«Զոհվելու գիշերը մաման երազումս ասաց` հետդ եմ». Մեր անմահ հերոս Սուսաննան մասնակցել է բոլոր պատերազմներին

«Զոհվելու գիշերը մաման երազումս ասաց` հետդ եմ». Մեր անմահ հերոս Սուսաննան մասնակցել է բոլոր պատերազմներին

Բանակ Ipress 2022-09-28 00:50:00 4590
Հետևեք մեզ՝ Telegram-ում
susanna-grigoryan_HyzH3.jpg

Դիպուկահար Սուսաննա Գրիգորյանի տանն առաջինը մեզ դիմավորում է Լիլուն` Սուսաննայի շունը։ Նա գալիս է դարպասների մոտ, հոտոտում մեզ ու չնայած պոչն ընկերաբար աջ-ձախ է խաղացնում, բայց թողնում-հեռանում է։ Լիլուն սեպտեմբերի 14-ին ողջ օրը ոռնացել է` հենց այդ օրն էլ Ջերմուկում զոհվել է Սուսաննան. դրանից հետո շունը մարդկանց հոտոտում է, բայց չի խաղում հետները...Գրում է․ Armeniasputnik.am-ը

Սուսաննայի տունն Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում է` բնակելի հատվածից կտրված մի տեղ։ Տունը Սուսաննային չի պատկանում` ընկերներից մեկն է տվել, որ այնտեղ ապրի։ Սուսաննան իր ձեռքով է շինությանը դուռ-պատուհան դրել, ջուր քաշել, տանիք կապել, ներսի պատերը ներկել։ Տան պայմանները, սակայն, հեռու են այնպիսին լինելուց, որին արժանի է բոլոր պատերազմներին մասնակցած կինը։

Սուսաննայի բացակայությունից հետո տանը գրեթե ոչինչ չի փոխվել` տան մի անկյունում ավելացել է նրա մեծացրած լուսանկարներից մեկը, իսկ աղջիկը` Մարիամը, մաքրել է մոխրամանն ու լվացել սուրճի բաժակը։ Սուսաննան այս տանը մենակ էր ապրում (նա ամուսնալուծված էր). աղջիկը 8-ամյա որդու` Գեորգիի հետ Էջմիածնում վարձով է ապրում, իսկ տղան` Խաչիկը, արդեն 15 տարի է, ինչ Ռուսաստանում է ընտանիքի հետ։

«Մաման սուրճ շատ էր խմում և ծխում. 5 գդալ շաքարավազ և 3 գդալ սուրճ` էս համադրությամբ էր սուրճը խմում, ինչպես նաև անպայման պետք է սերով լիներ։ Նստում էր բազմոցին` սուրճն ու ծխախոտը ձեռքին լուրեր կարդում։ Հիմա հենց տուն եմ մտնում, հայացքով նրան եմ փնտրում, ամեն ինչ այնքան արագ եղավ, որ դեռ աչքիս առաջ է նրա` պատերազմ մեկնելը»,–ասում է Մարիամը։

 

 

Այս անգամ էլ 56-ամյա Սուսաննայի պատերազմ գնալն անակնկալ չէր` Մարիամն արդեն սովոր էր, որ սահմանային առաջին իսկ ակտիվացման դեպքում մայրը դիրքեր է մեկնում։ Սուսաննան հղի էր Մարիամով, երբ մեկնել է առաջին արցախյան պատերազմ. որոշ ժամանակ անց իջել է դիրքերից, ծննդաբերել, կարճ ժամանակ անցնելուց հետո կրկին Արցախ մեկնել։

Քառօրյա պատերազմի ժամանակ նույնպես Սուսաննան մեկնել է կռվի, որպեսզի զինվորների կողքին լինի։ Մարիամը պատմում է, որ պատերազմի ավարտից հետո երկար ժամանակ մայրը դեռ դիրքերում է եղել, որպեսզի նորակոչիկները կարողանան գնալ տուն, հանգստանալ։

2019-ին Սուսաննային «ինսուլտ է խփում», մի կողմն ամբողջովին փայտանում է։ Ընկերների օգնությամբ Սուսաննան ոտքի է կանգնում, սակայն մինչև վերջ չի կազդուրվում։ 44-օրյա պատերազմը սկսվելուց հետո Մարիամը մտածել է, որ գոնե այս անգամ մայրը չի մեկնի ռազմաճակատ, կխնայի իրեն։

 

Մարիամը հուզված, բայց ժպիտով պատմում է` «վերջին ասեղը սրսկվելու» հաջորդ օրը մայրը մեկնել է կռվի։ Չնայած դրան, երբ 44-օրյայից տուն է վերադարձել, 2 շաբաթ ոչ մեկի հետ չի խոսել. հետո կամաց-կամաց թոռն է սկսել տատիկին կյանք վերադարձնել։ Սուսաննային շատ է օգնել նաև Լիլուն, որին շների կացարանից են վերցրել և տուն բերել։

Չնայած Սուսաննայի առողջական վիճակն այն չէր, սակայն այսքան պատերազմներից հետո Մարիամի համար անակնկալ չէր նաև այս անգամ մոր` Ջերմուկ մեկնելը։ Ադրբեջանի հարձակման մասին լուրը լսելուց ժամեր անց Սուսաննան թոռանը, որն այդ օրն իր մոտ էր մնացել, տանում է Մարիամի տուն։ Հրաժեշտի խոսքեր չեն լինում` Սուսաննան գրկում է Մարիամին, համբուրում և մեկնում Ջերմուկ։

«Գիշերվա հազարին մաման եկավ մեր տուն։ Ասաց` գնում ենք, սկսել են լավ խփել։ Ինձ գրկեց, համբուրեց ու ոչինչ չասաց։ Ինչպես միշտ, այս անգամ էլ հեռախոսը տանն էր թողել։ Առավոտյան զանգեց ու տեղեկացրեց` Ջերմուկում է։ Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը երազ տեսա. մաման ինձ ասաց` հետդ եմ։ Արթնացա ու սկսեցի զանգել բոլոր մարտական ընկերներին, որ լուր իմանամ, քանի որ անհանգիստ էի, երբեք նման վատ զգացողություն չէի ունեցել։ Ընկերներից մեկն ասաց, որ մաման վիրավոր է։ Ու մինչև հերթով բոլոր հիվանդանոցներն էի զանգում, մամայի ընկերուհին ինձ զանգեց և ասաց` այլևս մի փնտրիր Սուսիկին...»,–պատմում է Մարիամն ու խեղդվում արցունքներից։

 

Սուսաննան զոհվել է սեպտեմբերի լույս 14-ին` ԱԹՍ–ի հարվածից։ Մարիամը գիտի միայն, որ դիրքը, որտեղ կռվել է մայրը, համառ մարտերի ու շատերի կյանքի գնով այժմ հայկական կողմի վերահսկողության ներքո է, «էդ դիրք թուրքը ոտք չի դրել»։ Երբ լսել են դեպի դիրք հակառակորդի առաջխաղացման մասին, մի քանիսի հետ դիպուկահար Սուսաննան առաջ է շարժվել, սկսել պայքարել։ ԱԹՍ–ի առաջին հարվածից հետո 3-4 վիրավոր են ունեցել, որոնց դիրքերից ներքև են իջեցրել և կրկին բարձրացել վերև։ ԱԹՍ–ի երկրորդ հարվածի հետևանքով էլ զոհվել է Սուսաննան։

«Երկրորդ հարվածի ժամանակ մաման զոհվեց. 7 վիրավորի և 8 զոհվածի փորձել են դիրքերից դուրս բերել։ Վիրավորներին կրակահերթի տակ իջեցրել են, իսկ զոհերին տեղափոխող մեքենան վնասվել է։ Որոշ ժամանակ անց կարողացել են նաև մեքենան իջեցնել... Հիմա ուզում եմ մամայի կյանքի վերջին պահի մասին ամեն ինչ իմանալ` ինչ է ասել, ինչ արել։ Իր մարտական ընկերներից մեկը, որը վիրավոր է, խոստացել է գալ և պատմել ամեն ինչ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․

Поделиться
Класс
Send
gagik-surenyan_aSFv4.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

crocus-city-hall_uribW.jpg

Հայտնի է դարձել Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համերգների վերադարձված տոմսերի թիվը

jur-chi-linelu-1_v0Lgk.jpg

Ջուր չի լինելու մի քանի ժամ

nairit-gorcaran_7jyRF.jpg

«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

shxtayakan-vtar_rqznh.jpg

Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում․ Հեղինակը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

jur-chi-linelu_G9Lzq.jpg

Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ

artash-asatryan_Ikb6T.jpg

Արտաշ Ասատրյանը՝ իր մահվան լուրերի մասին

dolar-rubli_W6Ax0.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_-eQnA.jpg

Այսօր այս հասցեներում լույս չի լինելու

zigzag_Htssv.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը

voghbergakan-tor_d-gHr.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են մահացած

img3015_zgA4S.jpeg

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան