Medicine > Սեքսուալ անհաջողության սպասման նևրոզ

Սեքսուալ անհաջողության սպասման նևրոզ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սեքսուալ անհաջողությունները կամ սեքսուալ անհաջողության սպասումը իսկական աղետ են դառնում ինտիմ կյանքում: Եղել են նաեւ այնպիսի դեպքեր, երբ այդ երեւույթը ընտանիքներ է քանդել, իսկ անհատի մոտ խորը հոգեբանական խնդիրներ առաջացրել:

Մենք սեքսուալ անհաջողության սպասման նեւրոզի պատճառների եւ հետեւանքների մասին զրուցել ենք սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ղեկավար Սեւադա Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, ի՞նչ է իրենից ներկայացնում սեքսուալ անհաջողության վախը, եւ ո՞ր սեռի ներկայացուցիչների մոտ է այն առավել հաճախ արձանագրվում:

Ըստ էության, այս իրավիճակը ավելի հաճախ դիտվում է տղամարդկանց մոտ: Սա մի պաթոլոգիկ վիճակ է, երբ անհատի մոտ առկա է նեւրոտիկ վիճակ, երբ նա սպասում է սեռական հարաբերությունների ժամանակ սեքսուալ խնդիրների առաջացման: Այսպիսի անհատները կարծում են, որ բավականաչափ լավ էրեկցիա չեն ունենա եւ չեն կարող իրականացնել սեռական ակտը: Սա այնքան խոր արմատներ կարող է ունենալ մարդու մոտ, որ նույնիսկ սեռական հարաբերություններից հրաժարվելու պատճառ կարող է հանդիսանալ: Այս խնդիրը դիտվում է տարբեր տարիքային խմբերի մոտ:

Առավել հաճախ այն հանդիպում է երիտասարդների մոտ, հատկապես նախաամուսնական շրջանում: Ամուսնության եւ աղջկա կուսության հետ կապված նրանց սխալ պատկերացումները առաջին սեռական հարաբերությունների մասին սխալ տեղեկությունների պատճառ են հանդիսանում հատկապես սեռական փորձ չունեցող երիտասարդների մոտ՝ դառնալով սեքսուալ անհաջողության սպասման նեւրոզի պատճառ:

Սպասման այդ նեւրոտիկ վիճակը արդեն սեռական հարաբերությունների ժամանակ հաճախ առաջացնում է ուժեղ քրտնարտադրություն, սրտխփոց, լարված էմոցիոնալ վիճակ, անհանգստություն, տագնապ, անգամ էրեկցիան լինում է ոչ բավարար եւ արտահայտվում է սեռական թուլություն:

Այն պարագայում, երբ զուընկերուհին կամ կինը որոշակի գիտելիքներ եւ հմտություններ չեն ունենում, նրանց մոտ բացասական ռեակցիա է առաջանում, նրանք կարծում են, որ տղամարդու մոտ կա սեռական խնդիր եւ նա տառապում է իմպոտենցիայից:

Ինչպիսի՞ք են այդ երեւույթի հետեւանքները: Որո՞նք են լուծման եղանակները:

Սա առաջացնում է լարված հոգեբանական վիճակ, խուսափում ինտիմ մերձեցումից: Այդ խնդիրը նաեւ դրսեւորվում է տարեց եւ միջին տարիքի մարդկանց մոտ, որոնց մոտ առկա է անձի ընդհանուր հոգեբանական ներշնչողականություն, լաբիլություն: Այսպիսի մարդկանց մոտ այս կամ այն սեռական խնդիրը կարող է սեռական անհաջողության սպասման պատճառ հանդիսանալ:

Իր հերթին այդ սպասումը հանգեցնում է իրական սեռական խնդիրների: Եթե անհատը մենակ է մնում իր խնդիրների հետ, պարփակվում է այդ խնդրի մեջ, չի կիսվում զուգընկերուհու հետ եւ չի դիմում համապատասխան մասնագետների, ապա այդ խնդիրը կարող է խորանալ եւ էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ հանդիսանալ: Վաղ դիմելիության դեպքում հոգեթերապիայի եւ դեղորայքային թերապիայի միջոցով հնարավոր է դառնում լուծել այս խնդիրը, եւ հնարավոր է լինում վերականգնել անհատի սեռական վիճակը:

Արդյո՞ք սեքսուալ անհաջողության սպասման նեւրոզը հանդիպում է նաեւ կանանց մոտ:

Բանն այն է, որ բնականոն սեռական կյանքի համար պատասխանատվությունը ավելի շատ ստանձնում է տղամարդը, ուստի եւ նա ավելի խոցելի է դառնում ցանկացած ազդակների նկատմամբ: Այդ իսկ պատճառով, անհաջողության սպասման նեւրոզը շատ ավելի հաճախ դիտվում է տղամարդկանց, քան կանանց մոտ: Իհարկե, այսպիսի նեւրոտիկ վիճակները հանդիպում են նաեւ կանանց մոտ, սակայն նրանց պատճառները բոլորովին այլ են:

Աղբյուրը`NEWS.am STYLE

-.-