Նիկոլ Փաշինյանը դատարկ ձեռքով չի գնալու Էրդողանի հետ հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը դատարկ ձեռքով չի գնալու Էրդողանի հետ հանդիպմանը

Իրադարձային Ipress 2021-09-20 20:39:00 228
Հետևեք մեզ՝ Telegram-ում
unnamed_IMjcu.jpg

iPress.am Օրվա իշխանություններն ամեն ինչ տալիս են Ադրբեջանին և Թուրքիային՝ ակնկալելով բարիդրացիական հարաբերություններ, բայց դրա դիմաց միայն կորուստ՝ կորստի հետևից ենք ստանալու: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահին արված գաղտնի հանդիպման առաջարկին: 

Հիշեցնենք, որ երեկ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել:

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է, թե դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի և ընդգծել, մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը. «Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,-ասել է Էրդողանը:

Փորձագետի խոսքով՝Նիկոլ Փաշինյանն ունի Ցեղասպանության հարցից հրաժարվելու և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ծրագիր.

«Իր և իր հոգևոր հոր, քաղաքական ուսուցչից Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության ողջ ծրագիրն է դա՝ տարածաշրջանում, իբր, խաղաղության և կայունության հաստատելու նպատակով ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հրաժարվել Ցեղասպանության հարցից, ինչպես նաև Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ ունի Սիրիայի, Իրաք և Լիբիայի հետ, այժմ այդ երեք պետությունների տարածքում գտնվում է Թուրքիայի զինված ուժերը՝ որպես օկուպանտ երկրի զինված ուժեր»,-ասաց Հայկ Նահապետյանը:

Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան մշտապես երեք նախապայման է առաջադրել՝ Արցախի հարցի՝ իրենց համար ձեռնտու լուծում, Ցեղասպանության հարցից հրաժարում և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում:
Թուրքիայի նախագահի երեկվա ելույթից ակնհայտ դարձավ, որ այս երեք նախապայմաններին ավելացել է չորրորդը՝ Սյունիքով միջանցք բացելու պահանջը:

Ըստ զրուցակցի՝ Թուրքիան ամեն ինչ անում է Սյունիքով միջանցք ունենալու համար, որպեսզի այդտեղ իր և Ադրբեջանի զինված ստորաբաժանումները տեղակայվեն.

«Միջանցքը ստատուս է տալիս Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի ներկայությանն այդտեղ, այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի վրա»,-ասաց Նահապետյանը:

Փորձագետի դիտարկմամբ, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն է հանդիպման առաջարկ արել, վկայում է, որ նա պատրաստ է այդ նախապայմաններին, դրա համար էլ պատրաստակամ է բանակցությունների գնալ:

«Հայկական կողմը ինքն է առաջարկում, որ համաձայն է Թուրքիայի ցանկացած նախապայմանի: Եթե հանդիպման առաջարկը Նիկոլ Փաշինյանն է արել, բնականաբար, նա դատարկ ձեռքով չի գնալու, նա գնում է զիջումներ անելու, միգուցե իր երազանքն է խաղաղության մրցանակ ստանալը՝ հայկական պետականության և մեր ինքնիշխանության հաշվին»,-ասաց Նահապետյանը:

Նշենք, որ մինչ հայկական իշխանությունները շարունակ խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին, հակառակորդը շարունակում է իր սադրանքները՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում: Այսպիսով՝ ԱԱԾ հաղորդմամբ երեկ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս Քասախի երկու բնակիչ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նրանք շեղվել են ճանապարհից, մինչդեռ այդ ճանապարհը ուղիղ է և շեղվելու տարբերակ չկա, ամենայն հավանականության քասախցի երիտասարդներն առևանգվել են ադրբեջանցիների կողմից:

Անդրադառնալով այս միջադեպին ռազմական փորձագետը ևս փաստեց այս տեսակետը.

«Ես թերահավատ եմ, որ իրենք ճանապարհը շփոթել են և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, այդտեղ ընդամենը մի ճանապարհ կա: Ես հակված եմ , որ սա Հայաստանի իշխանությունների հերթական սուտն է, թե մոլորվել են, այդ երկու անձանց ադրբեջանցիներն ուղղակի առևանգել են: Եթե այս դեպքը Հայաստանի և միջազգային կառույցների կողմից չստանա համարժեք արձագանք, ապա նման առևանգումները կրկնվելու են »,-ասաց զրուցակիցը և ընդգծեց, որ առևանգումներն ինքնանպատակ չեն, դրանք նպատակ են հետապնդում այդ տարածքով անցնող ՀՀ քաղաքացիների վրա սադրանքների միջոցով ճնշումներ գործադրել, որի հետևանքով մարդիկ կվախենան այլևս այդ տարածքով երթևեկել.

«Սրանով Ադրբեջանը սկզբունքորեն կլուծի հարցը, կկտրի Գորիս-Կապան ճանապարհահատվածը նաև կփակի Իրանից Հայաստան մտնող ուղևորատար մեքենաների շարժը »,-ասաց Հայկ Նահապետյանը։

Поделиться
Класс
Send