ՀՐԱՏԱՊ > Խոշոր հարկատուները 64 միլիարդով ավել գումար են բյուջե վճարել. Փաշինյանը գրառում է արել

Խոշոր հարկատուները 64 միլիարդով ավել գումար են բյուջե վճարել. Փաշինյանը գրառում է արել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2019-թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1000 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե վճարած հարկերը և արձանագրել, որ այս տարի հարկերի ընդհանուր թիվն ավելացել է։

«Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկ վճարող ընկերությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե ավել են վճարել 14.3 տոկոսով կամ 64 միլիարդ դրամով ավել գումար».- նշել է վարչապետը:

Ըստ նրա` 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Վարչապետի հրապարակած տվյալների համաձայն` «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ վճարել է 2.8 մլրդ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ, «Նատալի Ֆարմը» ` 0.7 մլրդ, «Սպայկան»` 1.4 մլրդ, «Սաս-Գրուպը»` 0.9 մլրդ, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ, «Գազպրոմ Արմենիան»` 2.1 մլրդ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»`1.3 մլրդ դրամով:

Հիշեցնենք` Կառավարության ղեկավարը հուլիսի 29-ի մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ 2019թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով:

 

-.-