Մարտի դաշտում Արսենը կնքվեց «Զարզանդ» մականվամբ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մարտի դաշտում Արսենը կնքվեց «Զարզանդ» մականվամբ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բանակ Ipress 2024-11-24 11:48:00 180
Հետևեք մեզ՝ Telegram-ում
heros-arsen-abroyan_0D61b.jpg

Մարտի դաշտում Արսեն Աբրոյանին կնքեցին «Զարզանդ» մականվամբ։ Որդու խիզախ ու անձնազոհ կռվի մասին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց մայրը՝ Անժելա Աբրոյանը։

«Արսենը լավ շախմատ էր խաղում, դրա համար չէի կասկածում, որ լավ զինվոր պետք է լիներ։ Բարձրահասակ էր, թիկնեղ, տանը իրեն գեներալ էինք ասում, չգիտեմ՝ ինչի, երևի ինքն իրեն զինվորական էր տեսնում։ Շատ հայրենասեր էր։ Տանը շատ էի խոսում, որ տղան պետք է հայրենասեր լինի, ամեն բան սկսվում է հայրենիքից։ Ինքը այդ ոգին ուներ»,-ասում է մայրը։

2019 թվականի հունվարի 17-ին է Արսենը զորակոչվել բանակ։ Մայրը հիշում է, որ որդուն բանակ ճանապարհելն իրենց համար ուրախություն է եղել, մինչև ուշ գիշեր խնջույք են արել։ Արսենը պատրաստ է եղել ծառայությանը, շտապել է օր առաջ գնալ բանակ։ Ծառայությունը սկսել է Ագարակում։

«Այդ օրվանից սկսեցի Արսենի համար անհանգստանալ։ 40 օր հետո, որ գնացինք երդման արարողությանը մասնակցելու՝ Արսենս փայլում էր։ Զենքն այնպես ամուր էր գրկել։ Այդքան ուշադիր Արսենը այնքան ոգևորված էր, որ անցավ իմ կողքով, ոչ էլ նկատեց ինձ»,-հիշում է մայրը։

Որդին լավագույն նշանառու է ճանաչվել, բայց ծնողներին չի ասել, չի պարծեցել։ Մայրը անհանգստացել է, որ Արսենն այդքան լավ է ծառայում, քանի որ հնարավոր պատերազմից էր վախենում ու գիտեր, որ իր որդին անպայման մարտի դաշտում է լինելու։ Մայրական սիրտը չսխալվեց։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմում Արսենն այնքան անձնազոհ էր կռվում, որ նույնիսկ զինակիցների կյանքն է հասցրել փրկել։

«Ինքը ինչ-որ արել է, գիտակցաբար է արել։ 92 օր էր մնացել, որ որդիս տուն գար։ Խոսում էր, չէր ասել, որ իրենց էլ են տարել Արցախ։ Հոկտեմբերի 2-ին տարել են Ջրական։ Հոկտեմբերի 5-ը շատ է տպավորվել իմ մեջ։ Անհանգիստ էի, Արսենից լուր չկար։ Պատերազմից հետո իր հրամանատրը եկավ մեր տուն ու պատմեց, որ այդ օրը Արսենը գնացել է զինվորների առջևից։ Հասկացել են, որ շրջափակման մեջ են։ Կապ են տվել, որ Արսենը պառկի հատակին։ Արսենի վրա այդ ժամանակ եղել է ծանր զինամթերք։ Երկու ամսվա զինվորներին ասել է՝ դուք չեք կարող վերցնել, ես կվերցենմ։ Իրեն ասել են, որ իր վրայի զենքերը հանի, նոր պառկի Երկար ժամեր այդպես մնացել են, բայց Արսենի կյանքը այդ օրը փրկվել է, ողջ-առողջ դուրս է եկել։ Հոկտեմբերի 6-ին զանգեց։ Այդ օրն առաջին անգամ իր ձայնում դող զգացի»,-պատմեց մայրը։

Արսենը վիրավորում է ստացել, բայց շարունակել է իր կռիվը։ Տանկեր է խոցել, բլուր են գրավել։ Արսենի ճիշտ կրակելուց է կախված եղել զորքի կյանքը։ Արսենը նռնականետով կրակել է՝ թշնամու հետևակին պատճառելով մեծաթիվ կորուստ։

«Ասում են՝ անգամ հրամանատարներն են սաստել, որ առաջ չգնա։ Պատմում են, որ չէր վախենում, տպավորություն է եղել, թե Արսենը բակային կռիվ է տալիս, կրակների միջով վազել է, արել է ամեն բան՝ մտածելով, որ իր նման, եթե նվիրվեն, կլինի հաղթանակ, թուրքը չի հասնի սահմանին, Արցախը չեն կորցնի»,-ասում է մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send