Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը, ով եղել է հրազենային վնասվածքներով, հիվանդանոց է տեղափոխվել Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից։
Պարեկները չսպասելով բժիշկների ժամանմանը, իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են բինտ ու բամբակ, ապա առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել են Lexus, Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։