ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Վայքում երեխան չծնված՝ մահացել է

Վայքում երեխան չծնված՝ մահացել է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հոկտեմբերի 31-ին Վայքի ծննդատանը հղի կինը չի հասցրել ծննդաբերել, երեխան չծնված՝ մահացել է: Ծննդկանը Վայոց Ձորի գյուղերից մեկի բնակիչ է, որի կյանքը, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նրա հայրը՝ Արմենակ Մելքոնյանն ասաց, «մազից են փրկել»: Հայրը պատմում է, որ դուստրը առողջ հղիություն է տարել, որեւէ խնդիր մինչեւ ծննդաբերելու օրը չի ունեցել:

Ուշագրավ է, որ չծնված երեխայի դեպքը գրանցվել է այն բժշկի մոտ, որը հանրությանը հայտնի է «բուրդ չփխելու» պատմությունով: Երբ, ըստ մամուլի հրապարկումների, ծննդաբերության համար Վայքի ծննդատուն տեղափոխված Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի կնոջ հարազատներին բժշկուհի Մետաքսյա Հովհաննիսյանը հորդորում է մի քիչ էլ սպասել, մինչեւ իր բուրդը չփխի ու գա ծնունդն ընդունելու: «Աղջիկս՝ Հասմիկ Մելքոնյանը, մանկավարժ է, գրագետ աղջիկ է եւ մինչեւ վերջին օրն էլ նորմալ զգացել է երեխայի խաղը, որեւէ խնդիր չի ունեցել, բայց չգիտես ինչու, ծննդաբերության օրը երեխան մահացել է»,-ասում է Արմենակ Մելքոնյանը՝ նկարագրելով այն ընթացքը, մինչեւ որ Հասմիկը հոկտեմբերի 31-ին հայտնվել է Վայքի ծննդատանը:

Նրա խոսքով՝ «Սկեսուրը, սկեսրայրը, ամուսինը ողջ հղիության ընթացքում, իդեալական հոգ են տարել նրա համար, ոչ մի խնդիր չի ունեցել: Սեպտեմբերի 25-ին կանչել են հետազոտման, դրանից հետո պարբերաբար 5-10 օրը մեկ կանչել են՝ որպես ծննդաբերության ժամկետ նշելով հոկտեմբերի 20-ը: Բժիշկը Մետաքսյա Հովհաննիսյանն էր: Սեպտեմբերի 25-ից հետո  պարտադիր տարել են հետազոտման ոչ մի էխո, ոչ մի անալիզ չեն կատարել, քանի որ աղջիկս ոչ մի գանգատ չի ունեցել, իրեն շատ լավ է զգացել: Ամսի 20-ին, երբ գնացել է, որ ծննդաբերի, տուն են ուղարկել՝ ասելով կգաս ամսի 25-ին, ամսի 25-ին են տարել, նորից հետ են ուղարկել՝ գնա ամսի 30-ին կգաս, որ ծննդաբերես:

Բայց այդ ընթացքում էլ ոչ մի հետազոտություն կամ բուժում չեն արել: Այդ ժամանակ էլ աղջիկս եւ երեխան նորմալ են եղել, նա զգացել է երեխայի խաղը, այսինքն՝ եթե պտուղը մահացած լիներ, այդքան ժամանակ նա անպայման կզգար»: Հոկտեմբերի 30-ին առավոտյան, երբ, Արմենակ Մելքոնյանի ներկայացմամբ, աղջիկը ցավեր է ունեցել, սկեսուրն ու սկեսրայրը անմիջապես տեղափոխել են հիվանդանոց եւ նա գտնվել է բժիշկների հսկողության տակ.

«Բժիշկը ասում է՝ առաջին երեխան է հիստերիա կարող է անել, հանգստացնող արեք՝ լուսադեմին նոր երեխան կունենա: Առավոտյան աղջիկս ասում է, որ լավ չի զգում, բժիշկներն ասում են, ոչինչ չկա, բայց որոշ ժամանակ անց աղջիկս սկսում է բղավել, որ փորը քարացել է, երեխայի խաղը չի զգում: Աղջիկս հասկանալով որ ինչ է կատարվում, սկսում է բղավել՝ փրկեք իմ երեխային: Բժիշկները սկսում են հանգստացնել, թե հաճախ է պատահում, որ երեխան փորի մեջ մահանում է, առանց վատ զգալու, մեզ էլ ասում են՝ հնարավոր է որ աղջիկն էլ մահանա»: Արմենակ մելքոնյանի պատմելով, պահանջում է շտապօգնություն կանչել եւ աղջկան շտապ տեղափոխել Երեւան. «Ինչ էլ որ անում էին, տեւում էր կես ժամից 40 րոպե:

Գալիս է շտապօգնության վարորդը, բենզին չկա, ասում է՝ ոնց ենք անելու, ասում եմ՝ ես ինչ-որ պետք է կանեմ, քանի որ ժամանակ չկար, աղջիկս էլ հասկանալով ինչ է կատարվել, ուղղակի ողբում էր: Հասկանում էինք, որ սպասելու ժամանակ չունենք, պետք է արագ հասցնենք Երեւան, հակառակ դեպքում նա էլ գոյություն չէր կարող ունենալ»: Հայրն ասում է, որ տեղափոխելու ժամանակ աղջկա փաստաթղթերը, որոնք հղիության պատմությունն են, չեն տվել՝ պատճառաբանելով, թե կորցրել են.

«40 րոպե էլ այդտեղ ենք հետաձգում աղջկաս տեղափոխումը: Հունից դուրս եմ եկել, բղավելով բժշկուհուն եմ  ուղղորդել դեպի շտապօգնության մեքենա, որպեսզի ինքը նույնպես գա Երեւան, ասի՝ ինչեր է՝ արել: Զանգում եմ Երեւանի իմ ընկերներին, որոնք արագ կազմակերպում են, մեզ տրամադրում են երկրորդ շտապօգնության մեքենան: Նոր միայն կարողանում ենք աղջկաս տեղափոխել:

Բերում ենք Երեւան, «Էրեբունի» հիվանդանոցում բժիշկները մեզ ասում են, որ երեխան մահացել է բժշկի հսկողության տակ գտնվելու ժամանակ: Երեխան մահացել է հոկտեմբերի 31-ին, քանի որ 30-ին աղջիկս իրեն լավ է զգացել, երեխայի խաղը նորմալ եղել է, բժիշկներն էլ լսել են սրտի զարկերը, ամեն ինչ կարգին է եղել, նշանակում է դրանից հետո է մահացել, 31-ին»:


Մանրամասն `սկզբնաղբյուրում

-.-