ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Հայկուհի Խաչատրյանի քույրը պատմում է երեխայի դիակը տեսնելու մասին

Հայկուհի Խաչատրյանի քույրը պատմում է երեխայի դիակը տեսնելու մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը գրանցված նորածի մահվան դեպքը շարունակում է առեղծվածային մնալ: Նորածնի մորը՝ 33-ամյա Հայկուհի Խաչատրյանին և ամուսնուն մինչ օրս երեխայի դին ցույց չեն տվել, ինչն էլ ստիպում է նրանց կասկածել, որ իրենց երեխան ողջ  է և անհետացել է անհասկանալի հանգամանքներում: Հանրապետական ծննդատունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում մասնավորապես նշվում է, որ պտղի դին հարազատներից տեսել է ծննդկանի քույրիկը:

«Հայկուհի Խաչատրյանի քույրը՝ Հերմինե Մկրտչյանը, hraparak.am-ի հետ զրույցում, զարմանք և վրդովմունք արտահայտելով, վստահեցրեց, որ իրեն ոչ թե երեխայի դին,այլ ընկերքն են ցույց տվել: «Ես ոչ մի դի չեմ տեսել, ցավալի է, որ այդկերպ են ստում: Երբ բժշկուհին եկավ ու ասաց,թե զարմանում է՝ ինչպես է եղել, որ պտուղը մեծ է, իսկ ընկերքը այդքան փոքր, ես ասացի, որ այդ դեպքում անհրաժեշտ է ընկերքը նույնպես փորձաքննության ուղարկել, քանի որ իրենք ասել էին,թե պտուղն արդեն ուղարկել են փորձաքննության: Ասաց, թե սառնարանում է, պահել են, որ չնեխի, կուղարկեն: Ինձ էլ, որպես ապացույց, տարավ տեսնելու: Սառնարանի դուռը բացեց, ցույց տվեց շատ փոքր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ փոքր զանգված կար: Հիմա դա դարձավ, որ ես մարմինն եմ տեսե՞լ: Խոսքը ընկերքի մասին է: Ես իմ քույրիկի թշնամի՞ն եմ, որ դին տեսնեմ, ու թողնեմ՝ նա տառապի՝ մտածելով, որ իր երեխան ողջ է, հո ցնորվա՞ծ չենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում) հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային և դատագենետիկական փորձաքննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին և ՀՀ առողջապահության նախարարությանը, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին:

Նախաքննությունը շարունակվում է»,-գրում է «Հրապարակը»:

-.-