Իրավական > «Տես դրա քամակը ոնց եմ ճղտոտելու». երիտասարդը մեքենան այրելու համար մեկին սպանել, մյուսին դաժան ծեծի է ենթարկել

«Տես դրա քամակը ոնց եմ ճղտոտելու». երիտասարդը մեքենան այրելու համար մեկին սպանել, մյուսին դաժան ծեծի է ենթարկել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

1in.am– գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գրիգոր Մաթևոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 25-ամյա Գրիգոր Մաթևոսյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

2016 թվականի մարտի 18-ին Գրիգոր Մաթևոսյանը տեղեկանալով, որ իր «BMW» մեքենան փորձել են վառել, կասկածել է Բերդ քաղաքի բնակիչներ Գագիկ Ճ.-ին ու Վրեժ Մ.-ին: Կասկածները պարզելու նպատակով հիշյալ երիտասարդներին նա առաջարկել է հանդիպել Տավուշ ջրամբարի մոտ

Այնուհետև նա Դավիթ Բ.-ի հետ վերջինիս մեքենայով գնացել է տուն, դանակ է վերցրել, ի վերջո՝ հասել է պայմանավորված վայր՝ ջրամբարի մոտ:

Ժամը 22-ն անց 30-ի սահմաններում ջրամբարի հարակից տարածքում վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ Գրիգոր Մաթևոսյանը, ըստ դատական ակտի, իր ձեռքի դանակով հետևի կողմից հարվածել է Վրեժ Մ.-ին՝ Մանասին, վերջինս ստացել է ծանր վնասվածք: Այնուհետև Գրիգոր Մաթևոսյանը, ըստ դատական ակտի, դանակով հարվածներ է հասցրել նաև Գագիկ Ճ.-ի կրծքավանդակի ձախ կողմի առաջնային ու հետին մակերեսներին, ինչի հետևանքով Գագիկ Ճ.-ն տեղում մահացել է:

Գրիգոր Մաթևոսյանը դատական երկու ատյաններում էլ իրեն մեղավոր չի ճանաչել:

Առաջին ատյանի դատարանում նա հայտնել է, որ դեպքի օրը մեքենայով դուրս է եկել՝ բենզին լցնելու: Ճանապարհին մեքենան փչացել է: Այդ կողմով անցնող ընկերոջ՝ Դավիթի հետ գնացել են ծանոթի տուն՝ սուրճ խմելու: Իրեն զանգել ու ասել են, թե իր մեքենան վառվում է:

Անմիջապես գնացել է մեքենայի մոտ: Սկզբում մտածել է, թե սխալ միացումից է մեքենան վառվել, բայց հետո մեքենայի մոտ պլաստմասսայից շիշ են գտել՝ բենզինոտ: Մտածել է, որ մեքենան ինչ-որ մեկը միտումնավոր է վառել: Գնացել է մոտակա բենզալցակայան, հետաքրքրվել է, թե ով է շշով բենզին առել: Նույնիսկ տեսախցիկի նկարահանածն են նայել: Պարզ չի երևացել, բայց ինքը «մոտավորապես կասկածել է», որ Գագոն ու Մանասն են եղել:

Գնացել է ծանոթներից մեկի տուն՝ մտածելով, որ Գագոն ու Մանասն այնտեղ կլինեն: Նրանք, իրոք, այնտեղ էին:

Ինքը հարցրել է Մանասին՝ բենզինն առել են, որ իր մեքենան վառե՞ն: Մանասը չի ժխտել, որ շշով բենզին են առել, բայց ասել է, թե մեքենա վառելու համար չէին բենզին առել: Ինքն ասել է, թե օտար մարդու տանը պետք չի խոսեն, ավելի լավ է գնան՝ լճի մոտ խոսեն:

Ինքը դուրս է եկել այդ տանից, զանգել է Մհերիկին, քանի որ նա Գագոյի մանկության ընկերն էր, Գագոն նրան լսում էր: Մտածել է՝ Գագոն ու Մանասը ալկոհոլ են օգտագործել, իսկ ինքը վերջերս է նշանվել, բացի այդ՝ դատարանի որոշմամբ այլ գործով փորձաշրջանի մեջ էր, չէր ուզում նոր փորձանքի մեջ ընկնել: Մտածել է՝ Մհերիկը կխոսի Գագոյի հետ, ինքը՝ Մանասի հետ: Եթե պարզվեր, որ նրանք էին մեքենան վառել, հարցը պիտի փակեին-պրծնեին, «չոփը գերան չէին սարքելու»:

Ինքը լճի մոտ է կանչել միայն Մհերիկին ու Տիգրանին: Վերջինիս կանչել է, որովհետև նա «Վիլիս» ունի, իր մեքենան նրա մեքենայի օգնությամբ պիտի տեղափոխեր իրենց բակ:

Ինքը սկզբում ցանկացել է Գագոյի հետ խոսել, բայց Մհերիկն է նրա հետ խոսել, հարցրել է՝ դո՞ւք եք Գոքորի մեքենան վառել: Մանասն ասել է, թե բենզինն առել են անտառից փայտ բերելու-կտրելու, ոչ թե մեքենա վառելու համար: Կռիվ է սկսվել, ինքը գոռոց է լսել, թե Գագոն չի շնչում: Հետո լսել է Մանասի ձայնը՝ ի՞նձ խի խփին: Վազել ու ջուր է բերել: Մանասն իր հորեղբոր տղան է: Ինքը մոտիկ էր և՛ Մանասի, և՛ Գագոյի հետ: Վերջինիս հետ 2009 թվին գաղութում նույն խցում է եղել: Լճի մոտ շատ մարդ կար հավաքված: Չի հասկացվել՝ ով է խփել: Ասում էին՝ ո՞վ խփեց, ո՞վ խփեց:

Հետո ինքը գնացել է իր մեքենայի մոտ, այնտեղ են եկել ոստիկաններն ու իրեն տարել են բաժին:

Ինքը հարցրել է՝ ինչո՞ւ են իրեն կանչել: Ասել են՝ ինչի՞ ես սպանել տղաներին: Ինքը զարմացել է: Իրեն վախեցրել, ծեծել են: Եթե ինքը նպատակ ունենար այդ տղաներին վնասելու՝ միամիտ չի, կարող էր «հերթով-հերթով բոլորի հարցերը լուծել, վկաներ էլ չէր հավաքի…»:

Գրիգոր Մաթևոսյանը պնդել է, որ ինքը դանակով ոչ մեկին չի հարվածել, դեպքի պահին իր մոտ դանակ չի եղել: Ոստիկանությունում իրեն ծեծել են, որ «վիզ առնի» կամ մարդկանց անուններ տա՝ ասի, թե ով է խփել: Իրեն ինչ հայհոյանք տվել են, նույնը պատասխանել է: Վկաները վախենում են, որ կդատվեն, իրեն «շառով են տալիս», ինքը հանցագործություն չի կատարել, չգիտի, թե ով է կատարել:

Դատարանը եկել է եզրակացության, որ ամբաստանյալի ցուցմունքն արժանահավատ չէ:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Գագիկի մայրը, նշել է, թե դեպքից երեք-չորս օր հետո եղբոր հետ գնացել է հիվանդանոց՝ Վրեժին՝ Մանասին, տեսնելու: Նրա գիտակցությունը տեղն էր, նա իր ու եղբոր ներկայությամբ ասել է, թե իրեն ու Գագոյին Գրիգորն է դանակահարել: Հետո է Վրեժը ցուցմունքները փոխել:

Տուժողի իրավահաջորդը նշել է նաև, թե դեպքից մեկ ամիս առաջ լճի մոտ Մհերը, Գրիգորն ու իր տղան հանդիպել են՝ փողի վերաբերյալ պարզաբանում անելու:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ «Գրիգոր Մաթևոսյանը շատ հմուտ դանակահարող է, այդքան մարդուն էլ հավաքել էր, որ կարողանա ջրից չոր դուրս գալ»:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է , որ բոլոր մեղավորները՝ ովքեր մատով անգամ դիպել են իր որդուն, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, իսկ Գրիգոր Մաթևոսյանը դատապարտվի ցմահ ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է քաղհայցի պահանջ՝ 2 միլիոն 300 հազար դրամի չափով:

Գործով տուժող Վրեժ Մաթևոսյանը՝ Մանասը, նախաքննության սկզբում ասել է, թե Գրիգոր Մաթևոսյանն է իրեն ու Գագիկին դանակահարել, այնուհետև նա փոխել է ցուցմունքները: Պնդել է, որ դեպքի օրը բենզին գնել են անտառից փայտ բերելու ու կտրելու համար: Գրիգորի մեքենան վառելու հետ ոչ մի կապ չեն ունեցել: Տուժող Վրեժ Մաթևոսյանն ասել է, թե իր մեջ մինչև հիմա տպավորված են դեպքի վայրում լսած բառերը. «Մեռավ, արա, ջուր բերեք, Գագո, Գագո…»:

Երբ ինքը հետևից ծակոց է զգացել, ընկել և ուշագնաց է եղել, ոչինչ չի հիշում…

Դատարանն արժանահավատ է համարել տուժողի նախաքննական ցուցմունքները, որտեղ նա նշել էր, թե հարված ստանալուց հետո շրջվել ու տեսել է Գրիգորին՝ դանակը ձեռքին… Տեսել է նաև, որ Գրիգորը դանակը ձեռքին վազել է դեպի Գագիկն ու դանակով հարվածել է նրան, Գագիկն ընկել է: Այդ պահին ինքն էլ է ընկել՝ լսելով՝ արա, մեռան…

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է համարել Գրիգոր Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը:

Դատարանը հաշվի է առել, որ դեպքից առաջ՝ 2015 թվականի հունիսի 19-ի դատավճռով Գրիգոր Մաթևոսյանը մեկ այլ գործով մեղավոր էր ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել էր 2 տարի փորձաշրջան:

Մեղսագրված արարքների՝ սպանության ու ծանր մարմնական վնասվածք հասցնելու պահին Գրիգոր Մաթևոսյանը եղել է փորձաշրջանի մեջ: Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Գրիգոր Մաթևոսյանի կողմից:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Գրիգոր Մաթևոսյանի մոտ որոշակի խանգարումներ ի հայտ են բերվել, բայց նա ճանաչվել է մեղսունակ, դեպքի պահին նա չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Գրիգոր Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով և դատապարտվել է 17 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ՝ չկրած պատժի 1 տարին, վերջնական պատիժ է սահմանվել 18 տարի ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մարտի 20-ից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության, նրան իրավունք է վերապահվել քաղհայցի պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել դատավարության բոլոր կողմերը՝ ամբաստանյալի շահերի պաշտպանը, մեղադրող դատախազը, տուժողի իրավահաջորդը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել էր բեկանել դատավճիռը, Գրիգոր Մաթևոսյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Մեղադրող դատախազն ու տուժողի իրավահաջորդը պահանջել էին պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատիժը խստացնելու առումով: Տուժողի իրավահաջորդը պահանջել էր սահմանել 25 տարի ազատազրկում:

Տուժող Վրեժ (Մանաս) Մ.-ն վերաքննիչ դատարանում հայտնել է, թե կողմ է ամբաստանյալի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքին: Նա պնդել է, թե Գրիգոր Մաթևոսյանն իրեն ու Գագիկ Ճ.-ին չի դանակահարել…

Վերաքննիչ դատարանը հաստատված է գնահատել, որ Գրիգոր Մաթևոսյանը տուժողների հետ հանդիպման գնալիս իրենց տանից վերցրել է մեծ դանակ ու ճանապարհին ընկերոջը՝ Դավիթին ասել է. «Տես դրա քամակը ոնց եմ ճղտոտելու»:

Գագիկ Ճ.-ն ու Վրեժ Մ.-ն, պատճառաբանելով, թե իրենց մեքենայի անվադողը ծակվել է, չեն ցանկացել գնալ ջրամբարի մոտ, բայց Գրիգորը նրանց հետևից ուղարկել է իր ընկեր Դավիթին, ով մեքենայով տուժողներին տարել է դեպքի վայր:

Հավաքվածների ներկայությամբ վերջիններս ընդունել են, որ պոլիէթիլենային շշով բենզին են գնել, բայց դրանով հաջորդ օրը գնալու էին անտառից բենզասղոցով ծառ կտրելու: Հանդիպման ժամանակ Գրիգորն առանձնացել է Վրեժի հետ, իսկ նրա ընկեր Մհերը՝ Գագիկի հետ՝ «փորձելով իրենց ագրեսիվությամբ ու ճնշումով նրանց խոստովանեցնել»:

Ըստ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտի՝ վկաների մեծ մասը հայտնել է, թե դեպքի վայրում դանակ տեսել է միայն Գրիգորի ձեռքին…

Ըստ դատական ակտի՝ իր հետ կանգնած Վրեժին դանակահարելուց հետո Գրիգորը, ասելով՝ «Դե տես՝ դանակով խփելը որն ա», հարձակվել ու դանակահարել է իրենից 2-3 մետր հեռավորության վրա գտնվող Գագիկ Ճ.-ին:շ

Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված է համարել, որ Գրիգոր Մաթևոսյանը իրեն պատկանող մեքենան հրկիզելու հանգամանքի շուրջ Տավուշի ջրամբարին հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Վրեժ Մ.-ին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս, հետո սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Ճ.-ի կրծքավանդակի ձախ կողմի առաջնային ու հետին մակերեսներին ու նրան մահ է պատճառել, այսինքն՝ վերաքննիչ դատարանը հաստատված է գնահատել, որ Գրիգոր Մաթևոսյանը մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով:

-.-