ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Փաշինյանը գոհ է ՊԵԿ-ի 1,5 տարվա աշխատանքից

Փաշինյանը գոհ է ՊԵԿ-ի 1,5 տարվա աշխատանքից

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարված է վերջին 1.5 տարվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքով: Այս մասին նա ասաց այսօր ՊԵԿ-ի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ընթացքում: Փաշինյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ն իր առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, բայց միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: 

«ՊԵԿ-ի և այս ոլորտում մեր ռազմավարական մեծագույն խնդիրն է փոխել քաղաքացու վերաբերմունքն իր վճարած հարկերի նկատմամբ, իր հարկային պարտավորությունների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը՝ կարևոր համարելով, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն արձանագրեն՝ այն գումարը, որ նրանք ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց՝ մեր երկրում ենթակառուցվածքներ, ծառայություններ, կրթություն ունենալու համար

«Թե ինչպիսի հաճույքով են վճարում հարկերը քաղաքացիները, կապված է նաև նրա հետ, թե ինչպես են ծախսվում այդ գումարները, արդյո՞ք քաղաքացիները տեսնում են, որ այդ գումարների ծախսումը կոնկրետ բան է փոխում իրենց կյանքում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ այս գործում հաջողելու համար ՊԵԿ-ի աշխատողները, հարկային, մաքսային ծառայողները պետք է փոխեն վերաբերմունքն իրենց աշխատանքի նկատմամբ:

Նա չափազանց կարևոր է համարել մաքսային և հարկային ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարը՝ անհրաժեշտ համարելով նաև  այդ ոլորտներում աշխատավարձի շարունակական բարձրացումները

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 19–ին, աշխատանքային այցով հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում է: Մինչ Պետական եկամուտների կոմիտեի` Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին մասնակցելը նա այցելեց նոր կառուցվող ավտոմաքսատան շինհրապարակ, հետևեց ընթացող աշխատանքներին:

 

-.-