ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Լոռու մարզպետը բացահայտում է Վանաձորի նախկին քաղաքապետի արածները

Լոռու մարզպետը բացահայտում է Վանաձորի նախկին քաղաքապետի արածները

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ հերթական բացահայտումն է կատարել։

Նա Facebook-ում հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին` Էռնեստ Գևորգյանին։

«Էռնեստ Գևորգյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու` Տիգրան Պապանյանի փեսան է: Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում որպես քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են): Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը ետ եք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. Կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով»,– գրել է մարզպետ Ղուկասյանը` հրապարակելով նաև համապատասխան որոշման փաստաթուղթը:

Մարզպետը նաև խոստանում է նմանատիպ բոլոր փաստերը հերթով ներկայացնել լոռեցիների դատին, ապա նաև համապատասխան մարմիններին:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նաև հայտնում է, որ վեր հանված փաստերով արդեն իսկ հարուցված են քրեական գործեր:

«Վերջին հարցումներիս արդյունքները իմի բերելով` պատրաստվում եմ նոր փաթեթ ուղարկել դատախազություն: Իմ կարծիքով տվյալ պաշտոնյայի (Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյան) պաշտոնավարման 18 տարիների ընթացքում ընդունած որոշումները պետք է մանրամասն քննության առնել»,– նշում է մարզպետը։ 

Օրեր առաջ Անդրեյ Ղուկասյանը մեկ այլ որոշում էր հրապարակել, որով 2005թ.–ին Վանաձորի մանկապարտեզի շենքը 12.5 մլն դրամով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Հանրապետական կուսակցության նախագահի դիմումի հիման վրա ուղղակի վաճառքի ձևով օտարել էր Հանրապետական կուսակցությանը:

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։