Կապիտանը զորամասից զենք է գողացել ու եղբոր հետ ավազակային հարձակումներ կատարել $25 հազար պարտքը փակելու համար

Կապիտանը զորամասից զենք է գողացել ու եղբոր հետ ավազակային հարձակումներ կատարել $25 հազար պարտքը փակելու համար

Իրավունք Ipress 2020-07-05 14:01:00 1965
Հետևեք մեզ՝ Telegram-ում
dhhhh_7w5dy.jpg

Առաջին Լրատվականը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գագիկ Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Դատարանի հին անունն է հիշատակված, որովհետև այս գործի քննության ժամանակ դատարանը դեռ այդպես էր կոչվում: Եվ ամբաստանյալներն էլ երկուսն էին՝ նույն ազգանունով երիտասարդներ, հարազատ եղբայրներ Գագիկ և Արամ Ա.-երը:

Վերաքննիչ բողոք բերվել է միայն Գագիկի մասով:

Այս գործը իր դատական ընթացքն ունեցել է տարիներ առաջ, դատական ակտերը վաղուց օրինական ուժի մեջ են մտել, իսկ եղբայրներից՝ Արամի պատժաժամկետը լրացել է:

Բայց ներկայումս գործը վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է, որովհետև Գագիկ Ա.-ի մասով վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազ Դ. Մելքոնյանը:

Ըստ դատական ակտերի՝ 1981 թվականին ծնված Գագիկ Ա.-ն բարձրագույն կրթություն էր ստացել, անցել էր զինվորական ծառայության: Նա դասակի հրամանատար  էր, կոչումով՝ կապիտան: Գագիկի կրտսեր եղբայր Արամը ծնվել է 1992 թվականին, վատառողջ է:

Գագիկ Ա.-ն մեղադրվել է քրեական օրենսգրքի մի ամբողջ փունջ հոդվածներով: Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել հետևյալը:

Դասակի հրամանատար, կապիտան Գագիկ Ա.-ն 2010 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը՝ 3 օր  12 ժամ, և 2010 թվականի նոյեմբերի 3-ից 6-ը՝ 3 օր 19 ժամ 30 րոպե, առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության:

2010 թվականի դեկտեմբերին Գագիկ Ա.-ն ունեցել է ընդհանուրը՝ 25 հազար դոլարի չափով պարտք, որը մարելու նպատակով որոշել է կատարել զինված ավազակային հարձակումներ և ուրիշի գույքի հափշտակություններ: Այս նպատակն իրագործելու համար նա որոշել է ինքնաձիգ հափշտակել իր ծառայության վայրից:

2010 թվականի դեկտեմբերի 11-ին Գագիկը սեփական նախաձեռնությամբ փոխարինել է գումարտակի հերթապահ կապիտանին՝ ստանձնելով և իրականացնելով գումարտակի օրվա վերակարգի հերթապահությունն ու պատասխանատվություն կրելով գումարտակի ամբողջ սպառազինության և զինամթերքի պահպանման համար:

Այնուհետև օգտվելով զինանոցի մոտ օրապահի բացակայությունից և էլեկտրական ազդանշանի անսարքությունից՝  դեկտեմբերի լույս 12-ի գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում, Գագիկ Ա.-ն մտել է գումարտակի զինանոց և հափշտակել մեկ ինքնաձիգ:

Ավազակային հարձակումները կատարելու համար Գագիկ Ա.-ն 2010 թվականի դեկտեմբերի 16-ին տաքսի ծառայությունից վարձակալել է «Օպել Աստրա» մեքենա՝ օրական 20 հազար դրամով: Որպես երաշխիք՝ նա տաքսի ծառայությունում թողել է իր անձնագրի պատճենը, որի վրա գրված են եղել մեքենան վարձակալելու ժամանակը, մուծված գումարի չափը, Գագիկի  բջջային հեռախոսի համարը:

Գագիկի առաջարկությամբ նրա կրտսեր եղբայր Արամը նրա հետ նախնական համաձայնության է եկել զինված ավազակային հարձակումներ գործելու վերաբերյալ:

2010 թվականի դեկտեմբերի լույս 17-ի գիշերը, ժամը 00:45-ի սահմաններում  Գագիկն ու Արամը վարձակալած մեքենայով գնացել են Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի մոտ, դիմակավորվել են ու մտել գրասենյակ: Գագիկը զորամասից հափշտակած ինքնաձիգից մեկ անգամ կրակ է արձակել, այնուհետև եղբոր՝ Արամի հետ հարձակվել է գրասենյակի աշխատող Դավիթի վրա, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են  240 հազար դրամ: Չբացահայտվելու և առանց խոչընդոտների դեպքի վայրից հեռանալու համար Գագիկը ինքնաձիգն ուղղել է գրասենյակում գտնվող երեք անձանց վրա, նրանց պարտադրել է մտնել գրասենյակի մեկ ուրիշ սենյակ և սպառնալիքներ տալով՝ փակել է այդ սենյակի մուտքի դուռը՝ վերջիններիս 3 րոպեով ապօրինի զրկելով ազատությունից:

Գրասենյակից դուրս գալով՝ Գագիկ Ա.-ն հետը տարել է նաև կրակված փամփուշտի պարկուճը, իսկ այնուհետև ինքնաձիգը աննկատ վերադարձրել է գումարտակի զինանոց:

Դրանից հետո Գագիկը ևս մեկ անգամ որոշելով նույն եղանակով ավազակային հարձակում կատարել եղբոր հետ, 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ստանձնել է գումարտակի տվյալ օրվա վերակարգի հերթապահությունը: Դեկտեմբերի լույս 18-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Գագիկ Ա.-ն մտել է զորամասի զինանոց ու հափշտակել է մեկ ինքնաձիգ:

Այնուհետև դարձյալ եղբոր՝ Արամի հետ, Գագիկը  2010 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 22-ն անց 20-ի սահմաններում «Օպել Աստրա» մեքենայով գնացել է Երևանի Խորենացի փողոցում գործող ինտերնետ ակումբ: Սկզբում մեքենան կանգնեցրել են մոտակա սուպերմարկետի մոտ, ուսումնասիրել են տարածքն ու հեռացել են: Մի քանի րոպե անց վերադարձել են, դիմակավորվել ու մտել են ինտերնետ ակումբ: Այնտեղ Գագիկը իր մոտ եղած ինքնաձիգից մեկ անգամ կրակել է առաստաղին, ապա եղբոր հետ հարձակվել է ակումբի տնօրենուհու վրա ու սպառնալիքներով հափշտակել են 100 հազար դրամ ու վերջինիս 22 հազար դրամ արժողությամբ պայուսակը, որի մեջ եղել են կնոջ անձնագիրն ու սոցիալական քարտը:

Չբացահայտվելու և դեպքի վայրից առանց խոչընդոտների հեռանալու նպատակով Գագիկը ինքնաձիգը ցուցադրելով և ուղղելով ակումբում ներկաների վրա, սպառնալիքներով նրանց պարտադրել է մտնել ակումբի մեկ այլ սենյակ՝ շուրջ 2 րոպե նրանց զրկելով ազատությունից:

Դրանից հետո Գագիկ Ա.-ն քննությամբ չպարզված վայրում այրել է հափշտակված պայուսակում եղած փաստաթղթերը՝ անձնագիրն ու սոցիալական քարտը:

2010 թվականի դեկտեմբերի 27-ին Գագիկն ու Արամը նախնական համաձայնությամբ ժամը 19-ի սահմաններում գնացել են Արմավիր քաղաքի տներից մեկը: Նրանք դիմակավորվել են, մուտք են գործել տուն, որտեղ Գագիկ Ա.-ն իր մոտ եղած ինքնաձիգն ուղղել է տանտիրուհու, նրա դստեր ու հարսի վրա, սպառնալիքներ է տվել և  հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն դրամ ընդանուր արժողությամբ տարբեր տեսակի ոսկե զարդեր, որոնց մի մասը լցրել են պոլիէթիլենային տոպրակի մեջ, իսկ մի մասը հափշտակել են փոքր արկղերով:

Հեռանալուց առաջ Գագիկ Ա.-ն զենքի սպառնալիքով տանը գտնվող երեք կանանց առանձնացրել է սենյակներից մեկում ու պահանջել է չզանգել որևէ տեղ:

2010 թվականի դեկտեմբերի 28-ին Գագիկն ու Արամը գնացել են զորամաս, որտեղ Գագիկը գաղտնի սպաների սենյակ է տարել ու այնտեղ թողել իր կողմից հաշտակված ինքնաձիգը, որը հայտնաբերվել է զինծառայողների կողմից:

Երկու օրվա ընթացքում Գագիկ Ա.-ն «Ոսկու աշխարհ» տոնավաճառում 587 դոլարով վաճառել է հափշտակված ոսկե զարդերից՝  3 ոսկե շղթա ու տղամարդու մեկ ոսկե մատանի, որոնք հայտնաբերվել են գործի նախաքննության ընթացքում:

Դեկտեմբերի 30-ին Գագիկի վարձակալած «Օպել Աստրա» մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է դեղին պոլիէթիլենային տոպրակ՝ 18 միլիոն 747 հազար 350 դրամի ոսկե զարդերով:

Բացի թվարկված արարքներից, ըստ դատական ակտի, Գագիկ Ա.-ն  2008 թվականին գտել ու իր բնակարանում պահել է 200 գրամ տրոտիլային պայթաղյուս:

Դատարանում Գագիկը նշել է, որ եղբոր հետ նախնական համաձայնության չի եկել, այլ տարբեր եղանականերով եղբորը վախեցրել ու ստիպել է մասնակցել հարձակումներին: Դատական քննության ավարտին Գագիկ Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատաքննության ավարտին Արամ Ա.-ն նույնպես իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 3-րդ մասով, 238 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ,  4-րդ, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 324 հոդվածի 2-րդ մասերով:

Գագիկ Ա.-ն վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի ազատազրկման և տուգանքի՝ 300 հազար դրամի չափով: Պատժի սկիզբը՝ 2010 թվականի դեկտեմբերի 29-ից:

Արամ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով: Նա վերջին հաշվով դատապարտվել է  9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2010 թվականի դեկտեմբերի 29-ից:

Դատարանը վճռել է Գագիկ ու Արամ Ա.-երից համապարտության կարգով հօգուտ տուժողներից մեկի բռնագանձել 21 միլիոն 252 հազար  650  դրամ՝ որպես հափշտակված ու գործի քննությամբ չհայտնաբերված ոսկե զարդերի արժեքի հատուցում:

Հայտնաբերված 18 միլիոն 747 հազար 350 դրամի ոսկե զարդերը վերադարձվել են տուժողին:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել  Արամ Ա.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով մեղմացնել իր պաշտպանյալի նկատմամբ սահմանված պատիժը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Եվ ահա դեպքերից  շուրջ 9 ու կես տարի անց դատախազը բողոքարկել է դատավճիռը Գագիկ Ա.-ի մասով՝ պահանջելով ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 3-րդ մասով նշանակված պատժի մասով դատաճիռը փոփոխել, կայացնել նոր դատական ակտ:

Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական ծառայության վայր առանց հարգելի պատճառի երկու անգամ երեքական օրով չներկայանալու համար Գագիկ Ա.-ի նկատմամբ սահմանել էր 6 ամիս ազատազրկում: Այդ պատիժը գումարվել էր Գագիկին մեղսագրված մյուս արարքների համար սահմանված առանձին-առանձին պատժաժամկետներին, վերջնական պատիժը կազմել էր 12 տարի ազատազրկումը և 300 հազար դրամ տուգանքը:

 

Поделиться
Класс
Send
13-amya-axjik_ouGxS.jpg

13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել 74 և 66 տարեկան տղամարդիկ․ Ովքեր են նրանք․ Մանրամասներ

inqntir-e-korcanvel_rkux-.jpg

Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

brnutyun__lvOp.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել. բժիշկները պայքարում են կյանքի համար

1-or-jranjatum_WJ3UL.jpg

Տեղեկացեք․ 1 օր ջուր չի լինելու

exanaky-hayastanwum_IK2jr.jpg

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

goxutyun_U1lp7.jpg

Նոր մանրամասներ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործից

ahazang-lunapark_oP5h6.jpg

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Մանրամասները

hangucyal_z7DbR.jpg

Բրազիլիայում կինը հանգուցյալին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

larvac-iravichak_eIrEx.jpg

Լարված իրավիճակ Աբովյան փողոցում․ Մանրամասներ

vache-tovmasyan_q7pR_.jpg

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

dolar-rubli_CAfmn.jpg

Ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներ սահմանվեց ԿԲ-ի կողմից

voghbergakan-vtar_6DZXp.jpg

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Կա զոհ և վիրավոր