Այսօր, նոյեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկ։
Վիրավորներին ձորից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Փրկարարները ձորից դուրս են բերել մահացածներին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին։
iPress.am-ին հայտնի դարձավ, որ վթար հետևանքով զոհերից մեկը araratnews.am-ի լրագրող Սոնա Դավթյանն է:
iPress.am-ի անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Սոնա Դավթյանի ընտանիքին և հարազատներին:

