ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Երկու անգամ էլ հայուհու հետ է ամուսնացել. հնդիկ սրտաբանը սիրահարված է հայերին և Հայաստանին

Երկու անգամ էլ հայուհու հետ է ամուսնացել. հնդիկ սրտաբանը սիրահարված է հայերին և Հայաստանին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արու Տամբայի մասին իմացա տաքսու վարորդից։ Գործընկերոջս հետ հեռախոսազրույցից կռահեց, որ լրագրող եմ, շտապեց հիացմունքով պատմել, թե ինչպես հնդիկ սրտաբանը հետազոտեց իր հորը՝ ամբողջ ընթացքում խոսելով մաքուր հայերեն։ Քանի որ առաջին տեղում հիվանդներն են, իսկ լրագրողները թող սպասեն, մոտ երկու շաբաթ մասնագիտական հետապնդումից հետո ի վերջո հաջողվեց հարցազրույց անցկացնել «Արմենիա» բժշկական կենտրոնի սրտաբան Արու Տամբայի հետ։ Հայտնում է Armeniasputnik.am-ը:

Հնդիկների մի մասը բուսակեր է․նրանց մանկուց սովորեցնում են, որ չի կարելի ցավ պատճառել, դրա համար շատերը մսից հրաժարվում են։ Իսկ եթե ուտում են, ապա` ոչ կովի միս։ Արու Տամբան կյանքում առաջին անգամ կովի միս կերավ Հայաստանում։ Անկեղծանում է՝ դա շատ ցավոտ էր իր համար, բայց և փորձում էր հարմարվել նոր կյանքին։

«Դրա համար էլ գործընկերներիս կատակով ասում եմ՝ ես հնդիկ չեմ, ես փչացած հնդիկ եմ»։

Արուն Հայաստան եկավ 2000թ․-ին, զարմիկի հետ։ Ընկերոջից իմացել էր՝ լավ տեղ է, բժշկական կրթություն ստանալն էլ անհամեմատ ավելի մատչելի է, քան Հնդկաստանում։ Այնտեղ եթե անվճար չես ընդունվել, ուրեմն մոտ 30-40 հազար ԱՄՆ դոլար պիտի վճարես միայն նրա համար, որ քեզ համալսարան ընդունեն, հետո էլ յուրաքանչյուր տարի մոտ 2000 դոլար էլ վճարես որպես ուսման վարձ։ Արուն խոստովանում է՝ մինչ այդ չգիտեր, թե Հայաստանը որտեղ է՝ չնայած ծնվել է Մադրասում, որտեղ հայերի մասին գիտեն․հայկական փողոց կա, եկեղեցի ու կամուրջ, որը հայերն են կառուցել։

Երևանի Պետական բժշկական համալսարանը փոխեց Արուի կյանքն ու ապագան` բոլոր առումներով։ Սիրահարվեց համակուրսեցուն ու սկսեց Հայաստանը ճանաչել նրա աչքերով։

«Համալսարանն ավարտելուց հետո շատ դժվար ընտրության առաջ կանգնեցի։ Իմ բոլոր հնդիկ ընկերները հետ էին գնում Հնդկաստան։ Մի կողմից այնտեղ իմ տունն էր, բայց այստեղ էլ իմ սերն էր»,–պատմում է նա։

Արուն որոշեց մնալ․իր խոսքով այդ պահին ժամանակավոր լուծումն օրդինատուրա ընդունվելն էր։ Այստեղ էլ սկսեց հայերեն սովորել, մինչ այդ ոչ մի բառ չգիտեր, բայց հասկացավ՝ որքան էլ ռուսերեն լավ է խոսում, բայց հիվանդները սիրում են, որ իրենց հետ իրենց լեզվով ես խոսում։ Հայերենի հարցում շատ էր օգնում ապագա կինը․

«Ես գիտեի, որ նա սրտի խնդիր ունի, բայց դա կապ չուներ՝ մենք սիրում էինք իրար»։

Արուի ընտանիքը սկզբում կողմ չէր, ասում էին՝ հնդկական ավանդույթները պահել է պետք։ Բայց 2009թ․-ին նրանք ամուսնացան։

«Դե ինչպես ավանդույթն է՝ ծնողներին հարցրեցի՝ կտա՞ք ձեր աղջկան։ Ասացին՝  դու գիտես․2 դեպքում էլ կհասկանանք։ Ենթադրում եմ՝ նկատի ունեին կնոջս հիվանդությունը։ Այն ժամանակ անգամ վստահ էինք, որ մենք երեխա էլ չենք կարող ունենալ, բայց դա ինձ իմ սիրուց հետ չպահեց»,– պատմում է Արուն։

Շարունակությունը` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

-.-