Medicine > Վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել համբույրի միջոցով

Վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել համբույրի միջոցով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Շատերին է հայտնի, որ համբույրի ժամանակ տեղի է ունենում վնասակար բակտերիաների փոխանակություն, ինչը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, սակայն մասնագետները նշում են, որ համբույրը կարող է շատ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ, քանի որ առողջության համար խիստ վտանգավոր վարակները նույնպես կարող են փոխանցվել համբույրի միջոցով:

Նման վտանգավոր հիվանդություններից մեկը կարող է լինել հերպեսը, որի վիրուսը հաճախ է փոխանցվում համբույրի միջոցով:

Հասարակ մրսածության դեպքում շուրթին ի հայտ եկող բշտիկները կարող են ախտահարել նաև բերանի լորձաթաղանթը, իսկ որոշ դեպքերում նաև սեռական օրգանները: Վարակաբանների խոսքով՝ հիվանդությունը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել և առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկին, քանի որ անգամ անվնաս թվացող մրսածությունը կարող է հանգեցնել մահվան:

Մյուս վտանգավոր վիրուսը, որը կարող է փոխանցվել համբույրի միջոցով, ինֆեկցիոն մոնոնուկլեոզն է, որի ախտանշանները շատ նման են նշիկաբորբի ախտանշաններին: Հիվանդությունը, որպես կանոն դրսևորվում է ավշային հանգույցների մեծացմամբ, տենդով ու նշագեղձերի բորբոքմամբ, ուստի այն հաճախ են շփոթում նշիկաբորբի հետ, մինչդեռ իրականում այս ախտանշաններն ի հայտ են գալիս նաև Էպշտեյն-Բարրի վիրուսի դեպքում:

Մարդու արյան մեջ հայտնվելով՝ վիրուսն ընդմիշտ մնում է օրգանիզմում և ինքնազգացողության ամենաչնչին վատթարացման դեպքում անգամ դրսևորվում սրացումներով: Ընդ որում՝ վիրուսից հնարավորի չէ ազատվել անգամ ժամանակին բժշկին դիմելու և բուժում անցնելու դեպքում:

Սակայն համբույրի միջոցով փոխանցվող հիվանդություններից ամենավտանգավորը, թերևս, ցիտոմեգալովիրուսային վարակն է, որը փոխանցվում է թքի միջոցով: Ամերիկացի գիտնականները պնդում են, որ այս վիրուսը կա մոլորակի բնակչության ավելի քան 40%-ի օրգանիզմում: Այն առավել վտանգավոր է նորածինների, հղիների և իմունային անբավարարությամբ տառապողների համար:

Հիվանդության ախտանշանները նման են հասարակ մրսածության ախտանշաններին, սակայն իրականում խնդիրը շատ ավելի լուրջ է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս վիրուսն ախտահարում ու քայքայում է արյունատար անոթների բջիջները՝ հանգեցնելով տարատեսակ վտանգավոր հիվանդությունների, այդ թվում նաև աթերոսկլերոզի և զարկերակային գերճնշման  զարգացման: Ընդ որում, այս վիրուսի դեմ որևէ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի:

Վերոնշյալ հիվանդություններից բացի համբույրը կարող է դառնալ նաև գաստրիտի, կարիեսի, մենինգիտի և մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

-.-