ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > Վիտալի Բալասանյանը, հնարավոր է, չառաջադրվի որպես նախագահի թեկնածու

Վիտալի Բալասանյանը, հնարավոր է, չառաջադրվի որպես նախագահի թեկնածու

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

168.am-ը գրում է.

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանն ընդունում է, որ պասիվացել է վերջին շրջանում,  վստահեցնում է՝ վարկանիշի անկում չի եղել, իր լռության տակ  որևէ նախազգուշացում կամ պայմանավորվածություն  չկա: Փոխարենը՝ ակտիվացել է Արցախի ներքաղաքական  լարվածությունը, և առաջադրվող թեկնածուներով  պայմանավորված՝ ներքին պառակտումներ են արդեն նկատվում Արցախում: Այս կարծիքին է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրման  ցանկություն հայտնած Արցախի հերոսը, իսկ իր լռության գործոնն այսպես է բացատրում.

«Մի պահ հիշենք՝ քանի՞ անձ է հայտարարել իր հնարավոր առաջադրման մասին ՝ 4-5 թեկնածու, և այդ բոլոր մարդկանց ուղղություններով մարդիկ լարվում են միմյանց դեմ: Այս ամենին գումարվել է նաև անցած տարի հունիսից ներքաղաքական պրոցեսները, լարվածությունը  փոխանցվեց նաև Արցախ: Տեսեք, թե ինչ է կատարվում սոցցանցերում, հանրային տրամադրություներում… Եվ դեռ ընտրություններին կա երկար ժամանակ: Հենց այս ներսի լարումներից խուսափելու համար եմ առժամանակ լռում, որպեսզի մերոնք-ձերոնք բաժանումից խուսափենք»:

Անդրադառնալով Արցախի Արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Մասիս Մայիլյանի հնարավոր առաջադրման մասին հայտարարությանը, ողջունեց գործընկերոջ որոշումը, սակայն  մրցակցության մասով չցանկացավ մեկնաբանություն անել: Ի վերջո, որևէ թեկնածու չի կարող վստահաբար մրցակից համարվել, քանի դեռ քաղաքական որևէ ուժի որոշում չկա, կուսակցական համագումարներն ուշանում են:

Անդրադառնալով Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան հանդիպմանը, նա ընդգծեց, որ Սամվել Բաբայանին չի դիտարկում՝ որպես քաղաքական միավոր.

«Չէի ցանկանա մեկնաբանել ինչ-որ  ինքնակոչ անհատի արտահայտություններ, որն ըստ էության անձ է, որպես քաղաքական միավոր՝ նույնիսկ գրանցված էլ չէ, թող խոսեն նրանք, ովքեր ներկայանում են՝ որպես քաղաքական ուժ»:

Մենք թույլ չենք տա՝ արյունահեղություն լինի

Ինչ վերաբերում է ի սկզբանե միմյանց թիրախավորած այս երկու թեկնածուների նախընտրական «սակարկումներին», ապա Վիտալի Բալասանյանը կոշտ գնահատական տվեց:

Հիշեցնենք, օգոստոսի 3-ին մամուլում ինֆորմացիոն արտահոսք եղավ Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան հանդիպման մասին, և հայտնի լուսանկարի հրապարակումից հետո, ըստ կուլիսային խոսակցությունների,  կողմերն իրենց համակիրներին  տարբեր կերպ են պատճառաբանել հանդիպման փաստը: Խոսվում է, որ  Արայիկ Հարությունյանն ասել է, թե այդ հանդիպումներով  հնարավոր արյունահեղություն է  կանխել,  Սամվել Բաբայանն էլ իր հերթին՝ հրապարակայնորեն արդարացրեց քայլը՝ ասելով, որ մի հինգ հանդիպում է ունեցել.

«Պետք է բանակցեինք, որովհետև Արայիկ Հարությունյանը խորհրդարանում մեծամասնություն ունի, ստորագրահավաքից հետո փաստաթղթերն ուղարկվելու են պառլամենտ, իրենց դիրքորոշումը ես պիտի հասկանայի։ Այսքան բան»:

«Նախ եկեք հասկանանք՝ այդ ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը, այդ ո՞վ պիտի արյունահեղություն սկսի, և մենք պիտի թույլ տանք, որ ինչ-որ մեկն Արցախի ներսում արյունահեղություն սկսի՞… աբսուրդ է սա: Ժամանակ առ ժամանակ տարբեր խողովակներից մենք էլ ենք լսում կանխված  արյունահեղության, ինչ-որ ընդվզումների մասին, և այլն… ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ անիմաստ խոսակցություններ են շրջանառում:

Մեզ առհասարակ հայտնի չեն ընդվզումների կամ, ինչպես ասում եք, արյունահեղության  տվյալներ: Մենք դա երբեք թույլ չենք տա, ընդհուպ, եթե հոգեկան շեղում ունեցող մեկը պիտի ինքնախեղում անի, կամ կամրջից նետվի, դա իշխանության պարտականությունն է, իշխանությունը  պիտի կանխի դեպքերը: Անհատն ո՞վ է, որ արնահեղություն կանխի, կամ նա կանխելու  ի՞նչ լծակ պիտի ունենա, չեմ հասկանում…

Միգուցե երկու հոգի վիճում են, և տվյալ անձին  հանկարծ բախտ վիճակվի հաշտեցնել՝ կանխել դանակահարության արյունալի դեպք: Բայց Ձեր ընդգծած վարկածը բոլորովին այլ բան է հուշում. ի՞նչ է նշանակում՝ քաղաքական գործիչը կանխի արնահեղություն:

Նրանք, ովքեր կխախտեն հասարակական կարգը, իշխանությունն ունի ողջ լծակներն ու իրավունքները համարժեք ուժի կիրառմամբ կանխելու ցանկացած տիպի ոչ իրավաչափ գործողություն, և կգործի համարժեք»,- ասաց Վ. Բալասանյանը:

Ի դեպ, կարծիք կա, որ այս  հանդիպումներից էականորեն տուժել է երկու թեկնածուների վարկանիշը,  Արայիկ Հարությունյանինը՝ ավելի շատ:

Ի՞նչ հետևություն է անում  այս ամենից  երրորդ մրցակից Վիտալի Բալասանյանը, և որքանո՞վ է այս հանդիպումների գործոնն ազդել իր վարկանիշի վրա։ Պատասխան չունի, ասում է՝ դեռ ժամանակ կա, նոր զարգացումներ են սպասվում:

Ի դեպ, Վիտալի Բալասանյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց։ Նա  չի բացառում, որ ինքն այդպես էլ չառաջադրվի՝ որպես նախագահի թեկնածու, իր փոխարեն՝ նույն «Արդարություն» կուսակցությունը՝ իբրև քաղաքական հենարան, իրականում  ծառայի մեկ այլ թեկնածուի: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Արցախի ներկայիս իշխանությունը, ի վերջո, իր թեկնածուն ունի և  խաղաքարտերը մտադիր է վերջին փուլում բացել։

Մանրամասները`սկզբնաղբյուրում:

 

 

Facebook Comments
-.-