Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Գրեթե 5 ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները գյուղացիների հետ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել Ճոճկան գյուղի վարչական տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ովքեր հայտնել են, որ ընկերներով գնացել են Ճոճկան գյուղի վերևի հանդամաս սինդրիկ հավաքելու ու ընկերներից մեկը կորել է:
Անմիջապես նրանց են միացել փրկարարները, ոստիկանները, ովքեր մի քանի ժամ որոնողական աշխատանքներ կատարելու արդյունքում «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքում հայտնաբերել են որոնվող քաղաքացուն, ով Լոռու մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Թ․-ն է։
Բարեբախտաբար վերջինիս մոտ ամեն ինչ լավ է։