Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդի կողմից արդեն «մահաբեր» ճանապարհ անուն ստացած հատվածում, «Բոմբ» ակումբի հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որից մեկը 6-7 տարեկան տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Բոլոր վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր ուղղություններում և բոլորին պատգարակներով են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Այդ մասին ասում էին դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում օգնություն ցուցաբերողներ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակիացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում հենց նույն վայրից մի քանի անգամ ավտոմեքենաներ են գլորվել ձորը և այս խնդիրը պետք է անհանգստացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ով պետք է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին պարտավորեցնի, որպեսզի մասնագետների հետ քննարկեն, գտնեն լուծում, ինչը կնվազեցնի նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
Պատճառներից մեկը նաև այդ հատվածում խոտան, դարուփոս ճանապարհն է։
