Այսօր`մարտի 5-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, վարչապետ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, «ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանների ասպետ, արձակագիր, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-րդ տարեդարձն է: Նա ծնվել է 1959թ. Արարատի մարզի Արարատ գյուղում։
iPress.am-ը Վազգեն Սարգսյանի անձնական, ռազմական և քաղաքական գործունեությունների մասին զրուցել է Սարգսյանի ամենամտերիմ ընկերներից մեկի՝ Հուսիկ Բաղդասարյանի հետ, ով բացի Մասիսի ջոկատի կազմում լինելուց, եղել է նաև ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հրամանատար: Մեր զրուցակիցը պատմում է, որ Սպարապետի հետ ծանոթ է 1989թ-ից, երբ Արարատում արդեն ջոկատներ էին ստեղծվել՝ Երասխում իրավիճակն անհանգիտ էր: «Վազգենն այդ ժամանակ արդեն համակարգում էր Արարատի զինված ջոկատները: Մասիսի ջոկատի հետ միասին երբ գնում էինք Երասխ, ծանոթացա նրա հետ ու մտերիմ հարաբերություններ ստեղծվեցին: Հետագայում, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, խնդիր դրվեց, որ բոլոր ջոկատները պետք է համախմբվեն: Շատերը փորձեցին այդ համակարգման բեռն իրենց վրա վերցնել, սակայն ինչ-որ բան չէր ստացվում և Վազգենի մեծությունը հենց նրանում էր կայանում, որ նա կարողացավ համակարգել բանակը: Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում ցանկացած կամավորական շարժում չղեկավարվելու դեպքում չարիք է դարձել, այդ իսկ պատճառով ջոկատների գլխին պետք է միշտ հզոր մարդ կանգնի և խելացի համակարգող ունենա: Իսկ Վազգենը թույլ չտվեց, որ ջոկատները դառնային չարիք հայության համար: Ստացվե՞ց իր մոտ, այո շատ լավ ստացվեց և, կարելի է ասել, միայն իր մոտ ստացվեց»:
Պարո՛ն Բաղդասարյան, Վազգեն Սարգսյանին ճանաչելը, առավել ևս սիրելը հե՞շտ է:
-Երբ Վազգենի հետ շփումդ անկեղծ էր, դու չէիր կարողանում չսիրահարվել նրան, չէիր կարող երախտագիտությաբ, սիրով ու հարգանքով չլցվել նրա հանդեպ, հնարավոր չէր: Նրանք, ովքեր վատաբանում ու ամեն կերպ վարկաբեկում են Վազգենին, երբեք չեն ճանաչել ու առավել ևս չեն շփվել նրա հետ: Մեր բոլոր հաղթանակներում, բանակաշինության գործում անսահման մեծ է Վազգենի դերը:
Իսկ ո՞վ էր Վազգեն Սարգսյանը զինվորների, սպաների, ազատամարտիկների համար, շատերը վստահեցնում են, որ Սարգսյանը հավաքական կերպար է, դո՞ւք ինչ կասեք:
-Այո,՛ նա իրականում հավաքական կերպար էր: Իր մեջ ամփոփված էր, գրողը, լավ մարդը, հայրենիքն անչափ սիրողը, պետությունն առաջնահերթություն համարողը, քաղաքական գործիչը, նրա մեջ ամեն ինչ կար մեծ չափաբաժնով: Հենց այդ հավաքական կերպարն էր, որ կարճ ժամանակահատվածում ստեղծեց այն, ինչն ունենք և հարևան պետություններն էլ չունեցան դա, քանի որ չունեին Վազգեն: Վազգենի մեծության շնորհիվ էր, որ մեր ազատամարտիկները խորը գիտակցությամբ պայքարում էին հայրենիքի պաշտպանության համար, բոլորի համար Վազգենն օրինակ էր: Կամավորական շարժման մեջ ներխուժած այն օտար էլեմենտները, որոնք եկել էին բոլորովին այլ նպատակներով, նաև Վազգենի շնորհիվ էր, որ դուրս մղվեցին:
Պարո՛ն Բաղդասարյան, եթե Վազգեն Սարգսյանը չլիներ ՀՀ Պաշտպանության առաջին նախարարը, այլ մեկ ուրիշը, այդ դեպքում ևս մեր բանակի հիմքը կդրվե՞ր այնպես, ինչպես դրել է Սպարապետը:
-Այդ հարցի պատասխանը կա: Բանակի հիմքը դրել է Վազգենը, անգամ նրա պաշտոնավարումից հետ, երբ Վազգեն Մանուկյանն էր ՀՀ Պաշտպանության նախարար, ոչ ոք լուրջ չէր ընդունում նրան, նույնիսկ դրանից հետո, երբ Սերժ Սարգսյանն էր Պնախարար, միևնույնն է՝ ամեն ինչ Վազգենն էր համակարգում, նա էր գնում սահման, նա էր զինվորի կողքին: Բոլորի Համար էլ Վազգենն էր մնացել բանակի ղեկավար: Եթե Սերժ Սարգսյանը մեկ-երկու օր էր գնում Քարվաճառ, ապա Վազգենն ամեն ամիս էր այնտեղ, ու մնացել է միչև Քարվաճառի ազատագրման վերջին օրը:
Դուք երկար տարիներ Վազգեն Սարգսյանի կողքին եք եղել և լավ կիմանաք, ինչպե՞ս էր նա վերաբերում այն ամենին, ինչն առնչվում էր բանակին՝ զինվորի հագուստը, ուտելիքը, սպաները, զինվորի կորստը, ազատամարտիկներ…
-Որոնք որ նշեցիք, Վազգենի համար սրբություն էին, մի զինվորի մահն իր համար մեծ կորուստ էր: Ամեն զինվորի մահվան համար, գոնե ինձ մոտ, նա արտասվում էր, նա չափազանց զգայուն մարդ էր ու յուրաքանչյուր կորուստ շատ ծանր էր տանում: Բայց այլ ելք չկար, խնդիր էր դրված որ պատերազմը պետք է հաղթեինք, զոհեր էլ պետք է լինեին, բայց իր կազմակերպվածության շնորհիվ մենք բավականին քիչ զոհ ենք ունեցել: Նույնիսկ Ադրբեջանի հետ եթե համեմատենք, 1:3-1:5 հարաբերակցությաբ քիչ զոհեր ենք ունեցել:
Շատերը պնդում են, որ պատերազմի մարտիկները չպետք է մուտք գործեն քաղաքական դաշտ, դա իրո՞ք այդպես է, Սարգսյանի կառավարումը կարո՞ղ է օրինակ ծառայել:
-Ամենամեծ սխալն է այն, որ երբևէ մեր քաղաքական մտքում ասվել է դա: Խնդիրը տես ինչումն է, մեր տարածաշրջանի օրինակը եթե բերենք, կտեսնենք, որ բոլոր հաջողված վարչապետները պատերազմում հաղթած գեներալներն են: Այն տենդենցը կա, որ պատերազմում հաղթած սպաներն այնուհետև դառնում են շատ լավ պետական այրեր, այդ տենդենցը կլիներ նաև Հայաստանում, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը..: Որովհետև Վազգենը պատերազմում հաղթած գեներալներին բոլորովին այլ կողմ էր տանում, նրանք կլինեին հաջողված քաղաքական գործիչներ..: Այո, բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը, շատերը սա են շփոթում, բայց հաղթած գեներալները, նախկին զինվորականները քաղաքականության մեջ լավ ղեկավարներ են լինում:
ԱՍԱԼԱ-ի մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը, ով ևս եղել է Սպարապետի ամենամտերիմներից մեկը, նաև տեղակալն էր, ինձ հետ զրույցում նշում է, որ Սարգսյանը չպետք է մտներ քաղաքականություն, և որ հենց այդ քայլը նրան կործանեց..
-Հոկտեմբերի 27-ը, այնուամենայնիվ լինելու էր..: Ոչ թե պարտադիր էր, այլ Վազգենը պարտադրված էր մտնել քաղաքական դաշտ, նա նկատում էր, որ երկիրը չի գնում այն ուղղությամբ, ինչն ինքն էր պատկերացնում, և նա այլ ելք չուներ, պետք է մտներ քաղաքականություն: Այսինքն գնում էր այն ուղղությամբ, ինչպես, որ հիմա է գնում և ինչպես, որ սկսեց գնալ հոկտեմբերի 27-ից հետո:
Վերադառնանք Ձեր և Վազգեն Սարգսյանի մտերմական կապին, գիտեմ, որ նույնիսկ Ձեր տղայի անունը, ի պատիվ Սպարապետի, կոչել եք Վազգեն, նախապատմությունը կներկայացնե՞ք:
-Իրականում ես չեմ դրել, իմ մայրն է դրել, քանի որ շատ էր սիրում ու հարգում Վազգենին: Ես Հայաստանում չէի, երբ ծնվեց Վազգենս, բայց նախնական մենք արդեն գիտեինք, որ տղա է ծնվելու ու թե մորս առաջարկով, թե իմ ցանկությամբ որոշեցինք Վազգեն անունը տալ որդուս:
Պարոն Բաղդասարյան, հետաքրքիր պատմություն կա Հայոց բանակի խորհրդանշական օրվա հռչակման մասին և նշվում է, որ հենց Ձեր ծննդյան սեղանի շուրջ՝ հունվարի 28-ին, Սպարապետը որոշել է նույն օրը նշանակել բանակի ստեղծման օր, քանի որ Ձեր դերը բանակաշինության գործում շատ մեծ է:
-Իրականում մի փոքր չափազանցված է (ժպտում է. խմբ), 1992թ հունվարի 28-ին ստորագրվել է առաջին 3 գնդերի ստեղծման հրամանը, այսինքն բանակի հիմքի հրամանը, և հունվարի 28-ը դրա համար է նշանակվել բանակի օր: Բայց իմ ծննդյան օրը քննարկում էր գնում, թե բանակի օրը երբ պետք է լինի, հատուկ գունդն ուզում էր, որ սեպտեմբերի 1-ին նշենք, մյուս գունդը պնդում էր, որ պետք է Շուշիի ազատագրման օրը նշենք, այսպես քննարկում էինք և, քանի որ այդ օրն էլ իմ ծնուննդն էինք նշում, Վազգենը հանկարծ ոտքի կանգնեց ու ասաց, ի դեպ նա կատակներ շատ էր անում.«Քանի որ այսօր Հուսիկի ծննդյան օրն ենք նշում, ուրեմն այս օրը կնշանակենք բանակի ստեղծման օր՝ ի պատիվ Հուսիկի», բայց սա կատակով ու սիրով է ասել, քանի որ արդեն որոշված էր՝ հունվարի 28-ն է բանակի օրը: Վազգենի այդ հայտարաությունից որոշ ժամանակ անց արդեն պաշտոնապես հունվարի 28-ը նշվեց, որպես բանակի հիմնադրման օր, քանի որ այդ օրն իր հրամանով ստեղծվել էին կանոնավոր բանակի առաջին զորամասերը:
Հարցազրույցը՝ Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆի