Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 132 կմ հատվածում՝ Ջաջուռի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, 2 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում ծառայում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզում մեծ հեղինակություն վայելող, ազնվագույն, թասիբով գյումրեցիներից, Գյումրիի բնակիչ 49-ամյա Արա Խաչատրյանն է։
SHAMSHYAN.com-ը ցավակցում է Ա․ Խաչատրյանի ընտանիքի անդամներին։

