«Ասել են՝ իջե՛ք, ձեզ լավ տեղ ենք տանում, տարել են գրավված Հադրութ»․ ինչպես զոհվեցին 73 զինվորները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Ասել են՝ իջե՛ք, ձեզ լավ տեղ ենք տանում, տարել են գրավված Հադրութ»․ ինչպես զոհվեցին 73 զինվորները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Բանակ Ipress 2024-07-07 22:48:00 519
Հետևեք մեզ՝ Telegram-ում
andranik-ohanyan_aDh2x.jpg

Ինձ շատ էր սիրում, մտնում էր տուն ու ասում՝ մամ ջան, այդ «ջան»-ը միշտ կար։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց 44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկ Օհանյանի մայրը՝ Կարինե Հովսեփյանը։

«Կյանքում իր համար ամեն ինչը ուրախություն էր, սեր կար իր մեջ, շատ։ Միշտ լավ հույսեր ուներ։ Ինքը թեթև ապրող երեխա էր։ Ինքն ինձ միշտ խնամում էր, իմ դեղորայքն էր առնում, հոգսը վերցրել էր իր վար։ Շատ երազանքներ ուներ ու կհասներ դրանց։ Ուժեղ էր շատ, կոփված էր»,-պատմում է մայրն ու ավելացնում, որ վախ ուներ, չէր ուզում, որ որդին ծառայության գնա։

Տիկին Կարինեն հորդորել է, որ որդին մնա իր մոտ։ Անդրանիկը նաև առողջական խնդիրներ է ունեցել, բայց դա էլ նրան խոչընդոտ չի եղել։ Անդրանիկը վստահ էր, որ տղան պետք է ծառայի։ Իմանալով իր առողջական խնդիրների մասին, Անդրանիկը գնացել է զինկոմիսարիատ ու ասել, որ ինքը պետք է ծառայի։ 2019 թվականի հունվարի 16-ին Անդրանիկը զորակոչվում է բանակ։ Ծառայել է «Մարտունի 3»-ում։

«Շատ երջանիկ էր։ Ասում էի՝ Անդրանիկ, հո՞ չես նեղվում, առողջական խնդիրներ չունե՞ս։ Ասում էր՝ մամ ջան, նենց սառը օդ ա, ես ինձ շատ լա եմ զգում այստեղ»,-հիշում է մայրը։

Երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամին սանձազերծեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ, Անդրանիկի տուն գալուն շատ քիչ ժամանակ էր մնացել․ «Ասում էի՝ Անդրանիկ ջան, դու պիտի տուն գաս, դու անպայման պիտի տուն գաս, դու պիտի հաղթած տուն գաս»։

Անդրանիկի և տիկին Կարինեի վերջին հեռախոսազրույցը եղել է հոկտեմբերի 10-ին, այդ օրն էլ մայրը որդուն հիշեցրել է, որ նա պետք է անպայման տուն գա, իսկ որդին ասել է, որ իրենց 2-րդ գիծ են տարել։

«Գոռ Իշխանյանը հրաման է տվել՝ պոստերից իջեք, ձեզ լավ տեղ ենք տանելու, երեխաներն իջել են։ Մարտական տրամադրված, ուրախ, երգելով ճանապարհ են ընկնում, չեն էլ մտածում, որ կարող են շրջափակման մեջ ընկնել։ Հադրութի 9-րդ շրջադարձ են ասում, այդ հատվածում թուրքերն իրենց շրջափակման մեջ են գցում։ Իրենց ավտոմեքենաները կանգնեցրել են հայի համազգեստով ադրբեջանցի զինվորականները։ Այդ ընթացքում արդեն ով ոնց կարողացել է՝ փախել է, Անդրանիկը մահացել է բեկորից»,-պատմում է մայրը։

Տիկին Կարինեն որդու մահվան համար մեղադրում է «Մարտունի-3» զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանին։

Նշենք, որ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Գոռ Իշխանյանը մեղադրվում է 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել են ծանր հետևանքներ:

Նրա նկատմամբ դատական հայց են ներկայացրել զոհված զինծառայողների ծնողները, որոնց պնդմամբ՝ Գոռ Իշխանյանը 73 հոգանոց վաշտին, 2020թ. հոկտեմբերի 11-ին հրաման է տրվել գնալ Հադրութ, որն արդեն գրավված է եղել։ 73-ն էլ զոհվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send