Դանիացի զբոսաշրջիկը կատակել է հյուրանոցներից մեկի սպասուհիների հետ՝ բարձերից և սավաններից դիակների տեսքով կերպարներ պատրաստելով։ Արարքը ներկայացնող տեսանյութը նա տեղադրել է իր TikTok-ում։ Ավելի քան 40 միլիոն դիտում ստացած տեսանյութը գրավել է Daily Star-ի ուշադրությունը։
Նշվում է, որ հյուրանոցի անձնակազմի համար անսովոր անակնկալ է թողել Կոպենհագենից 18-ամյա Գրեգերս Ֆեդերշպիելը։ Կադրերում երևում է, որ նա հյուրանոցից դուրս գալուց առաջ ծալել է անկողնային սպիտակեղենը չարաբաստիկ մարդանման կերպարների տեսքով, այնուհետ հեռախոսի լարը փաթաթել է այն հատվածում, որտեղ ենթադրաբար մարդու պարանոցն է:
«Դրանից հետո բլոգերն ու նրա ընկերը դուրս են եկել սենյակից և անջատել լույսը՝ թողնելով ամեն ինչ այնպես, ասես երկու մահացած տղամարդ պառկած են սավանների տակ»,- նկարագրում է հրապարակումը։
Ֆեդերշպիելի արարքը վրդովմունք է առաջացրել համացանցում։
«Դուք չպետք է նման բան անեիք, դա ամենևին էլ ծիծաղելի չէ: Դուք ուղղակի մեր աշխատանքն եք ավելացնում», «Սա տեսնելով՝ ես լաց կլինեի, ուղղակի անհարգալից է», «Նման դեպքերում անմիջապես ոստիկանություն ենք կանչում, սրա համար կտուգանվեք», «Չե՞ք հասկանում, որ նախ վարչակազմին կհրավիրեն, հետո ոստիկանություն, և արդյունքում հաջորդ հյուրերը կկարողանան ավելի ուշ մտնել այս սենյակ», «Ես աշխատում եմ որպես սպասուհի, և սա իմ ամենամեծ վախն է, հատկապես երբ դուրս գալու ժամը հասել է, իսկ սենյակի բանալին դեռ չեն վերադարձրել»,- գրել են նրանք մեկնաբանություններում։
Մասնավորապես, հյուրանոցներում աշխատող օգտատերերը մարդկանց խնդրել են չկրկնել այս կատակը։ Սակայն ավելի քան 38 հազար բաժանորդներ բլոգերի այս հնարքը ծիծաղելի են համարել։