Հուլիսի 21-ի ժամը 11.09-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած Գ. Հ-ն հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը:
Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել է Վ.Հ-ի նեխած դիակը, ով փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որոնվում էր որպես հարազատների հետ կապը կորցրած անձ։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել Վ.Պ-ն, որտեղ վերջինս խոստովանել է, որ 2023թ. ապրիլի վերջ, մայիսի սկզբներին, գտնվելով Վ.Հ-ի տանը, երեկոյան անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինիս քթից սկսել է արյուն հոսել, որից հետո նրան պառկեցրել է բազմոցին և քնել, առավոտյան 6-ի սահմաններում արթնանալով նկատել է, որ Վ.Հ-ն մահացել է և փորձել է նրան տեղավորել ճամփորդական պայուսակի մեջ ու տեղափոխել այլ վայր, սակայն չկարողանալով տեղավորել, Վ․Հ-ի վրան գցել է վերմակ և տնից վերցնելով նրա 2 բջջայինը, տան և բակի դռները բանալիով փակելով ժ.06.30-ին հեռացել է։
Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է քննություն։
