Կրակոց նախկին գործընկերոջ գլխին

Կրակոց նախկին գործընկերոջ գլխին

Իրավունք Ipress 2020-07-11 22:25:00 1845
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gttt_EHcK6.jpg

Առաջին Լրատվականը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Մհեր Արղամանյան, Անդրանիկ Մնացականյան, Ալեքսանդր Ազարյան կազմով, քննվում է պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը Արմեն Կախյանի գործով

Նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցից» դատարանը գրություն է ստացել, համաձայն որի՝ ամբաստանյալ Արմեն Կախյանը, որ մեկուկես ամիս առաջ ենթարկվել է սրտի վիրահատության՝ ստենդավորման, ներկայումս մի քանի ախտորոշմամբ ծանր առողջական վիճակում է և չի կարող մասնակցել դատական նիստին:

Դատական նիստին չէին ներկայացել նաև տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը՝ հանրային պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև մեղադրող դատախազը, որը, ըստ դատարան  ուղարկված գրության՝ գտնվում է հերթական արձակուրդում:

Նիստին ներկայացել էին ամբաստանյալի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Ռ. Հակոբյանն ու Ա. Կարապետյանը:

Պաշտպանները նշեցին, որ իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու, անազատության հետ չկապված այլ խափանման միջոց, մասնավորապես ՝ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ունեն, որը ցանկանում են ներկայացնել հենց այս նիստին՝ նկատի ունենալով Արմեն Կախյանի առողջական վիճակը:

Դատարանը անցավ պաշտպանների միջնորդության ունկնդրմանը:

Հիշեցնենք, որ դեպքի պահին Արմեն Կախյանը 42 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության,  ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և ՀՀ պետական սահմանը անօրինական հատելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով:

2016 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Արմեն Կախյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Հետախուզման մեջ գտնվող Արմեն Կախյանը 2016 թվականի հունիսի լույս 26-ի գիշերը, ժամը 00:19-ին հայտնաբերվել էր Բագրատաշենի սահմանային անցակետում, նույն օրը բերման էր  ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:

Արմեն Կախյանին  մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար,  որ «նա ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ակոսափող տեսակի ատրճանակով 2016 թվականի փետրվարի 22-ին, ժամը 1-ի սահմաններում Լոռու մարզի Վահագնի գյուղի 1-ին փողոցում ՌԴ-ում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա վիճաբանել է համագյուղացի Նվեր Ք.-ի հետ, որի ժամանակ սպանելու դիտավորությամբ 1 անգամ կրակել է տուժողի գլխին և կյանքից զրկել է նրան:

Բացի այդ, Արմեն Կախյանը, գտնվելով հետախուզման մեջ, 2016 թվականի փետրվարի 22-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում չպարզված վայրով, առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ  սահմանը, ինչից հետո 2016 թվականի հունիսի 25-ին հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետությունում»:

Քրեական գործը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել և վարույթ էր ընդունվել 2016 թվականի օգոստոսին:

Գործը դատական քննության էր նշանակվել 2017 թվականի մարտին: Գործի դատական քննությունը տևել է համարյա… 3 տարի:

Առաջադրված մեղադրանքում Արմեն Կախյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և և հայտնել է, որ տուժող Նվեր Ք.-ի հետ մանկությունից եղել են լավ ընկերներ: Ինքն իր միջոցներով ՌԴ-ում հիմնադրել է փայտամշակման արտադրամաս, Նվերին և մի քանի տղաների տարել է իր արտադրամասում աշխատելու:

Համատեղ աշխատելու ընթացքում իրենց միջև եղել են տարաձայնություններ:

Ինքը Նվերի արարքներից նեղված՝ վերադարձել է Հայաստան: Որոշ ժամանակ անց իր ընկերներից մեկն ասել է. «Էս ինչե՞ր ես անում… Իմացել ես, որ քո ընտանիքի հետ կապված դեպքը լինելու է, Նվերի  ու Կորյունի հետ գնացել ես Վրաստան»:

Ընկերը նկատի ուներ, որ իր ընտանիքի 7 անդամներին իրենց բնակարանում սպանելու օրը ինքը Նվերի և Կորյունի հետ գտնվել է Վրաստանում: Ինքը պարզել է, որ Նվերն է այդպիսի բաներ ասել, զանգել է նրան, հարցրել է, թե ինչու է նման բան ասել:

Նա պատասխանել է, որ այդպես է ենթադրել:

Ինքը Նվերին ասել է. «Թքեմ քո վրա, որ ընկերություն ենք արել, ու դու տենց բան ես մտածել իմ վրա»: Հետո նրա հետ չի շփվել, նրան այլևս չի հանդիպել, իսկ Նվերը շատ անգամ է գնացել իր օբյեկտ, խմել ու ջարդել է ամեն ինչ, բայց ինքը ոչինչ չի ասել: Հետո իմացել է, որ Նվերն ուզում է հանդիպել և զրուցել իր հետ` հաշտվելու նպատակով: Իրենք հանդիպել են, բայց ինքը նրա հետ չի հաշտվել,  ասել է. «Գնա քո կյանքով ապրի»:

Դեպքի նախորդ օրն ինքը գտնվել է Ռուսաստանում: Կնոջ զանգով շտապ եկել է Հայաստան՝ երեխայի առողջական վիճակի հետ կապված: Առավոտյան երեխային տարել է Դիլիջանի հիվանդանոց: Պարզվել է՝ լուրջ խնդիր չկա:

Նույն օրը ինքը Վանաձոր վերադառնալուց հետո մենակ գնացել է Վահագնի գյուղ՝ իր հարազատների գերեզմաններին այցի: Վահագնի գյուղով անցնելիս Բեգոյի տան դիմաց նկատել է կապույտ  «Ֆորդ»  ավտոմեքենա: Գերեզմաններից վերադառնալու ճանապարհին նորից տեսել է  կապույտ մեքենան, որը շարժվում էր իր ետևից: Երբ հասել են  գյուղամեջ, հետևից եկող մեքենան ձայնային ազդանշաններ է տվել, բարձր արագությամբ մեկ աջ, մեկ ձախ է  մտել, փորձել է վազանց կատարել ու հայտնվել է իր մեքենայի կողքին: Ինչ-որ առարկայի կոտրվելու ձայն է լսել, ենթադրել է, որ այդ մեքենան հարվածեց կամ իր մեքենային կամ պատին: Իր  մարմնով դող է անցել, ինքը նյարդայնացել է,  չի հասկացել՝ ինչ է կատարվում, հետո կապույտ մեքենան արագ առաջ է անցել: Երբ մոտեցել է Բեգոյենց տանը, տեսել է, որ Նվերը ճանապարհի մեջտեղով վազելով գալիս է դեպի իր մեքենան: Հասնելով իր  մեքենային՝ նա ձեռքերը դրել է «կապոտին»,  ինքը մեքենան կանգնեցրել է:

Նվերը ուժեղ քաշելով բացել է մեքենայի դուռը և վիրավորական խոսքով հարցրել է՝ ինչո՞ւ ճանապարհ չէր տալիս: Ինքն էլ հակադարձել է վիրավորանքը ու հրել է նրան, նա ընկել է: Ինքը տեսել է, որ Բեգոն էլ իջավ Նվերի մեքենայից: Նվերը դեռ ընկած էր ու չէր կարողանում կանգնել: Նա իր կարծիքով՝ հարբած էր, մի կերպ կանգնել, նորից ընկել է: Երեք անգամ փորձելուց հետո կանգնել  ու  ասել է. «Էս գերեզմաններ էիր գնացե՞լ, այ …», ու հայհոյել է իր հանգուցյալ հարազատների հասցեին… Շարունակելով հայհոյել՝ նա  ավելացրել է. «Դե իմացի, արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել»: Նկատի ուներ իրենց տան էլեկտրական անջատիչը, որից տան լույսերն անջատել էին իր ընտանիքի անդամներին սպանելուց առաջ…

Դրանից հետո ինքը համարյա ոչինչ չի հիշում: Հիշում է միայն, որ Նվերն ընկած էր,  նրա գլխից արյուն էր հոսում: Հիշում է նաև, որ Բեգոն ասում էր. «Վեր կաց, Նվեր»:

Զենքը Նվերի ձեռքին էր, նա զենք էր հանել իր վրա,թե որտեղից՝ ինքը  չի հիշում, չի հիշում՝ լիցքավորել է, թե չէ: Ինքը երկու ձեռքով բռնել է Նվերի ձեռքի զենքը, քաշքշուկ է սկսվել, խուլ կրակոցի ձայն է լսել, հետո Նվերն ընկել է:

Ամբաստանյալն ասել է. «Նա իր ձեռքից է խփվել` իմ ձեռքով»:

Հետո ինքը նստել է մեքենա, «իներցիայով» հասել է  3-4 կմ հեռավորության վրա գտնվող՝ իր ընտանիքի անդամների հիշատակին կառուցված հուշաղբյուրի մոտ: Թե ոնց է գնացել, չի հիշում: Աղբյուրի մոտ ուշքի է եկել, լվացվել է, մոտ 2 ժամ մնացել ու ոտքով հեռացել:

Արմեն Կախյանը հայտնել է նաև, որ իր ու Նվեր Ք.-ի ընկերական հարաբերություների վատանալու պատճառ է եղել Ռուսաստանում իրենց միջև առաջացած կոնֆլիկտը, ինչպես նաև այն, որ Նվերը  սուտ տեղեկություններ է տարածել, իբր՝ 2000 թվականին իր ընտանիքի 7 անդամների սպանության օրն ինքն իմացել է,  որ այդպիսի բան է լինելու, և գնացել է Վրաստան: Այդ մասին իմանալուց հետո ինքը  Նվերի հետ չի շփվել մինչև դեպքի օրը:

Արմեն Կախյանը հայտնել է, թե հուշաղբյուրի մոտ ուշքի գալուց հետո իր մեքենայի նստատեղին նկատել է զենքը, բայց տեղյակ չէ, թե ինչպես է այն հայտնվել իր մեքենայում:

Արմեն Կախյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին, 235  հոդվածի 1-ին և 329 հոդվածի 1-ին մասերով իրեն մեղավոր չի ճանաչել:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրահանգել է, որ Արմեն Կախյանին  առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 329 հոդվածի 1-ին մասերով հիմնավորված է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով:

Տուժողի իրավահաջորդը՝ կինը, ամբաստանյալից որևէ գույքային, այդ թվում՝ հուղարկավորության ծախսերի հատուցում  չի պահանջել, միայն պահանջել է նրա նկատմամբ նշանակել արդարացի խիստ պատիժ:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված չի համարել ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքը, ճանաչել ու  հռչակել է Արմեն Կախյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և արդարացրել է նրան:

Արմեն Կախյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104  հոդվածի 1-ին և 329 հոդվածի 1-ին մասերով և վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 26-ից:

Արմեն Կախյանի շահերի պաշտպան, փաստաբան Ա.  Կարապետյանը մեր զրույցում նշել էր, որ առաջին ատյանի դատարանում դատախազը Արմեն Կախյանի համար պահանջել է 9 տարի  6 ամիս ազատազրկում: Դատարանը Կախյանին մեղսագրված երեք հանցավոր արարքներից մեկով՝ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, արդարացրել է Կախյանին, մեղավոր է ճանաչել երկու արարքի համար և միևնույնն է՝ դատախազի միջնորդած պատժից մեկ տարի էլ ավել՝ ակնհայտ խիստ պատիժ է նշանակել՝  10 տարի 6 ամիս ազատազրկում:

Ըստ պաշտպանական կողմի՝ Արմեն Կախյանի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական՝ նա գործել է՝ գտնվելով ծանր ու լարված հոգեվիճակում, գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ, ծայրահեղ դեպքում՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ:

Դատական այս նիստին պաշտպանները չանդրադարձան բուն վերաքննիչ բողոքին, այլ՝ ներկայացրին միջնորդություն՝ Արմեն Կախյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Կախյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռ. Հակոբյանը  վերլուծեց իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերի առկայությունն ու հիմնավորվածությունը:

Պաշտպանը նշեց՝ այո, դեպքից հետո Արմեն Կախյանը թաքնվել է, նա գտնվել է հետախուզման մեջ: Սակայն  պետք է նկատի առնել, որ այն ժամանակ Արմեն Կախյանը մեծամասամբ թաքնվել է տուժող կողմի վրեժխնդրությունից: Եվ նրա անհանգստությունը, ըստ պաշտպանի, հիմնավոր է եղել՝ դեպքից երկու օր անց հրկիզվել է Կախյանի՝ գյուղում գտնվող առանձնատունը: Դրա փաստով հարուցվել է քրեական գործ, սակայն առայսօր հրկիզումը մնում է չբացահայտված…

Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ապա քննությունից Արմեն Կախյանի թաքնվելու վտանգը էականորեն նվազել է: Դատարանը նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել 10 տարի 6 ամիս ազատազրկում, որից Արմեն Կախյանը կրել է ավելի քան  4 տարին: Եթե նույնիսկ վերաքննիչ դատարանը մերժի պաշտպանների վերաքննիչ բողոքը, այնուհետև Վճռաբեկ ատյանն էլ անփոփոխ թողնի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտն ու այն մտնի օրինական ուժի մեջ, ապա Համաներման վերջին ակտի կիրառմամբ Արմեն Կախյանի պատժաժամկետը կրճատվելու է ևս 9 ամսով: Ստացվելու է, որ նա կրել է պատժի շուրջ 5 տարին: Կախյանը կարող է ազատ արձակվել պայմանական-վաղաժամկետ՝ պատժի 2/3-ը կրելով, այսինքն՝ անիմաստ կլինի, որ նա պատժի էական մասը կրած լինելու պարագայում թաքնվի կամ խոչընդոտի դատական ակտի կատարմանը:

Պաշտպանը վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ Արմեն Կախյանի խնամքին են 2 անչափահաս երեխաները, ինչպես նաև անկողնային հիվանդ հորաքույրը, ում խնամքով Կախյանը զբաղվում է տարիներ ի վեր:

Ինքը՝ Արմեն Կախյանը, ինչպես դատական նիստում վերաքննիչ դատարանը հավաստիացավ «Դատապարտյալների հիավանդանոցից» ստացված տեղեկանքը հրապարակելով՝ առողջությամբ «աչքի չի ընկնում»:

Պաշտպանը նշեց՝ որպես Կախյանի պատշաճ վարքագծի երաշխիք՝ կարող է նրա անձնագիրը պահվել վարույթն իրականացնող մարմնի մոտ, կարող է սահմանափակվել Կախյանի ելքը Հայաստանի Հանրապետությունից:

Որպես Կախյանի պատշաճ վարքագծի երաշխիք, ըստ պաշտպանի, կարող է դիտարկվել նաև գրավը: Պաշտպաններն առաջարկել էին որպես գրավի չափ դիտարկել 2 միլիոն դրամ գումարը, իսկ եթե դատարանը նպատակահարմար համարի ավելի մեծ գումար, ապա՝ ըստ դատարանի հայեցողության:

Ինչ վերաբերում է դատավարության կողմերի վրա անօրինական ազդեցություն գործելու հիմքին, ապա ըստ պաշտպանի՝ դատավարության այս փուլում տվյալ հիմքը իսպառ բացակայում է, քանի որ ընդհանուր իրավասության դատարանում արդեն իսկ հետազոտված են գործով ձեռք բերված բոլոր ապացույցները:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց Կախյանի անձի վրա՝ նախկինում դատապարտված չի եղել, բարձրագույն կրթություն ունի, խնամքին են անչափահաս երեխաները, վատառողջ հորաքույրը: Պաշտպանը հիշատակեց, որ Կախյանի առաջին ընտանիքը զոհ է գնացել 2000 թվականին կատարված ծանր հանցագործությանը…

Առողջական տեսակետից էլ, մանավանդ սրտի ստենդավորումից հետո, որը կատարվել է կարճ ժամանակ առաջ՝ մայիսի 16-ին,  Արմեն Կախյանը ծանր վիճակում է:

Պաշտպանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը, որպես Կախյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առել տուժողի վարքագծի հակաօրինականությունը:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև կորոնավիրուսի համավարակի ներկա պայմաններում Արմեն Կախյանի՝ ռիսկային խմբում գտնվելու հանգամանքի վրա:

Պաշտպանն ընդգծեց՝ գրավի կիրառումը բավարար երաշխիք կարող է լինել, որ ազատության մեջ գտնվելով՝ Արմեն Կախյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ՝ մինչև գործի՝ վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում քննության ավարտը, մինչև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պահը:

Դատարանը պաշտպաններին հարց ուղղեց՝ հենց պաշտպանն իր  խոսքում հիշատակեց տուժող կողմի վրեժխնդրությունից Կախյանի անհանգստության հանգամանքը, արդյոք չեզոքացե՞լ է այդ վտանգը:

Պաշտպան Ռ. Հակոբյանը նշեց՝ ընդհանուր իրավասության դատարանում դատական քննությունը տևել է շուրջ երեք տարի, տուժող կողմը արտառոց քայլերի չի դիմել, պատշաճ վարքագիծ է դրսևորել, բայց կա նաև դեպքից հետո հրկիզված առանձնատան հանգամանքը, հրկիզումը դեռևս բացահայտված չէ, հետևաբար՝ դժվար է միանշանակ ասել, թե վտանգը լրիվ չեզոքացվել է…

Վերաքննիչ քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց որոշումը՝ պաշտպանների միջնորդությունը մերժվեց:

Արմեն Կախյանի խափանման միջոցը կշարունակի մնալ կալանավորումը:

Դատական հաջորդ նիստին պաշտպանները կներկայացնեն ու կհիմնավորեն իրենց վերաքննիչ բողոքը:

Поделиться
Класс
Send
hndiky-voronvuma_UnEIF.jpg

Հնդիկ է անհետ կորել

lav-lur_9DGMa.jpg

ԼԱՎ ԼՈՒՐ՝ երեխային մանկապարտեզ տանող ծնողների համար

levon-azayan_vW6Sk.jpg

Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան

rublin-tankacav-1_wQp8O.jpg

Ռուբլին թանկացավ․ Նոր փոխարժեքներ սահմանվեց

stepany-mahacav-1_sAALD.jpg

20-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

arexcvacayin-depq_Hph0s.jpg

Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վանաձորում

13-amya-axjik_ouGxS.jpg

13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել 74 և 66 տարեկան տղամարդիկ․ Ովքեր են նրանք․ Մանրամասներ

inqntir-e-korcanvel_rkux-.jpg

Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

brnutyun__lvOp.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել. բժիշկները պայքարում են կյանքի համար

1-or-jranjatum_WJ3UL.jpg

Տեղեկացեք․ 1 օր ջուր չի լինելու

exanaky-hayastanwum_IK2jr.jpg

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

goxutyun_U1lp7.jpg

Նոր մանրամասներ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործից