Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 21-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:
Հանրային հ/ը – Բարի երեկո, այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բարի երեկո, պարոն Փաշինյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Պարոն վարչապետ, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, բայց դրանից հետո Ալիևը հայտարարեց, որ զրո վստահություն կա Հայաստանի նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանն անընդհատ կեղծ տեղեկություններ է տարածում, թե մենք սահմանային լարվածություններ ենք ստեղծում: Նախ՝ ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի այս գործելաոճը և հնարավոր է արդյոք նոր էսկալացիա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի: Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում՝ վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ՝ վստահության պակասը կամ բացակայությունը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում…
Հանրային հ/ը – Դե գոնե Հայաստանը նման դեստրուկտիվ հայտարարություններ չի անում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդիրն այն է, որ կողմերն ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, և մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի և իրագործվի, ինչը նշանակում է՝ առերեսվել բոլոր բարդությունների հետ, և այդ բարդությունները փորձել լուծել և հասցեագրել: Եվ այդ առումով, իհարկե, շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ:
Այսինքն, ըստ էության, մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է, և հետևաբար՝ հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ, դրա նպատակներից մեկն այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, և հետևաբար՝ պետք է ստորագրվի:
Ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ: Ինչ վերաբերում է էսկալացիային, ընդհանրապես պետք է արձանագրենք, որ առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային միության հանրապետությունների սահմաններով: Եվ պիտի արձանագրեմ, որ սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է այլևս երկու երկրներում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրը, որում իմ նշած սկզբունքներն արձանագրված են, ահա, այդ սկզբունքները Ալմա-Աթայի հռչակագրի ձևով դարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։
Կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի կողմնակից են, կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի հակառակորդ են, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում։ Մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար, այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը և նրա իրագործումը։
Հանրային հ/ը – Ստորագրման մասով, տեսեք, տեսակետ կա, որ Ադրբեջանը պատրաստվում էր էսկալացիայի և Հայաստանը դա իմանալով կանխեց՝ համաձայնելով այն երկու չհամաձայնեցված կետերին: Եվ մյուս տեսակետն էլ այն է, որ Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանը կհամաձայնի այդ կետերին և դրանից հետո, անակնկալի գալով, հիմա փորձում է հրաձգության մասին կեղծ լուրերով ուղղակի տորպեդահարել գործընթացը, որպեսզի չստորագրի պայմանագիրը։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը մտադի՞ր է ստորագրել այս պայմանագիրը, թե՞ ամեն ինչ անելու է, նոր մեթոդների է դիմելու, որպեսզի հնարավորինս հետաձգի դա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ ճիշտ չէ, որ ես խոսեմ, թե ինչ կանի Ադրբեջանը կամ ինչ է անում Ադրբեջանն այս համատեքստում, որովհետև ես կարող եմ մեր մոտիվացիաները նկարագրել խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացնելու ուղղությամբ մեր կատարած քայլերի։ Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։
Ընդ որում, պետք է շատ ուշադիր լինել, մենք գործում ենք հոռետեսության միջավայրում։ Այսինքն՝ մենք գործում ենք մի միջավայրում, ընդ որում՝ ես նկատի չունեմ միայն Հայաստանի Հանրապետությունում, երբ շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է: Բայց եթե հիմա հետահայաց նայենք, վերջին երկու տարվա ընթացքում մենք այս իմաստով ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ: Այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է: Եվ երկրորդ գործողությունը՝ մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ: Եվ մեր գործողությունները շարունակելու են ուղղված լինել այդ տեքստը, այդ համաձայնագիրը ստորագրելուն։
Կրկին ուզում եմ ասել հետևյալը, որ եթե մենք հիմա փուլ-փուլ հետահայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Կիրանց – Ոսկեպար հատվածում սահմանազատումից, բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ, և ունեցավ մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը՝ իմ հանձնարարությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակը հանրության տարբեր խմբերի՝ գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ, տուրեր է կազմակերպում դեպի Կիրանց – Ոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն, որն այդպիսի մեծ հոռետեսություն էր առաջացրել, ինչ արդյունքի է բերել։
Հանրային հ/ը – Պարոն վարչապետ, պարզապես այս դեպքում հոռետեսությունը նաև Ձեր թիմակիցների ներսում կա, նրանք ասում են՝ Ադրբեջանն անգամ այդ զիջումներից հետո չի ստորագրելու այս պայմանագիրը: Հիմա ընդդիմախոսներն էլ ասում են՝ ո՞ւմ է պետք, ի՞նչ արժեք ունի այդ թուղթը, եթե անգամ զիջումներից հետո Ադրբեջանը չի ստորագրելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ կներեք, ի՞նչ զիջումների մասին է խոսքը։
Հանրային հ/ը – Ընդդիմության մեկնաբանությամբ՝ երկու կետերը, որոնց մենք համաձայնություն ենք տվել, զիջումներ են: Առաջինը՝ միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելը, որովհետև նշում են, որ Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում է միջազգային ատյաններում: Եվ երկրորդը, գիտեք, համաձայնեցված չէր՝ երրորդ ուժեր չտեղակայելը սահմանին: Հիմա սա համաձայնեցված է, և նշում են՝ Ադրբեջանն այսպես թե այնպես երրորդ ուժեր չէր տեղակայում, իսկ ահա մենք Եվրամիության դիտորդներ ունենք, ու այստեղ հարց է առաջանում՝ սահմանային խորքը ո՞րն է, Եվրամիության դիտորդները կարո՞ղ են կրկին Հայաստանում գործել՝ չլինելով սահմանային դիտարկում իրականացնող ուժ, թե՞ պետք է հեռանան Հայաստանից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ արձանագրենք հետևյալը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ մեզ համար, չկա։ Երկրորդը՝ տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքում Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համենայնդեպս, մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք և դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ և այլն: Երրորդը՝ Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր Կառավարությունը, ես եմ հրավիրել և ես շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար:
Բայց մյուս կողմից պետք է մենք նպատակից գանք՝ ի՞նչ նպատակով ենք Եվրամիության դիտորդներին հրավիրել Հայաստան, տեղակայվելու և աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ որպես կայունության և ինչ-որ առումով խաղաղության միջոց և գործոն: Եվ հիմա ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթն ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Այսինքն՝ մինչև այդ կետը, համենայնդեպս՝ այս հարթության մեջ, որևէ խոչընդոտ չկա, որ Եվրամիության դիտորդներն աշխատեն։
Հանրային հ/ը – Իսկ դրանի՞ց հետո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա կանդրադառնամ։ Եվ նաև եկեք չմոռանանք, ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել՝ որպես խաղաղության և կայունության գործոն։ Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարևոր գործոն է։ Այսինքն՝ մեր նպատակն այն է, որ մեր սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն և կայունություն: Եվ երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ։
Հանրային հ/ը – Նեղություն չտալը հասկացա, որ գնում են, պակաս նեղություն տալը ի՞նչ է ենթադրում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ո՞ւր են գնում։
Հանրային հ/ը – Եվրամիության դիտորդներին նեղություն չտալը ենթադրում է, որ նրանք հեռանո՞ւմ են երկրից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվրամիության դիտորդներին նեղություն չտալը նշանակում է, որ այդ նեղություն տալու անհրաժեշտությունը, ըստ էության, չկա: Եվ երկրորդ՝ նշանակում է, որ Հայաստանն ու Եվրամիությունը կպայմանավորվեն դիտորդական առաքելության հետագա ճակատագրի և գործունեության ձևերի, մեթոդների մասին։
Հանրային հ/ը – Դեռ որոշում չկա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, դեռ որոշում չկա, բայց նաև ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիվանագիտական կամ երրորդ երկրների, կամ երրորդ կողմերի հետ մեր հարաբերությունները մեր ինքնիշխան հարաբերությունների հարցն է, և դրանք երկկողմ մակարդակում կքննարկվեն ու լուծումներ կստանան։
Ինչ վերաբերում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման խնդրին՝ դա վերաբերում է միջպետական հայցերին: Եվ հարցը հետևյալն է՝ այդ հայցերն ինչի՞ համար են: Այդ հայցերը, մեծ հաշվով, խաղաղություն և կայունություն հաստատելու համար են կամ խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու, լուծելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Այսինքն՝ նկատի ունեմ, մենք երբեմն նպատակները և միջոցները խառնում ենք իրար: Այսինքն՝ շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից և նախընտրել միջոցը։
Հանրային հ/ը – Դուք նաև գրառում եք արել, որ պատրաստ եք ստորագրել փաստաթուղթը: Դա մեկնաբանությունների տեղիք է տվել, թե պատրաստ եք միակողմանի ստորագրել փաստաթուղթը, այդպե՞ս է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսա, որ նման մեկնաբանություններ կան և ճիշտն ասած, իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել: Ես չգիտեմ, նույնիսկ դիվանագիտության պատմության մեջ այդպիսի բան եղել է, թե չի եղել: Բայց պետք է ասեմ, որ մեր մտքով նման բան երբեք չէր անցել, որ կարելի է այդպիսի բան անել, և դեռ պետք է ստուգել՝ այդպիսի բան անել հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։
Հանրային հ/ը – Այսինքն՝ Դուք պարզապես Ձեր պատրաստակամության մասին եք հայտնել՝ Հայաստանը պատրաստ է ստորագրել հենց այս պահին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խաղաղության համաձայնագիրն ունի երկու կողմ: Ես նորից եմ ասում՝ այնքան անակնկալ է ինձ համար դա, որ ես հանձնարարել եմ ստուգել՝ ընդհանրապես այդպիսի պրակտիկա մարդկության պատմության մեջ եղել է, թե չի եղել։ Այդ փաստաթուղթն ունի երկու կողմ։ Իմիջիայլոց, նաև շատ է քննարկվում այն հարցը, թե ինչու Հայաստանի Կառավարությունը չի հրապարակում այդ թուղթը և այլն։
Հանրային հ/ը – Ես պատրաստվում էի Ձեզ հարցնել, գոնե ընդդիմադիր պատգամավորները ծանոթանան, որոնք նախկինում ունեցել են այդ հնարավորությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ պարզ պատճառով, որովհետև այդ թուղթն ունի երկու տեր: Տերերից մեկը Հայաստանի Կառավարությունն է, տերերից մյուսը՝ Ադրբեջանի Կառավարությունն է, և այստեղ առնվազն այս հարթությունը կա, և եթե ենթադրենք, որ կան ուժեր, որոնց պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ-որ մի կշիռ ավելացնել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին, ես կարծում եմ, որ կան ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր ծանոթ են տեքստին, բայց նաև հետևյալը կարող եմ ասել, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որի հետ նախկինում մենք բախվել ենք, որ ընդդիմադիր պատգամավորները, ընդ որում՝ ցուցադրելով մեր բաց լինելը, մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ փաստաթղթին, և նրանք կարդալուց հետո դուրս են գալիս ու սկսում ասուլիսներ տալ, հայտարարություններ անել փաստաթղթի էությանը չհամապատասխանող բովանդակության մասին։ Այսինքն՝ այստեղ էլ վստահության հարց կա, կրկնակի, եռակի, քառակի էներգիա ենք ծախսելու՝ ապացուցելու համար, որ կամ ճիշտ չեն հասկացել, կամ ընդհանրապես իրենց կարդացածը չեն փոխանցում։ Ես նկատի ունեմ՝ սա էլ է շատ կարևոր վստահության հարց։
Մենք նախկինում՝ դեռ այն ժամանակ, երբ չէինք հայտարարում, որ այդ նախագծի տակ ես պատրաստ եմ դնել իմ ստորագրությունը, պատկերացրեք, դա աշխատանքային իրավիճակ է, այսինքն՝ այդ փաստաթուղթը, այդ վիճակում մեծ հավանականությամբ երբեք ուժի մեջ չէր մտնելու։ Եվ ահա այդ աշխատանքային վիճակում մենք ցուցաբերել ենք թափանցիկություն այնքանով՝ ինչքանով դա հնարավոր է: Իմանալով ընդդիմության խոսույթը և վերաբերմունքը՝ մենք տրամադրել ենք, հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի այդ փաստաթղթին ծանոթանան, և դրանից հետո արվում են հայտարարություններ, որոնք բացարձակապես կապ չունեն իրականության և Կառավարության մտադրությունների հետ, և տեղի է ունենում վստահության խաթարում։ Այսինքն՝ ինչի համար մենք ստեղծենք իրավիճակ, երբ այն ուժերը, որոնց հիմնական խնդիրը խաղաղության գործընթացը և նրա էությունն աղավաղելն է, դա անելու ևս մեկ հնարավորություն ստանան։
Հանրային հ/ը – Չե՞ք քննարկում արդյոք Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք ինչ, Ադրբեջանի հետ այնքան հարց կա քննարկելու, որ չեմ կարծում, թե ճիշտ է այդ փաստաթուղթը հանրայնացնելուց սկսել: Իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց ստորագրեցինք, այն կհանրայնացվի, և պատկերացրեք ինչ աստիճանի մտավախություն չունենք այդ առումով, որ մենք պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել և հրապարակել։
Այսինքն՝ մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը՝ ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, նորից եմ ասում, երկու կողմ ունի և ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն: Ես նկատի ունեմ, որ մեր իրականության մեջ նախորդող շրջանում անընդհատ առաջնորդվել ենք հաղթանակ՝ պարտություն, դիվանագիտական հաղթանակ՝ դիվանագիտական պարտություն, հաղթանակ՝ կապիտուլյացիա: Ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստն այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերն իրենք սին են, որովհետև եթե հիմա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բանակցություններն ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համարել են, որ դա իրենց ձեռնտու փաստաթուղթ է, այսինքն՝ իրենք համաձայնեցրել են խաղաղության հենասյուները և արձանագրել, որ այդ հենասյուների շուրջ խաղաղություն հաստատելուն համաձայն են։