ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ > Գազի գինը Հայաստանի համար կարող է աճել 40 դոլարով

Գազի գինը Հայաստանի համար կարող է աճել 40 դոլարով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն օրերս տեղեկացրել էր, որ քննարկվում է մի տարբերակ, համաձայն որի՝ թուրքմենական գազը կարող է փոխանակման սխեմայով Հայաստան բերվել։

«Թուրքմենիան կարող է Մազանդարանի նահանգին գազ տալ, մեր հատվածում մենք կարող ենք իրանական գազ ստանալ, փոխանակում կատարել»,- ասել էր նա:

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է հավանական այս տարբերակի իրագործումը։

«Իրականում դրա փորձը մենք նախկինում ունեցել ենք։ Մասնավորապես, 2000-ականների սկզբին մենք ներկրում էինք թուրքմենական գազ, և դրա դիմաց հասանելիք վճարի մոտ 50 տոկոսն ապահովում էինք տեքստիլ արտադրանքով։ Այնուհետև 2016-17 թվականներին ևս այս մոդելը փորձեցին դնել շրջանառության մեջ, անգամ պաշտոնական այց եղավ Աշխաբադ, որտեղ հիմնական օրակարգային հարցը հենց թուրքմենական գազի ներկրումն էր»,- ասաց նա։

Թե ինչո՞ւ այն ժամանակ դա կյանքի չկոչվեց, ըստ մասնագետի, առկա էր երկու խնդիր։ Առաջինը, դա Թուրքմենաստանի և Իրանի միջև առկա էներգետիկ խնդիրներն էին։

«Երկրորդը, որն ամենակարևորն էր, դա ռուսական գործոնն էր։ Անկախ նրանից, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեր Հայաստանը Թուրքմենստանի կամ Իրանի հետ, միևնույն է, այդ գործոնը պետք է հաշվի առնվեր։ Իսկ գործոնը առանցքային է, անկախ բնական գազի ծագումից, միևնույն է, ենթակառուցվածքը, որով պետք է այդ բնական գազը մուտք գործի ՀՀ, նստեցված է Գազպրոմ Արմենիա ընկերության հաշվեկշռին։ Բացի դա, գազը, որը պետք է ներկրվի Հայաստան, դրա բաշխումը և տարածումը ևս պետք է իրականացվի Գազպրոմ Արմնենիա օպերատորի կողմից։ Ուստի, ռուսական գործոնը չափազանց կարևոր էր»,- ասաց նա։

Վահե Դավթյանի խոսքով՝ այս պահի դրությամբ առկա են մի շարք խոչընդոտներ՝ կապված թե Թուրքմենստանից գազի ներկրման, թե իրանական գազի ծավալների ավելացման մասով։ Առաջին և ամենաառանցքային խնդիրն, ըստ մասնագետի, այն է, որ Հայաստանում բնական գազի շուկան վերջին մի քանի տարիներին հետզհետե բացասական դինամիկա է որդեգրել։

«Եթե 2016 թվականին մենք ներկրել ենք 2.2 մլրդ խմ գազ, խոսքը և իրանական, և ռուսական գազի մասին է, ապա 2017-2018 թվականներին ներկրման ծավալները նվազել են մոտ 200 մլն խմ-ով։ Դատելով ընթացիկ ցուցանիշներից՝ հավանաբար նմանատիպ պատկեր ունենալու ենք նաև 2019 թվականին։ Այսինքն՝ Հայաստանում չկա գազի լրացուցիչ ծավալների անհրաժեշտություն։ Իսկ ինչ վերաբերում է ռուսական գազն իրանական գազով կամ երրորդ ծագում ունեցող գազով փոխարինելուն, այստեղ առկա են շատ լուրջ խնդիրներ, որոնք իրականում մեզ տանում են 2013 թվականի հայտնի գազային պայմանագիր։ Բացի նրանից, որ 300 մլն դոլար պարտքը մարելու համար ՀայՌուսգազարդ ընկերության 20 տոկոս բաժնետոմսերը փոխանցվեցին Գազպրոմին, այդ պայմանագրում առկա է մի դրույթ, համաձայն որի՝ Հայաստանը որոշակի ծավալային պարտավորություններ է կրում Գազպորմի նկատմամբ, մինչև 2048 թվականն են գործում այդ պայմանագրերը։ Այսինքն՝ երբ մենք խոսում ենք էներգետիկ համակարգի կտրուկ փոփոխությունների մասին, նախ և առաջ պետք է խոսենք այդ պայմանագրի էությունից ու սահմանափակումներից»,- ասաց նա։

Հարցին, թե հնարավո՞ր չէ նոր իրողություններում փոփոխության ենթարկել այդ պայմանագրերը, Վահե Դավթյանը պատասխանեց՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բացարձակ խախտված է, առկա են գործընթացներ, որոնք վկայում են երկու երկրների հարաբերություններում առկա լուրջ խնդիրների մասին, այս պահին նման քայլեր անելը սխալ է, որովհետև սա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել»։

«Սա այն խնդիրն է, որը հեղափոխություն չի սիրում, հեղափոխությունն այստեղ կարող է նույնիսկ վնասել։ Կոնսերվատիվ մոտեցումներն այստեղ առավել քան ողջունելի են»,- ասաց նա։

Ըստ Վահե Դավթյանի՝ չնայած դեռ չկա պաշտոնական որոշում, թե ռուսական գազի ինչ գին է սահմանվելու Հայաստանի համար 2020 թվականին, բայց կա տեղեկություն, որ «Գազպրոմ» ընկերության կողմից առաջարկվել է սահմանին 1000 խմ համար 200-205 դոլար գինը։

«Մոսկովյան աղբյուրներից նման տեղեկություն ունեմ։ Այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ գազի գինը կարող է աճել մոտավորապես 40 դոլարով։ Սա նշանակում է, որ մենք գազի գինը պետք է ընկալենք որպես միջպետական հարաբերությունների և աշխարհքաղաքական նշանակության շատ կարևոր ինդիկատոր, որը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը հերթական անգամ պատրաստվում է Հայաստանի նկատմամբ գնային քաղաքականությունը կիրառել որպես աշխարհքաղաքական գործիք»,- նշեց նա։

Ըստ մասնագետի՝ եթե երկիրը չունի հստակ մեխանիզմներ ու գործիքներ, որոնք թույլ կտան անկախ էներգետիկ քաղաքականություն իրականացնել, հենց այնպես հռետորաբանություն բանեցնելը կարող է բերել անվտանգային խնդիրների։

«Եթե մենք ուզում ենք առաջիկայում ավելացնել բնական գազի սպառումը, եկեք նախ և առաջ օրակարգ բերենք էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգի մշակումը։ Մենք առ այսօր դա չենք արել։ Եկեք փորձենք հասկանալ, թե կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում մենք ի վերջո ինչպիսի էներգետիկ հաշվեկշիռ ենք ուզում։ Դրա պատասխաններն այսօր իշխանությունը չունի։ Այդ պատասխանները չունեին նաև նախկին իշխանությունները։ Հիմա այս հայեցակարգային սնանկության պայմաններում հենց այնպես խոսել այն մասին, որ եկեք հրաժարվենք ռուսական գազից և սկսենք իրանական գազ ներկրել, սա հղի է շատ լուրջ հետևանքներով։ Երկրի ներսում այլևս չկա հնարավորություն սահմանին գազի գնի բարձրացման պարագայում ներքին սակագինը պահպանել այն մակարդակին, որը կա։ Առանց այն էլ դա բավական բարձր է»,- ասաց նա։

Բացի դա, ըստ մասնագետի, կարևոր է այն, որ Իրանն առ այսօր ՀՀ-ին չի առաջարկել գազի գին, որը հնարավոր է համեմատել ռուսական գազի գնի հետ։ «Հայաստանը ձգտում է ավելի էժան գազ ձեռք բերել, քան 165 դոլարն է, իսկ Իրանը ունի իր կողքին բավական մեծ շուկա։ Դա թուրքական շուկան է, Թուրքիան իրանական բնական գազը գնում է 220-230 դոլարով։ Իրանը բավական պրագմատիկ խաղացող է և պետք չէ կարծել, որ պատրաստ է հրաժարվել այն  ֆինանսական դիվիդենտներից, որոնք կարող է ունենալ՝ այդ նույն ծավալները թուրքական շուկայում վաճառելով»,- ասաց մասնագետը։

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-