Երեկ՝ հունվարի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Հ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 27/2 հասցեի դիմացի հատվածում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ռեփսիկ Մ-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը մեքենայով հեռացել է դեպքի վայրից։
Մինչ պարեկները նշված վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարումժ, տեղեկություններ են ստանում BMW-ի հնարավոր գտնվելու վայրի մասին ու գնալով նշված հասցե, որը դեպքի վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա էր, հայտնաբերում են BMW-ն՝ առջևի և դիմապակու հատվածը ամբողջովին վնասված։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը որոշ ժամանակ անց եկել է դեպքի վայր ու տեղում ենթարկվել սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։
Քննչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։