Video > Մի՛ «սպանեք» մեր հերոսներին, նրանք մեզ՝ սահմանի վրա ապրողներիս են պետք

Մի՛ «սպանեք» մեր հերոսներին, նրանք մեզ՝ սահմանի վրա ապրողներիս են պետք

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Արցախի հերոսի կոչումը կրող մեր ազգի նվիրյալ զավակների, մասնավորապես, Սամվել Կարապետյանի անվան շուրջ, վաղուց դուրս է զուտ իրավական գործընթաց համարվելու տիրույթից։ Հասցեական, նպատակադրված ու սիստեմատիկաբար իրականացվող արժեքների վարկաբեկման մի բարդ պրոցես է գործարկվել, որը, ցավոք, դեռ պարզ չէ՝ ինչ հետևանքների կբերի մեր հասարակությանը։

Այս օրերին մեդիագրոհ է սկսվել մի մարդու դեմ, և այդ գրոհի նպատակը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի անցած հերոսական ճանապարհը սևացնելը, նրա հայրենանվեր կերպարը աղավաղելն է մի հասարակության աչքերում, որն անձամբ է հերոս անունը նրան շնորհել։

Այո՛, հենց հասարակությունը, ավելի շուտ՝ ժողովուրդը, իսկ եթե կոնկրետ՝ Արցախի ժողովուրդն է Կարապետյանին Հերոսի կոչում տվել դեռ Արցախյան ազատամարտի օրերին, որովհետև Կարապետյանի անցած մարտական ուղին հիրավի հերոսական ու անբիծ է՝ հայրենասիրության ու նվիրումի, անձնուրացության ու մաքառումի փայլուն մի օրինակ։ Կարապետյանին պաշտոնապես Արցախի հերոսի կոչումն ընդամենը 2000 թվականին է շնորհվել, այնինչ՝ նա արդեն վաղուց հերոս էր իր ժողովրդի համար, իր զինվորի համար, քանզի հրամանատարը, որը ոչ թե զորքին է առաջ տանում, այլ առաջնորդում է զորքը՝ հերոս է՝ իր ամենաիսկական դրսևորմամբ։

Հիմա շատերն են սիրում լեգենդներ հյուսել իրենց անցած մարտական ուղու, վարած մարտերի ու կերտած հաղթանակների մասին։ Ու հորինելով իրենց կենսագրության հերոսական էջերը, այդպիսինները հաստատ Կարապետյանի նման տղաների կենսագրություններից են դրվագներ գողանում, որովհետև ամեն մարդ չէ, որ կարող է տաս մետրի վրա մենամարտի մեջ մտնել հակառակորդի զինված հրոսակախմբի հետ, ապա վիրավորվել, ու ճակատագրի հեգնանքով՝ այդ ամենը հետո դիտել մարտը պատահաբար տեսանկարահանած օպերատորի ժապավենի վրա։

Որովհետև ամեն մեկին չէ բախտ վիճակված պատերազմի ժամանակ վախկոտ դասալիքի փոխարեն մահապարտ զինվոր լինելը, կամ հետպատերազմյան տարիների ընթացքում տասնամյակներ շարունակ բանակի առաջնագիծը կառուցելը՝ դիրք առ դիրք, հենակետ առ հենակետ․․․ Իսկ այսօր նման մարդու հանդեպ մի նողկալի գործընթաց է մեկնարկել, որն օրենքի բոլոր կետերով պետք է մնար զուտ իրավական հարթակում, այնինչ՝ այն վերածվել է անձնական վրեժխնդրության, մարդու պատվի ու արժանապատվության վարկաբեկման, մարդու ապրած կյանքի ու անցած ճանապարհի փոշիացման էժան ու անհեթեթ մի դավադրության։

«Իմ Արցախ» հասարակական կազմակերպության անունից կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն Սամվել Կարապետյանի անվան հետ խաղալ, մի պահ հետ նայել՝ հեռավոր 90-ականներին իրենց հիշել, որտեղ էին իրենք, և որտեղ էր նա։ Եթե անգամ Արցախի հերոս, գեներալ- մայոր Սամվել Կարապետյանը մարտի 1-ի գործով որևէ առնչություն ունի, ինչն, իմ խորին համոզմամբ, ոչ մի աղերս չունի մամուլում շրջանառվող տխրահռչակ հոդվածի վերնագրի հետ, միևնույնն է, Սամվել Կարապետյան ազատամարտիկը, ապա՝ զինվորն ու հրամանատարը չեն կարող դադարել Հերոս լինել, քանզի հաղթանակներն առանց հերոսների չեն լինում, հաղթանակները կերտվում են, ու դրանք կերտողներն են, որ օրինակ են դառնում հետագա սերունդների համար։

Մի քանի անգամ թշնամու գնդակի հետ պայքարում մահվանը հաղթած հերոսին այսօր իրավունք չունենք «սպանել» հերյուրանքով, չապացուցված մեղադրանքներով, նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող ձևակերպումներով։ Մի՛ «սպանեք» մեր հերոսներին, նրանք մեզ՝ սահմանի վրա ապրողներիս են պետք, և դժվար թե դա հասկանան նրանք, ովքեր չգիտեն՝ ինչ է սահմանը, հակառակորդը և մարտական ոգին, որը մարմնավորողներից մեկն էլ հենց Արցախի հերոս, գեներալ մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանն է։

«Իմ Արցախ» հ/կ նախագահ՝ Դավիթ Սարգսյան

Facebook Comments
-.-