Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վաղ առավոտից շարունակվել էր որոնողական աշխատանքները, ինչի շնորհիվ էլ ջրասուզակներին հաջողվեց հայտնաբերել:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 8 ջրասուզակներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանի և ջրասուզակների ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի և ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, վաղ առավոտից սկսել էին Սևանա լճում երեկվանից որպես անհետ կորած որոնվող Երևանի բնակիչ, 25-ամյա կոմպազիտորի որոնողական աշխատանքները։
Ջրասուզակները մի քանի անգամ սուզվում էին, ինչքան հնարավոր է, ջրի հատակը, սակայն տեսանելիությունը ոչ բարվոք էր։
Որոնողական աշխատանքներում ներգրավված էին նաև որոնվող աղջկա հարազատները, ընկերները։
Հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:









