ է կայանել: Գուրամին պետք է տային 8 հազար դրամ: Արմենի մոտ մանր չկար, նա 5 հազար դրամանոց է տվել Գուրամին, որ ծաղկի սրահում մանրի: Գուրամը գնացել, մանրել, դուրս է եկել, հաշվել ու տեսել են, որ մի հազար դրամը պակասում է: Ինքը զայրացել ու բարձր տոնով խոսել է Գուրամի հետ: Ինչ-որ մեկն ասել է. «Արա, էդ ի՞նչ տոնով ես խոսում էդ մարդու հետ»: Ինքն իջել է մեքենայից, մոտեցել է այդ մարդուն ու հարցրել է՝ ինչի՞ է նա այդպես ոգևորված խոսում: Առաջարկել է մի կողմ գնալ ու զրուցել: Նա էլ ասել է՝ որտեղ ուզեն, կարող են գնալ ու խոսել: Այդպես՝ խոսքը խոսք է բերել: Տուժողի պնդմամբ՝ այդ ընթացքում հայհոյանք չի եղել: Բարձր տոնով են խոսել: Ինքը նստել է իրենց մեքենան, այդ մարդը գնացել է դեպի իր մեքենան, բայց հետո հետ է եկել, փորձել է բացել իրենց մեքենայի դուռը: Արմենը բացել է դուռը, նա նստել է իրենց մեքենայի հետևի նստատեղին: Նա պահանջել է քշել «սարեր, չոլեր, որտեղ մարդ չկա»:

Արմենը մեքենան վարել է դեպի «Վանաձոր» թաղամաս: Ճանապարհին ինքը հետևի նստատեղին նստած տղամարդու հետ չի խոսել, անգամ չի շրջվել: Բայց նա հեռախոսով ագրեսիվ ձևով խոսում էր ինչ-որ մեկի հետ:

Հանկարծ իրենց ճանապարհը մի կարմիր մեքենա է հատել, իրենք արգելակել են: Կարմիր մեքենայի վարորդը բարևել է, բայց ինքը նրան չի կարողացել հիշել: Վերջինս իրենց մեքենայում նստած մարդու հետ առանձնացել է մի տասը մետր,  խոսել են: Ինքը մտածել է՝ նա այդ տղամարդուն կասի՝ ինքն ով է, միջադեպը կհարթվի, քանի որ լուրջ բան չկար:

Մի քանի րոպե սպասելուց հետո ինքն իջել է մեքենայից, մոտեցել է նրանց: Իրենց մեքենայով եկածը իրեն առաջարկել է առանձնանալ: Մի 50 մետր բարձրացել են: Այդ տղան բարձր դիրքում էր կանգնած, ինքը՝ ցածր: Վիճելու նպատակ ինքը չուներ, մտածում էր՝ երիտասարդ է, ագրեսիվ, կխոսեն, կհարթվի: Ինքը նրան հարցրել է. «Լսի, էս քաղաքում հարգանքով տղերքից ո՞ւմ ես ճանաչում, ասա իմանանք, էդ հարգանքով տղերքից մեկն էլ ես եմ»: Բայց այդ տղան այլ տրամադրվածություն ուներ, նա բռնել է իր շորերից, ինքը հետ է քաշվել: Մի երկու հարված է եղել օդում, իրեն չի դիպել: Տեսնելով, որ նա կռվում է, ինքը հարձակման է անցել, այդ տղան վեց-յոթ քայլ հետ է գնացել:

Այդ տղան «շեգին խփող արտաքին ուներ»: Նա մայկայի տակից հանել է ատրճանակը, պահել է իր ուղղությամբ: Ինքն ասել է՝ նման բան չանես, ինքը մնացել է իր տեղում կանգնած, երկու թխկոց է լսել: Զենքը սև էր: Ինքը «գյուլլի սվվոց» չի լսել, մի պահ մտածել է՝ կրակոցի ձայն չէր: Այդ մարդը զենքը բարձրացրել ու երկու հատ էլ է կրակել, նույն «թըխկ, թըխկ»-ն է լսվել: Իրենց հեռավորությունը նույնն էր, ինքը փախչելու մտադրություն չուներ: Թխկոցի ձայները լսելով՝ վազելով իրենց է մոտեցել Արմեն Մ.-ն:

Տեսնելով զենքը՝ նա ասել է. «Այ լակոտ, էս ի՞նչ ես անում»:

Հետո խոսակցություն չի եղել:

Նորից կրակոց է հնչել, կրկին իրեն չի դիպել: Հետո, իր կարծիքով,  այդ տղան ցանկացել է փախչել ճանապարհի ուղղությամբ, վերջին կրակոցն առանց նշան բռնելու կրակել է: Արմենն ընկել է: Ինքը վազել է Արմենի ուղղությամբ, նա գլուխն առել է ձեռքերի մեջ: Ինքը տեսել է, որ նրա աչքերը շաղվել են, ծանր է շնչում: Ինքը խառնվել, գոռացել է. «Փախար, հլա կանգնի»: Կանչել է Գուրամին, Արմենին տեղափոխել են հիվանդանոց, շտապօգնություն կանչելու վրա ժամանակ չեն ծախսել, տևել է մոտ տասնհինգ րոպե: Հիվանդանոցում հինգ րոպե հետո բժիշկը դուրս է եկել ու ասել, որ Արմենը մահացած է: Եկել են ոստիկանները, տարել են բաժին:

Տուժողը նշել է, թե կրակող տղան սպանելու հնարավորություն ուներ, նա վեց-յոթ անգամ կրակել է, կարող էր մի քանի քայլ առաջ գալ ու դիպուկ խփել: Ինքը կանգնած տեղից չի շարժվել, չի փախել, նա կարող էր մոտ գալ ու սպանել:

Ըստ տուժողի՝ Արմեն Մ.-ի վրա էլ «պրիցելնի» կրակոց չի եղել, «շալնոյ» կրակոց էր, որ կպել է Արմենին:

Տուժողը, պատասխանելով հարցերին, ասել է, թե դեպքի վայրում երբ հարցրել է՝ քաղաքում հարգանքով տղերքից ում ես ճանաչում, ես էլ հարգանքով տղերքից մեկն եմ՝ նկատի է ունեցել, որ հարգանքը մարդկանց միջև «օդից չեն ձեռք բերում, մարդուն հարգում են իր անցյալի, իր ապրածի, իր արարքների համար, և, ըստ իրեն, այդ հարգանքն ինքը ձեռք է բերել»…

Արմեն Մ.-ն մի քանի ամիս առաջ սրտի վիրահատություն էր տարել…

Տուժողը նշել է, թե ինքը չի իրեն «տուժող» ճանաչել, տուժող իրեն ճանաչել են, ինքը պատմել է իրականությունը, և ինքը կարող էր արժանանալ ընկերոջ բախտին… Ընդհանուր՝ եղել է յոթ կրակոց, ինքը չի կարող ասել՝ ինչու է ամբաստանյալը կրակել Արմենի ուղղությամբ:

Հետագայում տուժողը նշել է, թե իր վրա կրակողի դեմքը չի տեսել: Նա սկզբում զենքը պահել էր իր ոտքերի ուղղությամբ, երկու անգամ կրակել է, երկու անգամ էլ զենքը ավելի բարձրացրած դիրքում է կրակել: Ցանկացե՞լ է Արմեն Ո.-ն իրեն սպանել, թե՞ ոչ՝ տուժողը չի պատասխանել, ասել է, թե դա կարող է դատարանը գնահատել, ինքը գնահատող չէ…

Դատահոգեբուժական, դատահոգեբանական ամբուլատոր համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Արմեն Ո.-ն ճանաչվել է մեղսունակ, դեպքի պահին նա ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել, եղել է հուզված, նյարդայնացած, հուզական լարված ու գրգռված վիճակում:

Դատարանը գործի քննությամբ հաստատված չի գնահատել սպանության փորձի մեղադրանքը, նշել է, որ չի ապացուցվել, թե Արմեն Ո.-ն Ռոբերտ Մ.-ին սպանելու փորձ է կատարել: «Արմեն Ո.-ի դիտավորությունն ուղղված է եղել Ռոբերտ Մ.-ի հոգեկան առողջությանը վնաս պատճառելուն՝ նրա մոտ սեփական կյանքի համար տագնապի զգացողության առաջացմանը»: Սպանության փորձի մեղադրանքը վերաորակվել է սպանության սպառնալիքով:

Արմեն Ո.-ն մեղավոր է ճանաչվել Արմեն Մ.-ին դիտավորյալ սպանելու, Ռոբերտ Մ.-ին սպանությամբ սպառնալու և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու  համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին, 137 հոդվածի 1-ին և  235 հոդվածի 1-ին մասերով:

ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Մյուս երկու հոդվածներով Արմեն Ո.-ն վերջին հաշվով դատապարտվել է 11 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի մարտի 14-ից:

Поделиться
Класс
Send