21-ամյա ուսանողը «07»-ով վրաերթի է ենթարկել 9 տարեկան տղայի

21-ամյա ուսանողը «07»-ով վրաերթի է ենթարկել 9 տարեկան տղայի

Իրավունք Ipress 2020-05-31 13:31:00 5949
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vraert_toAtV.jpg

1in.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Նոր Նորք»  նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Հ.-ի գործի դատական քննությունը:

1996 թվականին ծնված Գրիգոր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի  5-ին, ժամը 15-ն անց 45-ի սահմաններում Գրիգոր Հ.-ն իր անձնական օգտագործման «ՎԱԶ-21074» մեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցով՝ Ռիգայի փողոցի կողմից դեպի Փափազյան փողոց: Նա մեքենան վարել է մայթեզրից մոտ 2 մետր հեռավորությամբ, շուրջ 40 կմ/ժ արագությամբ:

Չհասած Ա. Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկ, տեսնելով, որ իր ընթացքի ուղղությամբ խցանում է, մեքենաները շարված են իրար հետևից, Գրիգոր Հ.-ն իր վարած մեքենան մասամբ դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում մեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել խցանման մեջ իրար հետևից կանգնած մեքենաների միջև եղած տարածությունից վազքով փողոցը հատող անչափահաս՝ 2008 թվականին ծնված Արեն Ա.-ին՝ անզգուշությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Երեխան անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ենթարկվել է մի քանի վիրահատության՝ գանգոսկրի ու գլխուղեղի  ծանր վնասվածքների պատճառով, բայց կոմայից դուրս չի եկել: Երեխային նաև Հունաստան են տարել, որտեղ բուժման կուրս է անցել…

Պատահարի վայրի զննության արձանագրության համաձայն՝ եղանակը վրաերթի պահին եղել է չոր ու պարզ: Վրաերթ կատարած մեքենայի արգելակման հետքեր չեն հայտնաբերվել: Պատահարի վայրում տեսանկարահանող սարքեր չեն եղել:

Պատահարի արդյունքում վնասվել են «07»-ի առջևի աջ դուռը, շարժիչի ծածկոցը, աջ լուսարձակը:

Կատարվել է այդ մեքենայի վարորդ Գրիգոր Հ.-ի սթափության ստուգում՝ նա սթափ է եղել:

Գրիգոր Հ.-ին տրվել են բնութագրեր՝ բնակության վայրից, ուսումնական հաստատությունից, ծառայության վայրից:

Գրիգոր Հ.-ն ծառայել է բանակում, մասնակցել է Ապրիլյան քառօրյայի մարտական գործողություններին: Եղել է սերժանտ: Ըստ ծառայողական բնութագրի՝ նա զուսպ է, հարմարվող, լավ ծառայող: ՊԲ զորամասի հրամանատարի կողմից տրված  շնորհակալագրում՝ ուղղված Գրիգորի ծնողներին, գրված էր՝ «Երիցս շնորհակալ ենք…»:

Գրիգոր Հ.-ն երևանյան բուհերից մեկում է սովորում, բնութագրվել է որպես «պրպտող ուսանող»:

Բնակության վայրից տրված բնութագրում Գրիգոր Հ.-ն ներկայացվել էր որպես «աշխատասեր, պարկեշտ, համեստ, հոգատար, ազնվաբարո…» երիտասարդ՝ «ազնվաբարո հայ տղամարդու չափանիշ… Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր…»:

Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գրիգորի մեքենան տեխնիկապես եղել է սարքին վիճակում՝ արգելակները, ղեկային համակարգը աշխատունակ են եղել:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ դեպքի պահին Գրիգոր Հ.-ն չի ունեցել վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, սակայն այդ իրավիճակում հայտնվել է իր սխալ գործողությունների արդյունքում՝ նա խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները՝ տեսնելով, որ իր ուղեմասը խցանված է, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս ու թույլ է տվել երեխայի կյանքը վտանգի ենթարկած վրաերթը…

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ տուժող երեխան ստացել է գանգի թաղի ու հիմի կոտրվածքներ, գլխուղեղի ծանր վնասվածքներ, ասպիրացիոն թոքաբորբ, աջ ցայլոսկրի կոտրվածք, առաջացել են գլխուղեղի կոնտուզիոն օջախներ… Երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվել է երկրորդ աստիճանի կոմայի մեջ… Կատարվել են գլխի վիրահատություններ, գանգի տրեպանացիա… Առաջացել է գանգի հետվիրահատական դեֆորմացիա… Բուժում է կատարվել գլխուղեղի այտուցի դեմ… Վիճակը կայունացել է, բայց խոսակցական կոնտակտը բացակայում է…

Երեխային հաշմանդամության կարգ է տրվել…

Տուժողի օրինական ներկայացուցիչն անհամաձայնություն է հայտնել դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության  այն մտքի հետ, թե Գրիգոր Հ.-ն վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել: Տուժած երեխայի հայրը գրել է. «Ստացվում է՝ խախտել է երթևեկության կանոնները, բայց վրաերթի համար մեղավոր չէ՞»: Տուժողի օրինական ներկայացուցիչը միջնորդել է նշանակել լրացուցիչ հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննություն, բայց միջնորդությունը մերժվել է:

Փորձագետները այս գործով եզրակացրել են՝ պատահարի ու վարորդի գործողությունների պատճառահետևանքային կապին պետք է տրվի իրավական գնահատական…

Տուժողի օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվել է քաղաքացիական հայցի պահանջ 20 միլիոն դրամի չափով՝ նշվել է, որ տուժած երեխան Հունաստանում երեքամսյա վերականգնողական կուրս է անցել, անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք ձեռք բերելու համար ծախսեր են կատարվել:

Այս գործով մեղադրական եզրակացությունը առաջին անգամ դատախազի կողմից չի հաստատվել, գործը վերադարձվել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար: Լրացուցիչ քննությունը կատարվել է, երկրորդ անգամ արդեն  մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան…

Դատարանում ամբաստանյալ Գրիգոր Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նշել է, որ դեպքի օրը բուհում վերջացրել էր դասերը և ուղևորվել էր տուն: Մեքենայի մեջ մենակ էր: Եղանակը պարզ ու չոր էր: Դեպի Ա. Խաչատրյան փողոց թեքվելով՝ տեսել է, որ իր ուղեմասում մեքենաները մինչև խաչմերուկ մեկ շարքով կանգնած են: Ինքն էլ է կանգնել:  Տեսել է, որ հանդիպակաց գնացող մեքենաներ չկան, դուրս է եկել վազանցի, որ մի քանի մեքենայից առաջ անցնի: Ճանապարհի այդ հատվածում չկային արգելող ճանապարհային նշաններ, իսկ գծանշումները մաշված էին: Վազանցի դուրս գալով՝ մտածել է, թե մինչև խաչմերուկ կհասցնի վերադասավորվել իր ուղեմասում: Եթե անգամ դիմացից մեքենա գար, ինքը խոչընդոտ չէր լինի, այդ մեքենան կարող էր անցնել:

Իր մեքենան անցել է երկու-երեք մեքենայի, ու այդ պահին հանկարծ երեխան կտրուկ վազել ու հայտնվել է իր առաջ: Ինքն արգելակել է, բայց երեխան կպել է մեքենայի աջ կողմին ու ընկել է դեպի ձախ: Վազանցի պահին ինքն ընթանում էր մոտ 40 կմ/ժ արագությամբ:  Ինքը մեքենան կանգնեցրել է, որ մոտենա երեխային, այդ ժամանակ երեխային արդեն մոտեցել էին այլ մարդիկ և օգնություն էին ցույց տալիս: Ինքն առաջարկել է մեքենայով երեխային տանել հիվանդանոց, բայց ասել են, թե շտապօգնություն են կանչել: Ինքը մոտեցել է դեպքի վայր եկած ոստիկաններին, ասել է, որ վրաերթ կատարած վարորդն է, վերցրել են իր վարորդական իրավունքի վկայականը: Մեքենան տեղափոխել են հարակից բակ, որ շտապօգնության մեքենան կարողանա մոտենալ:

Ամբաստանյալը նշել է, որ 10 հազար 500 դոլարի չափով հոգացել է երեխայի բուժման ծախսերը: Նախաքննության ընթացքում ինքը եղել է շոկի մեջ, չի հասկացել՝ ինչ է կատարվում, այդ պատճառով է իրեն մեղավոր ճանաչել: Նախաքննության ժամանակ ինքն է ասել, որ կանգնած մեքենաների շարքը 70 մետր կլիներ, բայց չի ասել, որ խցանում էր:

Դատարանն արձանագրել է, որ այս գործով տուժողը մարմնական վնասվածքների հետևանքով ի սկզբանե անգիտակից վիճակում է եղել, չի կարողացել դիրքորոշում հայտնել, այսինքն՝ տուժողը, օբյեկտիվ գործոններով պայմանավորված, հնարավորություն չի ունեցել ներկայացնելու իր կամարտահայտությունը, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ: Գործի քննության ընթացքում տուժողի օրինական ներկայացուցիչը հայտնել է, թե ցանկանում է, որ Գրիգոր Հ.-ն ենթարկվի քրեական պատասխանատվության:

Դատարանը եզրահանգել է, որ մեղսագրված արարքում Գրիգոր Հ.-ի մեղավորությունը գործի քննության արդյունքում հաստատվել է:

Արձանագրվել է, որ վարորդը վազանցի դուրս գալով՝ կատարել է գործողություններ, որոնք հակասում են ՃԵԿ համապատասխան պահանջներին:

Դատարանը եկել է հետևության՝ Գրիգոր Հ.-ի կատարած արարքի անմիջական խախտումը հանդիսանում է ոչ թե վրաերթը կանխելու համար միջոցներ չձեռնարկելը, ինչի հնարավորությունը, ըստ փորձագիտկան եզրակացության՝ չի ունեցել, այլ այն, որ վարորդը խցանման ժամանակ դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ զրկված լինելով հետդասավորման իրական հնարավորությունից: Վազանցը կատարվել է անորոշ տարածություն անցնելու ցանկությամբ, առանց վերադասավորվելու ողջամիտ հնարավորությունը գիտակցելու:

Եթե անգամ հաշվի առնվի, որ տուժողը ճանապարհը հատել է չթույլատրված հատվածով, ապա միևնույնն է՝ դա Գրիգոր Հ.-ի մեղքը չի բացառում:

Դատարանը եզրահանգել է՝ Գրիգոր Հ.-ի գործողությունները՝ ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտում կատարելը, հանդիսացել է ուղղակի պատճառ՝ հետևանքի առաջացման համար, քանի որ խախտումը ժամանակային առումով նախորդել է հանցավոր արդյունքի առաջացմանը: Այսինքն, եթե Գրիգոր Հ.-ն ստեղծված պայմաններում իր մեքենան դուրս չբերեր հանդիպակաց գոտի, չկատարեր իրավախախտում, ապա անկախ հանգամանքից՝ տուժողը թույլատրելի, թե անթույլատրելի հատվածով է հատում ճանապարհը, նշված հատվածում վրաերթ տեղի չէր ունենա:

Դատարանը Գրիգոր Հ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով: Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Գրիգոր Հ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Տուժողի օրինական ներկայացուցչի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Поделиться
Класс
Send
Հասարակական 124428

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 90135

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Հասարակական 75198

Աշխատավարձերը կբարձրանան նշված ոլորտներում

Իրադարձային 74109

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Life 72276

Հուզմունքս այնքան շատ է. Անդրեն բացառիկ հրապարակում է արել բաժանման լուրերից հետո

Հասարակական 61962

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Life 61089

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Քաղաքական 59829

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 57024

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 54312

Անդրեն ու Անի Օհանյանը բաժանվել են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները