ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Առանց զեկուցման ու քննարկման. Վայոց Ձորի մարզպետն ազատվեց պաշտոնից

Առանց զեկուցման ու քննարկման. Վայոց Ձորի մարզպետն ազատվեց պաշտոնից

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կառավարությունը հաստատեց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի պաշտոնանկության որոշումը, որն արդեն կայացրել էր ՀՀ վարչապետը։

Մարզպետի պաշտոնանկության որոծումն ընդունվեց այսօր, կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, և այդ մասին հայտնել էր Sputnik Արմենիային։

Մարզպետի լիազորությունները վայր դնելու մտադրության մասին Սարգսյանը հայտնել էր դեռ սեպտեմբերի 24-ին, Facebook–ի իր էջում։

«Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները։ Ինչպես հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- գրել էր նա։

Հիշեցնենք` Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։

Գործի շրջանակներում մարզպետի օգնականն ու նրա եղբայրը կալանավորվել են։

 

Facebook Comments
-.-